կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 17:19
Տարածաշրջան

Ժնևում իր մահկանացուն է կնքել Մկրտիչ Շելեֆյանի որդին՝ Արտեն Շելեֆյանը

Ժնևում իր մահկանացուն է կնքել Մկրտիչ Շելեֆյանի որդին՝ Արտեն Շելեֆյանը

Կ. Պոլսո «Ժամանակ» թերթը հայտնում է, որ Շվեյցարիայում իր մահկանացուն է կնքել շվեցարահայ հայտնի գործիչ Արտեն Շելեֆյանը:

«Սա իսկապես անժամանակ մահ էր, որովհետև Արտեն Շելեֆյանը տակավին աշխատունակ վիճակում էր և բնականոն հունով էր ապրում: Արտեն Շելեֆյանը նախկին պոլսահայ է, հայտնի համայնքային վարիչ Մկրտիչ Շելեֆյանի որդին: Արտեն Շելեֆյանը տասնամյակներ ի վեր հաստատվել էր Շվեցարիայում և Ժնևում էր ապրում ընտանիքով: Մեր ազգային-եկեղեցական կյանքի հարուստ ավանդույթներով էր թրծվել Արտեն Շելեֆյանը և, որպես շարունակություն, իր հերթին ևս մասնակցություն էր բերել շվեցարահայ ազգային-եկեղեցական կյանքում: Արտեն Շելեֆյանը երկար ժամանակ շվեցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի անմիջական գործակիցներից մեկն էր»,- գրում է «Ժամանակ»-ը:

Արտեն Շելեֆյանի հայրը՝ Մկրտիչ Շելեֆյանը, եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, որն իր ուրույն ավանդն է բերել պոլսահայ համայնքային և ազգային գործերում, զբաղվել Թուրքիայի գավառներում ապրող հայերի ( իսլամացված ) խնդիրներով, եղել Խորհրդային Հայաստանին և սփյուռքին կապող օղակներից մեկը: 1934 թ. Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո նրան տրվել էր Շելեֆօղլու ազգանունը, սակայն Մկրտչին հաջողվել էր պահպանել իր հայկական ազգանունը: Թուրքիայում եղել է հայտնի և հաջողակ գործարար: 1957 թ. Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ անձամբ Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի խնդրանքով Շելեֆյանը դառնում է պատգամավոր: 1960 թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվում է: Բանտում նրա խուցում էր գտնվում նաև Թուրքիայի նախագահ Ջելալ Բայարը, որը, Շելեֆյանի հետ շփվելով, հետագայում նշել էր, որ Շելեֆյանի միջոցով նորովի է սկսել ճանաչել հայերին: 1960-ականներին Թուրքիայում սաստկանում են բռնաճնշումները. Շելեֆյանին մեղադրում են տարատեսակ անօրինությունների մեջ, ինչն էլ նրան ստիպում է տեղափոխվել Շվեյցարիա: