կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 02:15
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Շաբաթն արգասաբեր էր մենամարտային մարզաձևերի համար:

Առաջին հաճելի հաղթանակը մեզ պարգևեց բազկամարտիկ Վլադիմիր Մնացականյանը, որը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում` 70 կգ քաշային կարգում,  դարձավ չեմպիոն և ձախ ձեռքով ճանաչվեց լավագույնը:

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի` 1988-ի սեուլյան օլիմպիադայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան 10-րդ միջազգային մրցաշարը:

Հայաստանն այս մրցաշարում ուներ 20 ներկայացուցիչ: Մրցապայքարին մասնակցում էին նաև Վրաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները:  Հայաստանը թիմային պայքարում 5 ոսկե մեդալով զբաղեցրեց առաջնության  առաջին հորիզոնականը:

Այս օրերին հայրենիք էր ժամանել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Հանդիպելով լրագրողների հետ` նա պատմեց  ապրիլի 24-ին իր փառավոր ելույթի մասին: Հիշեցնենք, որ, գոտուն «1915» գրությամբ, Վիկը հաղթեց հակառակորդին և տիրացավ IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթևագույն քաշում:

Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին և ընդգծել այդ տարեթվի կարևորությունը համայն հայության համար:

Երեք տարբեր քաշային կարգերում աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանը վիրավորված էր  «Հ1»-ից.  «Արթուրի մարտի ժամանակ իմ անունը չտվեցին՝ չնայած նոր էի ժամանել ու մեծ գոտի էի նվաճել: Ես հեռուստատեսության մարդ չեմ, բայց արտասահմանում այդպես չի ընդունված»,- դժգոհել էր բռնցքամարտիկը:

Այս շաբաթ Թբիլիսիում ավարտվեց նաև մարզական ուղեղների պայքարը: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում  Հայաստանն ուներ  8 ներկայացուցիչ, սակայն մրցանակային տեղ զբաղեցրեց միայն Էլինա Դանիելյանը: Իր ակտիվում ունենալով 8 միավոր`  հայ գրոսմայստերը բավարարվեց բրոնզե մեդալով:

Ֆուտբոլային շաբաթն այս անգամ էլ աչքի ընկավ տհաճ միջադեպերով:

Անդրեասյանը դարձյալ սկանդալի հերոս է: Ըստ «Առավոտ» օրաթերթի` Ռոզա Մանասյանը քրեական գործ է հարուցել «Արարատ-73-ի» լեգենդար ֆուտբոլիստի դեմ: Օրաթերթը նշում է, որ Անդրեասյանը շինծու առքուվաճառքի միջոցով տիրացել է Մանասյանի տանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, ապա` կարճել հանցանշանների  բացակայության պատճառով:

Ի դեպ, ոստիկանությունը նախաքննության փուլում հիմք էր ընդունել Անդրեասյանի բացատրությունը, թե չի ճանաչում այն անձանց, ովքեր վարկ տալու պատրվակով խլել էին Մանասյանի բնակարանը: Մինչդեռ Մանասյանի պաշտպանական կողմը հեռախոսային բազմաթիվ վերծանումների միջոցով ապացուցել է հակառակը:

Գնահատելով ապացույցները` դատարանը Ռ. Մանասյանի բողոքը բավարարել է, և քննիչի կողմից կայացրած որոշումը` քրգործի հարուցումը մերժելու մասին, չեղյալ է համարվել:

Այսքանով տհաճ միջադեպերը չեն ավարտվում: Այս անգամ դժգոհում է Կապանի «Գանձասարը»:  Ակումբի հովանավոր Մաքսիմ Հակոբյանը մտադիր էր ակումբը հանել առաջնությունից` ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումից դրդված:

Մայիսի 19-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստում որոշվել էր, որ Կապանի «Գանձասարը» տնային 5 հանդիպումները պետք է անցկացնի առանց հանդիսականների: Հիշեցնենք, որ նման որոշման պատճառ էին դարձել «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ գրանցված դեպքերը:

Ակումբի հովանավորը համաձայնել է թողնել թիմը առաջնությունում. մայիսի 22-ին կապանցիները կմրցեն գյումրեցիների հետ, սակայն «Գանձասարի» հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ:

Այս շաբաթ ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Չեմպիոն դարձավ «Պորտուն»: Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պորտուգալական «Պորտուն» և «Բրագան» մրցեցին եզրափակիչի շրջանակներում: 

Հանդիպման 44-րդ րոպեին Եվրալիգայի խաղարկության լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոյի խփած 18-րդ և միակ գնդակը սպասված հաղթանակը բերեց ֆավորիտին:

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

«Երկիր»-ի  մարզական մեկնաբան