կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-10 01:22
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Հայաստանի ամենաուժեղ հավաքականներից մեկը` ըմբշամարտի հավաքականը, Գերմանիայի Դորտմունդից վերադարձավ 4 մեդալով:

Առաջնությունը մեկնարկեց ազատ ոճայինների մրցապայքարով: Այս ոճում 74 կգ Մուսա Մուրթազալիևը նվաճեց արծաթե մեդալ: Այլ քաշային կարգերում հաջողություններ չգրանցվեցին:

 Հունահռոմեականների պայքարում չեմպիոն դարձավ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը:

Եզրափակիչ գոտեմարտում հայաստանցի ըմբիշը հաղթեց Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Վյուգար Ռագիմովին: Բրոնզե մեդալներ նվաճեցին նաև Արթուր Շահինյանը (84 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ):

Մեծ էին սպասելիքները Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանից, որը հանդես էր գալիս 74 կգ քաշային կարգում:  Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ռոման Վլասովին` մնալով ձեռնունայն: Ինչպես նշեց Լևոն Ջուլֆալակյանը, պատճառն առողջական խնդիրներն էին:

Ընդհանուր հաշվով` Հայաստանի հավաքականը 4 մեդալ նվաճեց Գերմանիայում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե:

Չեմպիոնների լիգայում շաբաթը գոլառատ էր: Մադրիդի «Ռեալը» հեշտությամբ լուծեց 1/2 եզրափակիչ  դուրս գալու խնդիրը: Արքայականը 4:0 հաշվով տապալեց մրցակցին «Սանտյագո Բերնաբեուում»:

ՉԼ-ի գործող գավաթակիր «Ինտերը»` 2:5  հաշվով ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ «Շալկե 04»-ից:

Դոնեցկի «Շախտյորը» չկարողացավ հաղթահարել կատալոնական «Բարսելոնայի» արգելքը` 5:1: Եվ այսպես` Հենրիխ Մխիթարյանի թիմն ավարտեց իր հաղթարշավը 1/4-րդ եզրափակիչում: Գործնականում արդեն կարելի է եզրափակիչում տեսնել դիտարժան և հավասար պայքար՝ «Ռեալ»-«Բարսա»:

ՉԼ-ի հաջորդ զույգը`«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1, այս շաբաթվա ամենահամեստ հաշվով ավարտված պայքարն է:

 

Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ,  սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց  իր երկրորդ տիտղոսը Sony Ericsson Open-ում։ Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցն էր աշխարհի ուժեղագույն թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալը։ Երեք սեթերի արդյունքում` 4։6, 6։3, 7։6 (4) հաշվով Նովակը տարավ դժվարին հաղթանակ։ Հանդիպումը տևել է 3 ժամ 21 րոպե։

Իր հաղթանակի համար Նովակը կստանա 611,000 դոլար և 1000 միավոր, իսկ Նադալը՝ 298,000 դոլար և 600 միավոր։

Ավարտվեց նաև Sony Ericsson Open-2011-ի կանանց մրցապայքարը:

Եզրափակիչում ուժերը չափեցին ռուսաստանցի Մարիա Շարապովան և բելառուս Վիկտորիա Ազարենկոն: Երկու սեթերի արդյունքում` 6:1, 6:4 հաշվով Ազարենկոն առավելության հասավ Շարապովայի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 46 ժամ:

Sony Ericsson Open-2011-ում հաղթողը կստանա 700,000 դոլար և 1000 միավոր, իսկ Շարապովան՝ 350,000 դոլար և 700 միավոր:

Անցում կատարելով մենամարտային մարզաձևերին` քննարկենք այս շաբաթվա ամենախնդրահարույց հարցը:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, մտադիր է  հրաժարվել պաշտպանիչ սաղավարտների կիրառումից: Վերջին անգամ սիրողական բռնցքամարտիկները սաղավարտով կմենամարտեն 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ արդեն Լոնդոնում կկիրառվի մրցավարության նոր համակարգ, որը զերծ կլինի կասկածելի որոշումներից:

Հետաքրքիր է`ո՞րն է նման որոշման շարժառիթը: Առանց սաղավարտի մարզիկներն ուղղակի կվտանգեն իրենց կյանքը, չնայած դրա առկայությամբ էլ է վտանգը մեծ: Դժվար թե որևէ մեկը ցանկանա հաշմանդամ դառնալ կամ մեռնել  հանուն մեդալի և ազգային հիմնը հնչեցնելու: Այս պարագայում գոնե պրոֆեսիոնալները փող են աշխատում, փող` կյանքի  հաշվին...

Որոշման ենթատեքստը սա է. «Գնացե՛ք, փողոցներում կամ էլ ակումբներում փողով կռիվ արեք»: Եթե այսպես չէ, ապա ինչպե՞ս է: 

Անատոմիային փոքր-ինչ տիրապետող ցանկացած մարդ գիտե, որ գլխի նյարդային բջիջները մեկ  թեթև հարվածից մահանում և այլևս չեն վերականգնվում: 

Այսինքն` խրախուսենք կյանքը վտանգելը կամ սպանությունը, դեռ սա էլ բավական չէ` կոչենք սպո՞րտ կամ, որ ավելի վատ է, օլիմպիական մարզաձև:

Տեսնես երբվանի՞ց է օլիմպիական գաղափարը սպանություն քարոզում: Միտումը գուցե մարզիկներին սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ «քարշ» տա՞լն է:

Կլիչկոն հրաժարվել է ռևանշից` մեկնաբանելով` իր նախկին մրցակից Օդլանյեր Սոլիսի  պահանջը:

«Սոլիսը հիմա պետք է իր առողջությամբ զբաղվի, այլ ոչ թե ռևանշների մասին երազի: Ես մարտից հետո ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Սոլիսն ինձ համար անցյալում է, ժամանակն է այլ մրցակիցների հետ մենամարտել»,- ասել է Կլիչկոն:

Կլիչկո ավագի և Սոլիսի միջև մարտը կայացել էր մարտի 19-ին. Վիտալին առաջին ռաունդում նոկաուտով հաղթանակ  էր տոնել: Մենամարտի ավարտից հետո պարզվել էր, որ կուբացին ծնկի ծանր վնասվածք է ստացել:

«Երկիր» մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ