կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-29 02:20
Առանց Կատեգորիա

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Շաբաթվա անցուդարձն սկսենք միջազգային ֆուտբոլի ամենաթեժ իրադարձությունների քննարկումով:

Ավարտվեց մառախլապատ Ալբիոնի առաջնությունը: Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթեցին սըր Ալեքս Ֆերգյուսոնի  սաները: «Մանչեսթեր Յունայթեդը» 19-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն`շրջանցելով «Լիվերպուլի» սահմանած չեմպիոնության ռեկորդը (18):

Մայիսի 28-ին Անգլիայի չեմպիոնը կմրցի Իսպանիայի չեմպիոնի` «Բարսելոնայի» հետ լեգենդար «Ուեմբլիում»` արդեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում:

Ֆուտբոլային պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը` Քրիշտիանու Ռոնալդուն, իզուր չէր շտապում  «Ռեալ»: 40 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում` սա ռեկորդ էր արքայականի և Իսպանիայի առաջնության համար:

Փարիզում ընթանում է Ռոլան Գարոս-2011 թենիսի  մրցաշարը: Առաջնությանը մասնակցում են ուժեղագույնները:

 

Օրեր առաջ «Ռեալի» անմար աստղը` Զինեդին Զիդանը, նշանակվեց հարազատ ակումբի մարզական տնօրեն:

Հայկական ֆուտբոլում վերջին ամսվա ընթացքում ծավալված խառնաշփոթը հանդարտվեց:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեի նիստում թույլ չի տվել Անդրեասյանին  ճանաչել  ֆուտբոլում ոչ ցանկալի անձ և առաջարկել է բավարարվել միայն զգուշացմամբ, ինչպես նաև ուժի մեջ թողնել 10 խաղի որակազրկումը և 250 հազար դրամ ֆինանսական տուգանքը:

Կապանում բարձրացած բողոքի` ալիքը «Գանձասարին» 5 տնային խաղ հանդիսականից զրկելու կապակցությամբ, նույնպես հանդարտվել է:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է որակազրկումը դարձնել պայմանական, այսինքն` մայիսի 29-ին «Արարատի» հետ հանդիպման ժամանակ անպարկեշտ վարմունք ցուցաբերելու դեպքում որակազրկումը ուժի մեջ կմտնի: Այսպիսով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, եւ «Գանձասարը» չի լքի առաջնությունը: 

Հայաստանի հավաքականի առանցքային  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձավ  Ուկրաինայի գավաթակիր:

Եզրափակիչ խաղում Դոնեցկի «Շախտյորը»  2:0 հաշվով հաղթանակ տոնեց Կիևի «Դինամոյի» նկատմամբ:

Սա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ տիտղոսն էր «Շախտյորի» կազմում: Մինչ այս հանքափորները դարձել էին երկրի չեմպիոն:

Այս շաբաթ Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մասնակցում էին Անկարայում մեկնարկած մրցաշարին: Միջազգային մրցապայքարում հայ ըմբիշները 5  մեդալ են նվաճել:

Չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Ասլան Պողոսյանը և 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Արծաթե մեդալով է բավարարվել 84 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը, իսկ պատվո 3-րդ հարթակին են կանգնել 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին գրավել է 3-րդ տեղը` զիջելով Թուրքիայի և Իրանի հավաքականներին:

Ռոլան Գարոս-2011-ում  իր ելույթներն ավարտեց աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի,  դանիացի Կարոլին Վոզնյացկին։ Կանանց պայքարում ընթացիկ հակամարտություններում հաղթում են Սվետլանա Կուզնեցովան, Մարիոն Բարտոլին, Անաստասիա Պավլյուչենկովան,  Վերա Զվանյարովան, Նա Լին և այլք:

Տղամարդկանց պայքարում ակտիվ հակամարտություն են ծավալվել Նովակ Ջոկովիչը, մրցաշարի ֆավորիտ Ռաֆայել Նադալը, Դավիդ Ֆերերը և Էնդի Մարեյը:

Ռոլան Գարոսի արդյուններին հետևեք yerkir.am-ում:

«Երկիր»-ի մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ