Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010 թ. դեկտեմբերի վերջերին լույս է տեսել «Վէմ»-ի թիվ 4 (32)-րդը, որն իր ծավալով (250 էջ) ու բովանդակությամբ (15 հոդված) ամենահարուստն է մինչ օրս հրապարակվածների շարքում: Նրանում հատկապես առանձնանում են Հայոց պատմության ադրբեջանական կեղծարարությունների դեմ ուղղված գիտական հրապարակումները:
Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունների կողմից պետականորեն հովանավորվող կեղծարարությունը դարձել է ավելի ագրեսիվ ինչի վկայությունն է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հոկտեմբերի 16-ին Գորիսում ունեցած ելույթի դեմ ուղղված` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռ.Մեհթիևի «Գորիս-2010. աբսուրդի թատրոնի տարեշրջանը» ուսումնասիրությունը: «Վէմ»-ի 4-րդ համարում հրապարակվել եւ այժմ օտար լեզուներով թարգմանվում է ադրբեջանական կեղծարարության այս «գլուխգործոցի» առիթով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հ.Հարությույանի գրած գիտական պատասխանը, որ շուտով կտեղադրվի մի շարք օտարալեզու կայքէջերում: Նույն թեմային են նվիրված նաև «Վէմ»-ի 4-րդ համարի խմբագրականը, ինչպես նաև պրոֆ. Ալ.Մանասյանի ուսումնասիրությունը:
Ուշագրավ են նաեւ երիտասարդ գիտնականներ Արտակ Վ. Գնունու եւ Աղասի Զ. Թադեւոսյանի հրապարակումները` Հայաստանում քաղաքագոյացման հիմնահարցի եւ մայրաքաղաք Երեւանի քաղաքային մշակույթի զարգացման առանձնահատկությունների մասին: Վերջին հրապարակումը, ինչպես նաեւ Վարդան Գ.Դեւրիկյանի եւ այլ ուսումնասիրողների հաջորդական հոդվածաշարերը շարունակվելու են «Վէմ»-ի 2011 թվականի առաջին համարում:
«Վէմ»-ի 2010թ. 4-րդը հարուստ է նաեւ նորահայտ արխիվային փաստաթղթերով, որոնցից կարելի է առանձնացնել Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանից Ռոստոմի գրած անտիպ նամակներն ու գրությունները, ինչպես նաեւ 1921 թվականին տեղի ունեցած ՀՅԴ Բուխարեստի խորհրդաժողովի արձանագրությունները: Վերջին փաստաթուղթը ամփոփում է Հայաստանի առաջին Հանրապետության անկման պատճառների վերաբերյալ ՀՅԴ Բուխարեստի խորհրդաժողովում ծավալված ներքին քննարկումների եւ սուր քննադատության հիմնական թեզերը:
«Վէմ»-ի խմբագրությունը տեղեկացնում է նաեւ, որ սկսվել է հանդեսի 2011 թվականի բաժանորդագրությունը: Պայմաններին ծանոթանալու համար Սփյուռքի ընթերցողները կարող են կապվել «Վէմ»-ի վարչական բաժնի հետ [email protected] հասցեով, իսկ Հայաստանում` զանգահարել խմբագրություն` (093)839324 կամ` (010) 521876: