Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուբայում ավարտվեց Premier Dubai Duty Free Tennis Championships-2011 կանանց մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան և դանիացի Կարոլին Վոզնյացկին (6:1, 6:3), ով իր 13-րդ տիտղոսը նվաճեց: Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե: Իր հաղթանակի համար Կարոլինը ստացավ 360 000 դոլար և 900 վարկանշային միավոր, իսկ Կուզնեցովան` 180 000 դոլար և 620 միավոր:
Շաբաթը բուռն էր հատկապես մենամարտային ձևերում: Վերելքներն ու վայրէջքներն, ի վերջո, ներդաշնակություն մտցրին ստեղծված իրավիճակում: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մինսկում կայացած 10 հավաքականների միջև պայքարում 7-րդ տեղը գրավեց: Մեկ այլ` մարտական, կազմով հունահռոմեականները մասնակցում էին Սլովենիայում անցկացվող Գրան պրիի խաղարկությանը:
Ի տարբերություն Մինսկի աշխարհի գավաթի խաղարկությունում կրած ցավալի ձախողման, մեր հավաքականի բոլոր 4 մարզիկները մեդալներ նվաճեցին: Չեմպիոն դարձավ Ռոման Ամոյանը (55), նրան հանձնվեց նաև «մրցաշարի լավագույն ըմբիշ» տիտղոսը: 2-րդ ոսկե մեդալը Հայաստան բերեց Արթուր Շահինյանը (84): Արսեն Ջուլֆալակյանը (74) և Վահան Ջուգարյանը (60) կանգնեցին պատվո 3-րդ հարթակին:
Թեհրանում կայացած ձյուդոյի երիտասարդների միջազգային մրցաշարը արգասաբեր էր Հայաստանի հավաքականի համար: Ընդհանուր հաշվարկով` մեր հավաքականը նվաճեց 4 բրոնզե, 2 արծաթե և 3 ոսկե մեդալ:
Փետրվարի 22-ին Դոհայում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 6-րդ փուլը: Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Այսպիսով, 3 մրցափուլից հետո Դանիելյանը 100 տոկոսանոց արդյունքով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Լիլիթ Մկրտչյանը դեռևս 1 միավոր ունի իր ակտիվում:
Ֆուտբոլում շաբաթն ավելի շատ սկանդալային էր, քան ` ֆուտբոլային: Երիտասարդ մարմնավաճառուհի Կարիմ էլ Մարուգը, ով հայտնի է որպես Ռուբի, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ սեքսուալ կապի շուրջ ծագած սկանդալով չբավարարվեց: Այժմ 18-ամյա Ռուբին հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ, լինելով անչափահաս, քնել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Սակայն ամենից ուշագրավն այն է, որ մարմնավաճառը վիրավորվել է առավոտյան սեղանին գտնելով մի ծրար հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն ամեն ինչի համար: Պայուսակումդ 4000 եվրո կա»:
Երկրպագուները նման են կրակի, հանդարտ ժամանակ` ջերմացնում են, բորբոքելու դեպքում` այրում: Վերջիններիս անընդունելի և վտանգավոր պահվածքը, ստիպել է անվտանգության որոշ նորմեր սահմանել: Հունաստանում մտադիր են «Օլիմպիակոսի» և «Պանաթենաիկոսի» երկրպագուներին արգելել առաջիկա հանդիպումներին այցելել մարզադաշտեր, վերջիններս անցած շաբաթ օրը աթենքյան դերբիից հետո հարձակվել են «Պանաթենաիկոսի» ֆուտբոլիստների վրա:
Այնուհետև Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և սուպերլիգայի շենքերի վրա ինքնաշեն պայթուցիկներ նետել: Պաշտոնյաները զգուշացրել են, որ եթե ակումբները չմտածեն սպորտում բռնությունների դադարեցման մասին, պետությունը կարող է այլևս չֆինանսավորել սպորտային միջոցառումները: «Բարիի» մոտ 200 դժգոհ երկրպագուներ մարզման ժամանակ անվայելուչ արտահայտություններ են արել ֆուտբոլիստների հասցեին, ապա մտել են խաղադաշտ և ծեծել նրանց: Մասնավորապես` վնասվածքներ են ստացել Մարկո Ռոսին և Էմանուել Ռիվասը:
Այլևս գաղտնիք չէ, որ Պիկեն և Շակիրան հանդիպում են: Պապարացին նրանց անմահացրել է Բարսելոնայի ռեստորաններից մեկից դուրս գալու և ֆուտբոլիստի մեքենային մոտենալու պահին:
Պարզվում է դեմոկրատիան իր գագաթնակետին է հասել, արդեն համասեռամոլները պահանջներ են ներկայացնում: Լեհ միասեռականների միությունը դիմել է Եվրո-2012-ի կազմակերպիչներին, որպեսզի նրանք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին առանձին տեղեր հատկացնեն մարզադաշտում: Այդպիսով, նրանք փորձում են ապահովագրել իրենց ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հնարավոր հարձակումներից:
Ռամոս-Մոուրինիո պայքարը դարձել է մամուլի հիմնախնդիրներից մեկը: Իսպանիայի հավաքականի պաշտպանի և Ժոզե Մոուրինիոյի միջև ստեղծված լարված հարաբերությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Հերթական միջադեպը տեղի ունեցավ ազգային առաջնության 23-րդ տուրի`«Էսպանիոլի» հետ արտագնա հանդիպումից առաջ: Պորտուգալացի մասնագետը Ռամոսին թողել էր պահեստայինների նստարանին, ինչից վերջինս կատաղել էր։ Երբ նրան այդ մասին հայտնել էին, նա ասել էր. «Փոխանցիր Մոուրինիոյին, որ գնա գրողի ծոցը...»։ Սակայն AS-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը բոլորովին այլ կերպ է արտահայտվել. «Մոուրինիոյից շատ բան կարելի է սովորել: Իսկ որպես մարդ նա շատ ուղիղ և անկեղծ է ֆուտբոլիստների հետ շփման մեջ»: Դժվար է հասկանալ ակնհայտ լարված հարաբերությունների դեպքում հնչած նման գովասանքի խոսքերը:
Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան ցանկություն է հայտնել ընդունել օգոստոսին նախատեսված` Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այն պլանավորում էին անցկացնել Երևանում, սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հունվարին պաշտոնական նամակ էր ուղարկել EUBC-ին՝ հայտնելով, որ հրաժարվում է ընդունել Եվրոպայի առաջնությունը։ Պատճառը` համահայկական խաղերն են:
Բահրեյնում կայանալիք մրցաշարի «Ֆորմուլա-1» դասի աշխարհի առաջնության խափանումը հանգեցրել է մոտ 100 միլիոն դոլարի կորստի, ֆինանսական վնասի կեսը կրողը թիմերն են: Հաջորդ մրցաշարը կկայանա մարտի 27-ին Ավստրալիայում: Նշենք, որ նման խառնաշփոթի պատճառը Բահրեյնում տիրող քաղաքական անկայուն վիճակն է:
Հայաստանի աթլետիկայի մեծահասակների հավաքականը` 6 մարզիկներով` 5 տղա և 1 աղջիկ, այժմ գտնվում է Փարիզում, որտեղ փետրվարի 21-ից մինչև մարտի 3-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Մարտի 4-7-ը նույն քաղաքում կկայանա Եվրոպայի ձմեռային առաջնությունը:
Փետրվարի 25-ին Երևանում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Արդեն հայտնի են կանանց բոլոր քաշային կարգի մրցանակակիրները: Ապրիլի 11-14-ը Կազանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի առաջնությունը ծանրորդների համար ուժերի չափման վերջին ստուգատեսը կլինի։ Իսկ առաջնության մանրամասներին կարող եք հետևել yerkir.am-ում:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
«Երկիր»-ի մարզական մեկնաբան