կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 19:50
Քաղաքական

Պարգևավճարները Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունիու՞մ»

Պարգևավճարները Գյուրջինյանի «բերմուդյան եռանկյունիու՞մ»

Yerkir.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԿԳՄՍՆ-ի և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի կողմից դրսևորվող ակնհայտ կասկածելի վարքագծին։

Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 և 2020 թվականներին Լեզվի կոմիտեին տրամադրված պատկառելի գումարների «խորհրդավոր չքացմանը»:

Yerkir.am-ը նախկինում ծավալուն և փաստարկված անդրադարձ կատարելով խնդրին՝ փաստել էր, որ 2019 թվականին Լեզվի կոմիտեին տրամադրված 13 մլն 274.5 հազար դրամի պատկառելի մնացորդը՝ մոտ 11 միլիոնը, չի տրամադրվել աշխատակիցներին: Ցավոք, կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը խորհրդավոր լռությամբ և խուսափողական կեցվածքով՝ ո՛չ մեզ, ո՛չ, առավել ևս, սեփական հիմնարկի աշխատակիցներին, այդպես էլ չի ուզում մանրամասնել, թե, ի վերջո, ո՞ւր է անհետացել վերոհիշյալ շուրջ 11 մլն դրամը:

Ցավոք, նույն ճակատագրին է արժանանում նաև այդ նույն տողով 2020 թ. տրամադրված շուրջ 15 մլն (14 մլն 839.5 հազար) դրամը, որը ևս, ըստ աշխատակիցների բողոքների, այս տարի որևէ կերպ «չի երևացել» իրենց։ 

Պարզելու համար ԿԳՄՍՆ-ի և Լեզվի կոմիտեի խորհրդավոր լռությամբ ստեղծված այս հանելուկը, դիմել էինք ԿԳՄՍՆ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե  ի՞նչ պարբերականությամբ է տրամադրվում նշյալ 15 մլն դրամը (վճարման ի՞նչ ժամանակացույցով և մեխանիզմներով):

Ինչպես միշտ՝ ԿԳՄՍՆ-ն հարցումն իր հերթին մակագրել է կոմիտեին, իսկ կոմիտեի նախագահությունն էլ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, փաստել է, որ ինքը հաշվապահություն չունի, և այդ տեղեկությունը կարող է տրամադրել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումը: Ֆուտբոլային այս փոխանցումների արդյուքնում՝ մեզ տրամադրվել է հետաքրքրող հարցի պատասխանն իր մեջ չպարունակող մի շարադրանք, որը հիմնականում վերաբերում է համաճարակով պայմանավորված աշխատանքային ռեժիմի կազմակերպանն ու հարակից հարցերին (կցում ենք այն):

Մեր հարցմանը որոշակիորեն առնչվում էր պատասխանի այն հատվածը, ըստ որի՝ կոմիտեի որևէ աշխատակից 2020 թվականին չի ներկայացվել պարգևատրման։ Ի գիտություն Դավիթ Գյուրջինյանի՝ փաստենք, որ դա մեզ քաջ հայտնի էր, և լավ է, որ գոնե այդ մասով խոստովանել են ճշմարտությունը:

Փաստորեն՝ գումարը տրամադրվել է Լեզվի կոմիտեին, իսկ կոմիտեն էլ փաստում է, որ դրանով որևէ աշխատակից չի պարգևատրվել, այդ դեպքում՝ ի՞նչ եղավ 15 մլն դրամի ճակատագիրը:

Եթե համառորեն չի պարզաբանվում այս հարցը, ապա մենք, ելնելով 2019 թ. նույն տողով կոմիտեին հատկացված (տե՛ս նաև ֆինանսների նախարարության հավաստումը՝ բյուջետային տարվա ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չլինելու մասինգումարի պատկառելի մասի անհասկանալի «անհետացման» իրողությունից, լիարժեք հիմքեր ունենք պնդելու, որ հիմնարկի աշխատակիցներին տրամադրվելիք այս  տարվա մոտ 15 մլն դրամով ևս Դավիթ Գյուրջինյանն ու նրա տեղակալ Մարատ Յավրումյանը պարգևատրել են կամ պատրաստվում են պարգևատրել իրենք իրենց:   

Անհամբեր սպասում ենք մեր այս պնդումը հերքող փաստերին և հրապարակային հիմնավորումներին:

Վահե Սարգսյան