Փոխարժեքներ
17 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում:
Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:
Օրինակ, նախարարություններում թողնվել է 1-ական ավտոմեքենա՝ նախարարի համար, որի պատճառով նախարարությունների աշխատանքն ուղղակի պարալիզացվել է:
Շատ նախարարություններ, որոնց աշխատանքն անմիջականորեն առնչվում է սեփականատերերի հետ, խնդրում են վերջիններիս, որ մեքենաներով օգնեն աշխատանքները կազմակերպելիս: Պարզ է՝ սեփականատերերն էլ այս դեպքերում կարող են առիթավորվել իրենցը թելադրել պետությանը: Կարճ ասած՝ խայտառակ պատկեր: Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:
Yerkir.am-ը շարունակում է ներկայացնել նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները: Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:
Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները: Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:
Ահա Բրյուսովի անվան պետական համալսարան ծառայողական ավտոմեքենաները.
Հիշեցնենք՝ այս բուհի ռեկտորը նույն ինքը՝ Դավիթ Գյուրջինյանն է, որը դրանից առաջ Լեզվի պետական կոմիտեի ղեկավարն էր: Yerkir.am-ը 2020-2021 թթ. մի ողջ շարք է հրապարակել առ այն, որ պետական բյուջեից ՀՀ լեզվի կոմիտեին տրամադրված պարգևավճարները, հայտնվելով Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունիում», անհետանում են կասկածելի հանգամանքներում: 2021 թ. հրապարակմամբ եզրակացվել էր, որ 2019-2020 թթ. ընթացքում Դավիթ Գյուրջինյանը միայնակ կամ այլոց հետ յուրացրել է պարգևավճարների տողով հիմնարկին տրամադրված շուրջ 19 միլիոն դրամը: Այդ եզրահանգումը կատարվել էր պետական գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների, ստացված տեղեկանքների, ինչպես նաև Լեզվի կոմիտեի աշխատակիցների տված վկայությունների հիման վրա: Այդ խնդրով դիմել էինք նաև Դավիթ Գյուրջինյանին՝ մեկնաբանման համար: Թե՛ Դավիթ Գյուրջինյանը հրաժարվեց բացատրություն տալ, թե՛ պետական օղակներից որևէ արձագանք, բացատրություն, առարկում կամ հերքում չեղավ այս ողջ ընթացքում:
Մամուլում բազմաթիվ են հրապարակումները, թե ինչպիսի զոռբայությամբ ու ապօրինություններով է Փաշինյանի իշխանության սիրելի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը հասել ռեկտորի պաշտոնին, բուհ մտնելու առաջին իսկ օրվանից քաոս ստեղծելով այնտեղ: Բրյուսովի անվան պետական համալսարանում նա արագորեն գործի անցավ և սկսեց ապօրինի կերպխով աշխատանքից հեռացնել հայրենավաճառ իշխանություններին դեմ դուրս եկած պրոռեկտորներին ու դասախոսներին: Քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատված այդ անձնանցից ոմանք դատական կարգով վիճարկեցին Գյուրջինյանի այդ ապօրինություններին ու հաղթեցին դատարաններում:
Թե ինչպիսի աղետ է դարձել նորաթուխ ռեկտորը բուհի համար՝ հայտնում է ապօրինի կարգով աշխատանքից ազատված, դատարանում Գյուրջինյանի դեմ հայցեր ներկայացրած ու հաղթած նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: Ըստ նրա՝ Դավիթ Գյուրջինյանը, Վլ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, որոնցից մոտ 40-ը դասախոսներ են։ Ցոլակ Ակոպյանը նաև փաստել է, որ Գյուրջինյանը որևէ մեկի դեպքում ոչ մասնագիտական, ոչ կարգապահական հարց առաջ չի քաշում, հիմնավորումը այն է, որ պայմանագիրը լրացել է, ինքն էլ նոր պայմանագիր չի կնքում։ Նման կերպ է լուծում տալիս խնդրին։ Եթե պետական համալսարանի դեպքում հարցը միայն քաղաքական է ու դասախոսները ազատվում են հենց քաղաքական հայացքների համար, ապա Բրյուսովի դեպքում՝ և քաղաքական հայացքներն են պատճառը, և անձնական վրեժխնդրություն է։ Աշխատանքից մարդիկ են ազատվում, ովքեր իրեն քննադատել են՝ իր ապօրինի նշանակման գործընթացի հետ կապված, ովքեր, օրինակ, 7 տարի առաջ նրան ամբիոնի վարիչ չեն ընտրել, այսինքն նաև անձնական վրեժխնդրություն է:
Տխրահռչակ այս ռեկտորին արդյո՞ք հարկավոր է ծառայողական մեքենա, և ու՞մ են ծառայում բուհի մյուս երկու ծառայողականները, արդյո՞ք Բրյուսովի անվան պետական համալսարանին պետք է այսպիսի շռայլություն՝ 3 ծառայողական, թողնում ենք ուսանողների և հասարակության դատին: