կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 22:33
Մշակույթ

ԱԶԳ. Հերման Գոլցը կնքեց մահկանացուն

ԱԶԳ. Հերման Գոլցը կնքեց մահկանացուն

Դեկտեմբերի 9-ին Հալլեում (Գերմանիա) երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 64 տարեկանում մահկանացուն կնքեց գերմանացի աստվածաբան, ուղղափառ եկեղեցիների մասնագետ, հայագետ, դոկտոր, պրոֆեսոր Հերման Գոլցը:

 

Տասնամյակներ շարունակ նա ի թիվս ուրիշների զբաղվել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման աշխատանքով, ինչի վկայությունն են ոչ միայն տպագիր աշխատությունները, այլեւ նրա խորհրդատվությամբ ստեղծված Էրիկ Ֆրիիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» ֆիլմը, որը հոկտեմբերին ստացավ Գերմանական հեռուստատեսության 2010-ի մրցանակը` լավագույն վավերագրություն անվանակարգում:

 

1946-ին ծնված Գոլցը 1964-69-ին Հալլե Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանում աստվածաբանություն է ուսուցանում:

 

1975-ին քննությունները հանձնելուց հետո նա ավետարանական քահանայի պարտականություններ է կատարում: 1979-ին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիեւում, Օդեսայում գիտահետազոտական աշխատանք կատարելուց հետո նա պաշտպանում է գիտական թեզ՝ սլավոնական եկեղեցական թարգմանական գրականության վերաբերյալ: 1982-ին հիմնում եւ ղեկավարում է Յոհաննես Լեփսիուս արխիվը: 1987-ից պրոֆեսորի կոչում ունեցող գիտնականը 1988-93-ին Ժնեւում ղեկավարել է Եվրոպական եկեղեցիների ուսումնասիրություների բաժինը: Ի թիվս գերմանացի եւ հայ այլ գիտնականների 1998-ին Վիթթենբերգում Լոյկորեա հիմնադրամին կից հիմնել ու ղեկավարել է հայկական ուսումնասիրությունների «Մեսրոպե կենտրոնը: 2000-ին նրա նախաձեռնությամբ Հալլեում բացվեց «Կիլիկիայի փրկված գանձերը» ցուցահանդեսը, իր հեղինակությամբ հրատարակվեց նաեւ պատկերագիրք («Ազգը» ժամանակին գրել է այդ ցուցահանդեսի մասին):

 

Գոլցը ուսումնասիրել ու հրատարակության է պատրաստել բազմաթիվ աշխատություններ ուղղափառ՝ հատկապես հույն, սլավոն եւ հայ եկեղեցիերի մասին, աստվածաբանական, արվեստի ու մշակույթի վերաբերյալ: Նա Արմենուհի Դրոստ-Աբգարյանի հետ թարգմանել ու հրատարակել է «Շարակնոցը»: Հայագիտությանը եւ հայ մշակույթին իր նվիրվածության համար Գոլցն արժանացել է Հայաստանի պետության գնահատանքին: Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան պատվել է շքանշանով: Կիլիկիո կաթողիկոսը՝ Սուրբ Մեսրոպ, Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Սահակ եւ Մեսրոպ շքանշանի են արժանացրել Հալլե Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի ուղղափառ եկեղեցիների դավանաբանության ամբիոնի դոկ., պրոֆ. Հերման Գոլցին: Նա Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանակիր է, Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր: Ստացել է նաեւ ռուս ուղղափառ եկեղեցու Իշխան Դանիել շքանշան:

 

«Հայությունը, ի մասնավորի գերմանահայությունը նրա մահով կորցնում է իր մեծ բարեկամներից մեկին, որը տասնամյակներ շարունակ իր նպաստն ու աջակցությունը բերեց հայ ժողովրդի մեծագույն դատի՝ Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Նրա անկոտրում ջանքերի շնորհիվ Պոտսդամում վերանորոգվեց եւ որպես հետազոտական կենտրոն վերաբացվեց Լեփսիուսի տունը», գրված է մահվան առիթով համայնքային ցավակցագրերից մեկում:

Հրաժեշտի արարողությունը կայանալու է 2011-ի հունվարի 14-ին, ժամը՝ 14-ին: (Արարողության ուշացման պատճառը Ծննդյան տոներն են): Հանգուցյալի աճյունասափորը դրվելու է Հալլեի Մարքթքիրշեում, ուր կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն, ընթերցվելու են ցավակցագրերը: