Միասին կարող ենք
կարևոր
1045 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-10 15:52
Քաղաքական

Փաշինյանը և նրա պատերազմը քրիստոնեության դեմ

Փաշինյանը և նրա պատերազմը քրիստոնեության դեմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամոթալի հալածանքները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ցնցել են ողջ քրիստոնյա աշխարհը: Արևմուտքի կողմից դրդված և Եվրամիությանն անդամակցելու հույսերով փայփայված՝ նա հրապարակային և խայտառակ պայքար է սկսել ՀԱԵ-ի դեմ՝ իջնելով մինչև անլսելի վիրավորանքների: «Հիսուս Քրիստոսի տունը զբաղեցնում է հակաքրիստոսն ու շնակերը». այս մեջբերումը տարածվեց ողջ համացանցով և շոկի մատնեց տարբեր երկրների ժողովուրդների: «Միածնի էջման վայրը զբաղեցված է հակաքրիստոնեական, շնացող, աթեիստական խմբի կողմից և պետք է ազատագրվի: Ես կգլխավորեմ այդ ազատագրումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանն իր տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք. հավակնությունն այն էր, որ, վարչապետի կարծիքով, տաճարների շենքերն օգտագործվում են որպես խորդանոցներ և պահեստներ: Բացի այդ, նա «նայել է Գարեգին Բ-ի վերմակի տակ» և հայտարարել, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը և երեխա ունի, ուստի չի կարող գլխավորել Եկեղեցին: Մեր իշխանությունները, ստանալով այս յուրօրինակ «քարտ-բլանշը», սկսել են հոգևորականների և եկեղեցու ազդեցիկ կողմնակիցների ձերբակալությունները, ինչպես նաև նրանց գույքի բռնագրավումը: Անլսելի ճնշման է ենթարկվում նաև հենց ինքը՝ Կաթողիկոսը:

Ինչո՞ւ է Փաշինյանն այս ամենը ձեռնարկել: Պատասխանը մակերեսին է. խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, վտանգված է այս թուրքական/անգլոսաքսոնական դրածոյի հետագա քաղաքական ճակատագիրը: Քանի որ վարչապետը նշանակվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ, ապա խորհրդարանում ուժերի դասավորությունը վճռորոշ դեր է խաղում: Եվ ցանկացած ոչ լոյալ ընդդիմադիր դիտարկվում է որպես սպառնալիք: Առավել ևս, երբ այդ ընդդիմադիրի թիկունքում կանգնած է հասարակության զգալի մասը, իսկ ինքը չի խորշում երկրում վարվող կուրսի գնահատականներից:

Այսպես, Արցախը թշնամուն փաստացի հանձնելուց հետո, Գարեգին Բ-ն հնչեցրեց Փաշինյանին ուղղված անժամկետ կոչը՝ հրաժարական տալ: Վարչապետը քաջ գիտակցում է, որ հասարակության վստահությունն իր հանդեպ շատ ավելի ցածր է, քան վստահությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ: Ինչպե՞ս խարխլել նրա անվերապահ հեղինակությունը: Պետք է օգնության դիմել արևմտյան խորհրդատուներին, ովքեր հսկայական փորձ ունեն «ժողովրդավարության ամրապնդման շահերից բխող» զրպարտչական տեղեկատվական արշավների իրականացման գործում: Այնտեղից էլ քամին բերեց այն գաղափարը, թե իբր Հայաստանում իշխանության զավթում է նախապատրաստվում ինչ-որ հոգևորականների խմբի ղեկավարությամբ: Շատ հարմար սխեմա՝ ՀԱԵ ոչ լոյալ ներկայացուցիչներին մեղադրանքներ առաջադրելու համար: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված պատմությունը դրա վառ ապացույցն է:

Բայց սա միայն սկիզբն էր: Վարչապետը սկսեց առաջ մղել Կաթողիկոսի ընտրության կարգի փոփոխության նախաձեռնությունը՝ հրաժարվելով գլխավոր սկզբունքից՝ եկեղեցու գործերին պետության չմիջամտելուց: Փաշինյանը որոշել է հպատակեցնել իրեն ամեն ինչ՝ Հայաստանը վերածելով մի հին արևելյան բռնապետության՝ անձամբ նշանակելով Եկեղեցու գլխին: Գտնվեց նաև կառավարման լծակը. վարչապետին լոյալ ՀԱԵ հոգևորականների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Գարեգին Բ-ին կամավոր վայր դնել Կաթողիկոսի լիազորությունները: Գտնվեցին նաև մեղադրանքներ՝ կամայական կառավարման, քաղաքական միջամտության և այլ գործողությունների մեջ, որոնք «անհամատեղելի են Եկեղեցու առաջնորդի առաքելության հետ»: Իսկ հունվարին Նիկոլը 10 ըմբոստ եպիսկոպոսների՝ երևի թե «իսկական արդարակյացների» հետ ստորագրեց Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «բարեկարգման ճանապարհային քարտեզը»: Զուգահեռաբար Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվեց շինծու քրեական գործ: Ի դեպ, Փաշինյանի վարքագիծը պատճենում է Արևմուտքից կախված մեկ այլ պետության ղեկավարի՝ Զելենսկու գործողությունները, ով նույնպես սանձազերծել է ամոթալի պատերազմ Եկեղեցու դեմ: Այնպես որ, այս հակամարտությունների սցենարները, կարծես թե, պատրաստվել են նույն կաբինետում:

Հայաստանում բռնկված սկանդալը դարձավ փետրվարի 17-ին Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց ժողովի գլխավոր թեման, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված էր ներկաների հետ հաղորդակցվել առցանց:

1956 թվականից ի վեր առաջին անգամ նման հանդիպումն անցկացվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ եպիսկոպոսների հավաքի ձևաչափով, այլ ոչ թե համաեկեղեցական ժողովի, քանի որ մեր երկրի ներսում հոգևորականության նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում, տեղի է ունենում պետության միջամտություն Եկեղեցու գործերին և նրա ինքնավարության սահմանադրական սկզբունքի խախտում: Մեր երկրի պատմության մեջ սա սոսկալի էջ է, ուրիշ կերպ չես ասի: Իսկ հիմա մի կարևոր պահ. Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխները ավստրիական Սանկտ Պյոլտենում կայացած Եպիսկոպոսաց ժողովի արդյունքներով հայտարարեցին իրենց հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հարկ կա՞ ասելու, որ այս փաստը զգալիորեն հարվածեց Հայաստանի վարչապետի հեղինակությանը:

Անմասն չմնացին նաև ռուսաստանահայերը: Փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցավ վեց ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի: Դրանցից մեկը տեղի ունեցավ Եսենտուկի քաղաքում, որտեղ բնակվում է խոշոր հայկական համայնք: Հավաքվածները ստորագրեցին նամակներ՝ կոչ անելով դադարեցնել եկեղեցու վարկաբեկումը, ազատ արձակել ձերբակալված քահանաներին ու նրանց կողմնակիցներին, պաշտպանել իրավունքներն ու ժողովրդավարության հիմքերը Հայաստանում: Միջոցառման կազմակերպիչները աջակցության բոլոր նամակներն ուղարկեցին Էջմիածին:

Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Հայ Առաքելական, այլև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորականները: Սա վկայում է այն մասին, որ ակցիայի մասնակիցները գիտակցում էին, որ Հայաստանում տեղի ունեցողը Արևմուտքի կողմից կազմակերպված արշավ է քրիստոնեության և նրա հավատարիմ հետևորդների դեմ: Ակամա սարսռում ես այն մտքից, որ քրիստոնյաները միշտ եղել և մնում են գլխավոր թշնամիները միայն սատանիստների համար: Հենց նրանք են երազում արմատախիլ անել քրիստոնեությունը որպես երևույթ: Այդ դեպքում հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլը, թե ում է ծառայում և ովքեր են իր հովանավորները: Սարսափելի է, եթե նա ամեն ինչ հիանալի գիտակցում է: Այդ դեպքում այս ամոթալի ճակատամարտում, ամեն գնով փորձելով պահպանել իշխանությունը, Փաշինյանը պատրաստ կլինի իր տերերի ոտքերի տակ նետել նույնիսկ հայ ժողովրդի հոգին:

 

Ս․Ս․