Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի և ընթերցողների համար վերջերս անմիջական կապի ևս մեկ հնարավորություն ստեղծվեց․ նպատակներից մեկը, իրականություն դարձած, արդեն դրվել է ընթերցողի սեղանին՝ «Եղեգան փող» հանդեսի տեսքով։
Հանդեսը բովանդակալից և ծանրակշիռ է՝ առաջին հերթին բերած գրականությամբ, ընդգրկուն գաղափարներով, արդիականությամբ, առաջարկվող նորույթներով՝ թարգմանական, անտիպ գրականության ներդրումով նույնպես։Արձակի բաժնում ներկայացված են նաև պատվավոր հյուրերի /Սպարտակ Ղարաբաղցյան/ ևՍփյուռքի պատվավոր անդամների /Նեկտար Սիմոնի/ ընտիր պատմվածքները։Պոեզիան ներկայացվում է բանաստեղծական ծաղկաքաղով՝ մաքուր պոեզիայի լավագույն նշխարներով։ Տարին հոբելյանական էր Պատվական Ղուկասյանի և Կարապետ Հովսեփյանի համար․ ի նշանավորումն նրանց՝ համապատասխանաբար 90 և 100-երորդ տարեդարձի՝ նրանց բանաստեղծական շարքերը ևս ընդգրկված են հանդեսում։ Անտիպ գրականության առումով հետաքրքրական են թարգմանական բաժնում ներկայացվող՝ իտալերենից՝ Գառնիկ Մելքոնյանի, և արաբերենից՝ Դիանա Պետրոսյանի թարգմանությամբ պատմվածքները։ Արվեստ բաժնում Մարիամ Ասլամազյանի մասին հոդվածով ներկայանում է Սերժ Մանուկյանը, աֆորիզմների ծաղկաքաղով՝ Մնացական Մուրադյանը։ Գրականագիտություն բաժնում արձակագիր Ալիս Հովհաննիսյանի նոր՝ «Աղաների դարը և հետոն» գրքի մասին գրախոսություն է ներկայացնում բան․գիտ․թեկն․, դոցենտ Անահիտ Հակոբյանը, Արա Նախշքարյանի պոեզիայի մասին՝ երջանկահիշատակ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արա Արթյանի խոսքն է, և բաժինն ամփոփվում է բան․գիտ․թեկն․, դոցենտ Կարինե Մարտիրոսյանի՝ Արարատ Մկրտումյանի «Մի հայրենիք ավելի» ժողովածուի մասին գրականագիտական խոսքով։
Բոլոր բաժիններում անխտիր պահպանվել է ամենակարևոր սկզբունքը, այն է՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը։
2023 թ․ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը երևույթին հարիր շուքով նշեց «Եղեգան փող» թերթի 200-րդ համարի ծնունդը, որին ահա հաջորդեց նույնանուն հանդեսը.էջերում ոչ մի մանրուք աչքից չի վրիպել, և պատահական ոչինչ չի հայտնվել՝ սկսած շապիկի ձևավորումից մինչև բոլոր հեղինակների գործերից ոսկերչական նրբանկատությամբ արված ընտրությունը․ ամեն ինչ՝ ծանրակշիռ, բարձր որակով և նույնքան բարձր նշաձողով։
Ցերեկույթին ներկա էին գրքին, գրականությանն ու Գրողների միությանը հարազատ մարդիկ։ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը բացման խոսքում ներկայացնելով «այս դառը ժամանակներում հավատի հասունացած պտուղը»՝ հետահայաց գծեց «Եղեգան փող» թերթի անցած ուղին՝ մինչև այսօր՝ արտաքինը փոփոխած, բայց երբեք դիմագիծը չկորցնող՝ արդեն հանդեսը։ «Իսկ նրա դիմագիծը ազգայինն է»,-շեշտեց նա․ երեք պիրկ թելերով ամուր կապը, որ գրականության տեսքով ներառված է եղել նախ՝ թերթում, ապա նաև՝ նույնանուն հանդեսում։
Գրող, հրապարակախոս, «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն իր խոսքում ևս շեշտեց հանդեսի առաջնեկի՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը պահպանելուկարևոր առաքելությունը, և,որ ամենևին էլ ոչ պատահականորեն այդ «բեռն» իր վրա է վերցրել Գյումրին։ Մյուս կողմից էլ՝ հանդեսը նաև այցեքարտ է՝ դարերի հետ և սերունդների հետ երկխոսության մեջ մտնելու։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Փաստելով, որ այս ծանր ժամանակաշրջանում կարելի է գիրք կամ հանդես հրատարակել՝ հույս հայտնեց, որ մոտ է ամեն ազգայինի հաղթանակը, և հանգիստ մթնոլորտում հնարավոր կլինի շարունակել գրական գործունեությունը։
Գրականագետ Անահիտ Հակոբյանը լիահույս է՝ հիմա ճիշտ այն ժամանակներն են, երբ «․․․ընդ եղեգան փող» բոց պիտի ելանի։
Հանդեսի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը շնորհավորանքի խոսքում նշեց, որ ««Եղեգան փողը» նաև մուսաների քաղաքի ոգեհատակագիծն է ներկայացնում։ Մեր ուժի, հավաքականության, ոգու կորովի խտացումն է։ Ժամանակից վեր հանդես է»։
Արցախ աշխարհից՝ Շուշիից, բանաստեղծ Ռոբերտ Եսայանըշնորհավորանքի խոսքն ավարտելով՝ շեշտեց․ «․․․Իր էությամբ եղեգան փող հանդեսը հոգևոր խճանկար է»։
Հանդեսի թարգմանական բաժնում ներկայացված պատմվածքներից մեկը ընթերցվեց նաև բնագրի լեզվով՝ արաբերենով՝ թարգմանության հեղինակի՝ լեզվաբան-անթրոպոլոգ Դիանա Պետրոսյանի կողմից։
Շնորհավորելով՝հանդեսի սպասված լինելու հանգամանքը վերապրումի հույզով ներկայացրեց արձակագիրՇնորհիկ Շահինյանը, թե սա «բարուր արած նորածնի արդեն հասակ առած, կատարյալ, սպասված» տարբերակն է, սպասում, որ ծնվել էր դեռևս1990-ականներից՝ «Եղեգան փող» թերթի ծնունդից՝ սկսած՝ Միքայել Ժամհարյանի, Արա Արթյանի, ապա՝ Անդրանիկ Կարապետյանի երազանքներից։ Եվ ««Եղեգան փողը» նաև այն փողն է, որ պիտի հնչի Արցախը մեզ վերադարձնելու ժամին»։
Արձակագիր Արիս Հայրապետյանը«Եղեգան փողի» ծնունդը կապեց Վահագնի և լույսի ծնունդի հետ, ապա նաև՝իբրև կամուրջ գրողի և ընթերցողի միջև, որպեսզի վերջինս հասկանա, որ դեռ կորած չէ ամեն ինչ, և գոյություն ունի ազգայինն ու մշակութայինը։
ՀՌԱԿ Շիրակի շրջանակի ատենապետ, «Դպիր» հրատարակչության տնօրեն Հովիկ Կարապետյանը ելույթում կարևորեց «Եղեգան փող»թերթի առաքելությունը՝շեշտելով նաև համագործակցությունը «Դպիր» հրատարակչության և ՀՌԱԿ կառույցի հետ։
«Համազգային հայ կրթական և մշակութային միություն» հիմնադրամի Գյումրու գրասենյակի պատասխանատու Արա Նախշքարյանը նշեց, որ գրասենյակը մշտապես կանգնած է Գյումրու գրողների, ընդհանրապես՝ արվեստագետների, մշակույթի գործիչների կողքին և հույս հայտնեց, որ հետագայում կփորձեն նաև համագործակցել նկարիչների և երաժիշտների հետ։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Մի սար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի երաժիշտները /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արևիկ Թանաշեան/, հանդեսում ներառված գործերից հատվածներ ներկայացրեց ուսանողուհի Վարդուհի Ածիկյանը։
Միջոցառումն ամփոփվեց գինեձոնով։
Գինեձոն-շնորհանդեսը կազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» հիմնադրամի Գյումրու գրասենյակի մեկենասությամբ։
Հանդիպումը Գյումրու Շիրվանյան երիտասարդական կենտրոնի դահլիճում էր։Ցերեկույթը վարում էր Կարինե Մարտիրոսյանը։
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ