կարևոր
2548 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-06 16:19
Հասարակություն

Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան

Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան

Դավիթ Գյուրջինյանը, Վլ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Վլ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն՝ ընդգծելով, որ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։

«Հիմա չեմ կարող ասել, թե քանիսին են կարողացել փոխարինող գտնել, քանի որ դասախոսներից շատերը այնպիսի մասնագւտացումներ կամ այնպիսի առարկաներ են դասավարդում, որ Հայաստանում նման միայն մեկ մասնագետն են։ Հիմա չեմ կարող ասել, փոխարինողներ կարողացե՞լ է գտնել, թե՞ ոչ, եթե անգամ գտել են՝ ոչ պրոֆեսիոնալ դասախոսներ են։

Օրինակ, անցած տարի Գյուրջինյանը հայոց լեզվի լավագույն մասնագետներին ուղղակի ազատեց աշխատանքից՝ զուգահեռ դառնալով նաև հայագիտության ամբիոնի վարիչ։ Այսինքն, մինչև այսօր նա և՛ համալսարանի ռեկտորն է, և՛ ամբիոնի վարիչ, ինչի իրավունքը չունի»։

Ակոպյանը պատմեց, որ ամբիոնի վարիչ դառնալուց հետո մի շարք դասախոսների՝ ստաժավոր, երկարամյա դասախոսների պարզապես ժամ չտվեց։ «Նրանք, ի դեպ, բավական արագ կարողացան աշխատանք գտնել այլ բուհերում, իսկ ինքը հայոց լեզվի դասաժամերը տվեց համապատասխան որակավորում չունեցող մարդու։ Նույնը նաև այս տարի է անում, ոլորտի լավագույն կամ միակ մասնագետների ժամ չտալով, հետո բերում է այնպիսի մարդկանց, ովքեր մասնագիտացում չունեն։

Ընդ որում, որևէ մեկի դեպքում ոչ մասնագիտական, ոչ կարգապահական հարց առաջ չի քաշում, հիմնավորումը այն է, որ պայմանագիրը լրացել է, ինքն էլ նոր պայմանագիր չի կնքում։ Նման կերպ է լուծում տալիս խնդրին։ Եթե պետական համալսարանի դեպքում հարցը միայն քաղաքական է ու դասախոսները ազատվում են հենց քաղաքական հայացքների համար, ապա Բրյուսովի դեպքում՝ և քաղաքական հայացքներն են պատճառը, և անձնական վրեժխնդրություն է։ Աշխատանքից մարդիկ են ազատվում, ովքեր իրեն քննադատել են՝ իր ապօրինի նշանակման գործընթացի հետ կապված, ովքեր, օրինակ, 7 տարի առաջ նրան ամբիոնի վարիչ չեն ընտրել, այսինքն նաև անձնական վրեժխնդրություն է»։