Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը գրել է.
«Ոչ վաղ անցյալում Հայաստանում գործում էր մի անհանգիստ հանրույթ, որի խնդիրն էր՝ արձագանքել տեղի ունեցող ամեն ինչին՝ առանց բացառության․ ծառահատությանը, հանքերի շահագործմանը, շենքեր քանդելուն, հայկական «հայրիշխանական բռնարար» ընտանիքներում երեխայի վրա բղավելուն և այդպիսով նրա հոգեկան աշխարհին «անդառնալի հարվածներ» հասցնելուն, սեռական փոքրամասնությունների ազատության որևէ խոչընդոտի և այլ «ահասարսուռ» և «հակամարդկային» իրադարձությունների։ Որոշները, «մեծ մարդասիրությունից ելնելով», ստորագրում էին ադրբեջանցի գերեվարված զինվորականների «իրավունքների խախտման» դեմ հայտարարությունների տակ։ Սրանց բնութագրում էին որպես, պահանջատեր, իրավագիտակից, մարդակենտրոն, մարդասեր, լուսավոր։
Այս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։
Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։
Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում։
Հիմա, ժամանակն է այլևս գոյություն չունեցող, իր մահկանացուն կնքած «քաղաքացիական հասարակություն» կոչվող թուրքական շարասյունը փոխարինել նոր ազգային և իսկական քաղաքացիական հասարակությամբ։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած շարժումը ասպարեզ է բերել տարբեր նոր երիտասարդ գործիչների, հրապարակախոսների, հանրային դեմքերի։ Այս երիտասարդները հիմնականում նախկին որևէ իշխանության հետ ունեցած կապերով չծանրաբեռնված տղաներ և աղջիկներ են։ Նրանցից շատերը քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներ են, որոնք, տեսություններից ու վերլուծություններից զատ, հանուն հայրենիքի անցել են դժոխքի միջով։ Այս տղաների աշխարհայացքն ու ապագայի տեսլականները հիմնված են ոչ թե անձնային շահի, այլ՝ սեփական կյանքի վտանգումով ապացուցված վճռականությամբ։ Այս նորազգային հենքի վրա կառուցվելիք քաղաքացիական հասարակությունը սեփական մարմնի ամբողջությունը, մարտական ընկերներին կորցրած տղաների նոր հանրույթ է, որոնց հնարավոր չէ գայթակղել հայրենիք վաճառելու գնով, որևէ ֆինանսավորմամբ կամ բարեկեցության, իսկ իրականում՝ սպառողական բնազդները հագեցնելու հեռանկարով։ Նրանք գալիս են այնտեղից, որտեղ բարեկեցության բոլոր դրսևորումները մի րոպեում անիմաստացել են, և մնացել է հայրենիքի լինելիության կարևորությունը։ Սա այն նոր քաղաքացիական հասարակությունն է, որը կռվել է Հայաստանի ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար և զգում ու սիրում է Հայաստանը։ Հենց սա է այն սերուցքը, որի վրա պիտի հիմնվի նոր ազգային հասարակությունը։ Եկել է Օտարա-Հայաստանը Հայաստանով փոխարինելու ժամանակը։Հ․Գ․