Միասին կարող ենք
կարևոր
799 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 13:55
Հասարակություն

Ռոժավայի հայերը ներկայացնում են իրենց պատմությունները Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Ռոժավայի հայերը ներկայացնում են իրենց պատմությունները Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց վարեցինք Վրեժ Մելքոնյանի և Արև Քասաբյանի հետ, ովքեր 1915 թ․ ցեղասպանությունը վերապրած, բայց սեփական լեզվով ու մշակույթով ապրել չկարողացած ընտանիքների զավակներ էին։

«Մեր միակ լուծումը միավորվելն ու մեր ինքնությունը պահանջելն է»

Վրեժ Մելքոնյանը, ով մեկ տարի ջոկատի մարտիկ է եղել, ասաց. «Ռոժավան Թուրքիայի Հանրապետությունից պաշտպանելը մեր պարտականությունն է՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի զավակներ»։

Բարև ձեզ, կարո՞ղ եք ներկայանալ։

Իմ անունը Վրեժ Մելքոնյան է։ Մարտիկ եմ Նահատակ Նուբար Օզանյանի անվան հայկական ջոկատում։

Ե՞րբ և ինչո՞ւ միացաք այդ ջոկատին։

Հայոց կոտորածի, Ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալուց հետո որոշեցի միանալ ջոկատին և եկա այստեղ։ Մոտ մեկ տարի ջոկատի մարտիկ եմ։ Դեռ բավարար ռազմական գիտելիքներ չունեմ, բայց կշարունակեմ պաշտպանել այն հողը, որի վրա ապրում եմ, ինչպես որ իմ ինքնությունն եմ պահպանում։ Շատ էի ուզում մասնակցել պատերազմին Ռոժավայի ներխուժման ժամանակ։ Սակայն չկարողացա, քանի որ բավարար ռազմական պատրաստվածություն չունեի։ Հետագայում որոշ ժամանակ մնացի թիկունքում։ Չնայած չկարողացա գնալ առաջնագիծ, գիտեմ, որ Ռոժավան ցեղասպան թուրքական պետությունից պաշտպանելը մեր պարտականությունն է՝ որպես Ցեղասպանություն տեսած ժողովրդի զավակներ։ Շարունակում եմ մնալ գումարտակում՝ այս պարտականությունը կատարելու համար։

Չնայած Ցեղասպանությունից անցել է 105 տարի, դրա հետևանքները շարունակվում են։ Կա մի փաստ․ ժողովուրդը չգիտի իր լեզուն, չգիտի իր մշակույթը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է արվի դա ուղղելու համար։

Հարյուրավոր, հազարավոր մարդիկ աքսորվել և կոտորվել են Ցեղասպանության ժամանակ, բայց 105 տարի անց մենք՝ որպես հայ զավակներ, չենք կարող լսել մեր լեզվով երգեր։ Մենք չենք կարող խոսել մեր մայրենի լեզվով։ Ճնշումների և կոտորածների ենթարկված մարդկանց և ազգերի համար միակ լուծումը միավորվելն է։ Մենք պետք է լինենք ինչպես աղյուսները, որոնք կողք կողքի են դրված շինության մեջ։ Պատմության ընթացքում մենք կամ դարձել ենք ֆրանսիացիներ, լիբանանցիներ, սիրիացիներ, արաբներ, կամ էլ մեզ կոտորել են Սերեկանիեում։ Սա ուղղելու մեր միակ ճանապարհը միավորվելն ու մեր ինքնությունը պահանջելն է, որովհետև մենք այլ ժողովուրդ ենք։ Հետևաբար, մեր գումարտակը, մեր պայքարը պետք է տարբեր լինի։ Չկա որևէ թուրք, ֆրանսիացի կամ արաբ, որը չիմանա իր մայրենի լեզուն, բայց մենք չգիտենք։ Այն փաստը, որ ես այժմ արաբերենով եմ պատմում Հայոց ցեղասպանության մասին, ապացուցում է, թե որքան իրական են Ցեղասպանության հետևանքները։ Ես դպրոց եմ գնացել մինչև 9-րդ դասարան, բայց ստացել եմ արաբական կրթություն։ Գիտեի, որ հայ ենք, բայց չգիտեի այլ հայերի գոյության մասին։ Մենք միայն գիտեինք, որ հայ ենք։ Լսելով, որ Հայկական գումարտակ է ստեղծվում, թողեցի աշխատանքս և միացա գումարտակին։ Իրականում, այն օրը, երբ պետք է առաջին անգամ միանայի Նահատակ Նուբար Օզանյանի գումարտակին, անգամ չգնացի ընտանիքիս մոտ կամ չվերցրի իրերս․ ուղիղ եկա գումարտակ։ Իհարկե, երբ առաջին անգամ միացա, շատ բան չէի տեսնում առջևում։ Անկեղծ ասած, շատ գիտակցաբար չմիացա, բայց ավելի ուշ՝ քաղաքական պատրաստվածության միջոցով ընկալեցի Ցեղասպանության իրողությունը և սկսեցի ավելի շատ մտածել այն մասին, թե ինչ պետք է անեմ։ Առաջին օրերից մինչև այսօր հետ նայելով՝ նկատել եմ, որ աստիճանաբար փոխվել եմ։ Իհարկե, բացի հայ լինելուց, իրենց հողը պաշտպանող քուրդ մարտիկների ներկայությունը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել գումարտակին միանալուս վրա։ Որպես այն ժողովրդի զավակներ, ովքեր չեն կարողանում խոսել իրենց լեզվով կամ ապրել իրենց մշակույթով, մենք՝ «Նահատակ Նուբար Օզանյան» հայկական գումարտակը, շարունակելու ենք ներկա լինել ամեն ապրիլի 24-ին՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար։

Շնորհակալություն։

«ԼԻՃ՝ ԼՑՎԱԾ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆՈՎ»

Մեր հարցազրույցի ժամանակ Արև Քասաբյանն ասաց. «Այս ցեղասպանական մտածելակերպի դեմ հանդես գալը, Հայոց ցեղասպանությունն անընդհատ հիշելը և մեզ հետ կատարվածի համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելը, թե՛ այսօր, թե՛ երեկ, ներկայի պարտականությունն է»։

Բարև ձեզ, կարո՞ղ եք ներկայանալ։

Իմ անունը Արև Քասաբյան է։ Ես հայանպաստ աշխատանքներ եմ իրականացնում Ալ-Հասաքա քաղաքում, Ջիզրե նահանգում։ Մենք փորձում ենք ստեղծել Հայկական խորհուրդ։ Նաև ներգրավված եմ այս խորհրդի նախաձեռնության մեջ, որը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Հայոց ցեղասպանությունը երբեմն հասարակական կարծիքում հիշվում է միայն ապրիլի 24-ին։ Սակայն, որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի զավակներ, դուք շարունակում եք այն անընդհատ զգալ։ Կարո՞ղ եք մեզ մի փոքր պատմել ձեր ապրումների մասին։

Հայերի ցավը շարունակվում է նույնիսկ Ցեղասպանությունից 105 տարի անց։ Ցեղասպանությունը տեղի չի ունեցել միայն 1915 թ․։ Այսինքն՝ այն շարունակվել է այդ ամսաթվից առաջ և հետո։ Այն շարունակվել է երբեմն կոտորածներով, երբեմն՝ աքսորներով։ Աշխարհագրությանը նայելով՝ հայերի ցեղասպանության պատմության մեջ ամենամեծ տառապանքները շարունակվեցին հայերի տեղահանությամբ դեպի սիրիական հողեր, մասնավորապես՝ Ռաս-ուլ-Այն և Դեր Զորի անապատներ։ Այնտեղ այնպիսի բարբարոսական կոտորածներ իրականացվեցին, որ, օրինակ, կա Մերգելա անունով մի շրջան, և այնտեղ մի լիճ՝ անունը Արյան լիճ, որովհետև այն լցված է հայերի արյունով։ Մեր տատիկներն ու պապիկները, ովքեր վերապրել են ցեղասպանությունը, ապրել են այստեղ՝ Ռոժավայում, քրդերի հետ կողք կողքի։ Իհարկե, մեր կրոնը փոխվեց, մեր լեզուն փոխվեց։ Բացի նրանցից, ովքեր չգիտեն, որ հայ են, ովքեր ձուլվել են, ովքեր չեն կարողանում խոսել իրենց լեզվով և մշակույթով, կան նաև մեզ նման շատ հայեր, ովքեր գիտեն, որ հայ են, բայց զգում են Ցեղասպանության հետևանքները՝ օտարվելով իրենց լեզվից և մշակույթից։ Իհարկե, մեզանից նրանք, ովքեր կարող են հպարտությամբ և առանց վախի ասել, որ հայ են, ավելի լավ կարտահայտվեն և կկազմակերպվեն այն Հայկական խորհրդի միջոցով, որը մենք այժմ պատրաստվում ենք ստեղծել։ Ռոժավայի հայերի համար աշխատանքը սկզբում սկսվեց ռազմական ոլորտում՝ Նահատակ Նուբար Օզանյանի անվան գումարտակի ստեղծմամբ։ Այժմ, Հայկական խորհրդի հետ միասին, մենք կշարունակենք ավելի լայն մոտեցումով՝ ներառելով հայերին։ Մեր նպատակն է սովորեցնել և զարգացնել հայոց պատմությունը, մշակույթը և լեզուն, ինչպես նաև վերականգնել մեր ձուլված ժողովրդի ինքնությունը։ Այս աշխատանքը, անկասկած, կընթանա ռազմական ոլորտում մեր աշխատանքին զուգահեռ։ Այն ժողովուրդը, որը չի կարող պաշտպանել իր սեփական հողը, ոչինչ չի կարող անել։ Մենք կպաշտպանենք մեր հողերը թուրքական պետությունից և կպաշտպանենք մեր պատմությունը, լեզուն և մշակույթը։ Մենք պետք է երկուսն էլ միասին անենք։

Հայկական խորհուրդը ստեղծելու ձեր ջանքերը շարունակվում են բավականին երկար ժամանակ՝ չնայած բոլոր խոչընդոտներին։ Դուք 3 անդամից բաղկացած այդ խորհրդի նախաձեռնության անդամ եք։ Կարո՞ղ եք մեզ մի փոքր պատմել ձեր աշխատանքի և նաև որպես կին ձեր փորձի մասին։

Մեր խորհրդի աշխատանքն ունի երկու ասպեկտ։ Առաջինը ուղղված է քրիստոնյա հայերին, իսկ երկրորդը՝ իսլամ ընդունած հայերին։ Մինչդեռ ֆեոդալական մշակույթը դեռևս շատ ուժեղ զգացվում է Ռոժավայի տարածքում, կա կրոնների, ազգությունների և մշակույթների մեծ բազմազանություն։ Այս բազմազանությունը բերում է ինչպես դրական, այնպես էլ տարբեր մարտահրավերներ։ Իհարկե, կան ասպեկտներ, որոնք ես մարտահրավեր եմ համարում որպես կին։ Սակայն, որքան լավ ենք մենք բացատրում մեզ, որքան լավ դիրքորոշում ենք ընդունում կյանքում, այնքան ավելի շատ ենք ընդունվում։

Չնայած կան ժողովրդավար մարդիկ, մեր հասարակությունում դեռևս կան բազմաթիվ ռեակցիոն և կնատյաց հայացքներ, որոնք ազդված են իսլամից։ Ընդամենը 10 տարի առաջ մեղք էր համարվում նույնիսկ տղամարդու հետ խոսելը. կանայք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ իրենց սիրելի տղամարդու հետ կամ կրթություն ստանալ, սպանվում էին։ Մենք դանդաղորեն հաղթահարում ենք այս հետադիմական մոտեցումները՝ կանանց սպանություններից անցնելով կանանց հեղափոխության։ Այժմ մենք ավելի տեսանելի ենք։ Ռոժավայի հեղափոխության շնորհիվ կանայք սկսում են ընկալվել որպես ուժ և լուրջ ընդունվել։ Հետևաբար, մենք վստահորեն նայում ենք առաջ՝ անտեսելով բոլոր հետադիմական մոտեցումները, որպեսզի ավելի տեսանելի լինենք մեր աշխատանքում և ավելի քիչ խնդիրներ ունենանք։

Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել։

105 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության մեկ այլ ձև է շարունակվում թուրքական պետության կողմից, որը ցանկանում է օկուպացնել Ռոժավան։ Թուրքական պետությունը անտեսում է ժողովրդին։ Փորձելով օկուպացնել Ռոժավայի հողերը՝ կրկին կոտորում է այնտեղ ապրող մարդկանց՝ նրանց մղելով գաղթի, սովի և աղքատության։

Մեր պարտականությունն է դեմ կանգնել այս ցեղասպան մտածելակերպին, անընդհատ հիշել Հայոց ցեղասպանությունը և պահանջել առերեսում անցյալի և ներկայի համար՝ առանց մոռանալու, թե ինչ է մեզ հետ կատարվել պատմության մեջ։

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, ես հարգանքով խոնարհվում եմ անմահացածների առջև և հարգանքով հիշում եմ Ռոժավայի հեղափոխության ժամանակ որպես նահատակ ընկած բոլոր ազատամարտիկներին։

Որպես հայեր, ովքեր այսօր էլ Ռոժավայի հողերում զգում են Ցեղասպանության հետքերը իրենց արյան և հոգու մեջ, մեր պատասխանը ցեղասպանությանը կլինի սեփական կազմակերպության ստեղծումը։ Ապրիլի 24-ին ստեղծված «Նահատակ Նուբար Օզանյան» գումարտակը դարձավ պատասխան այս իմաստով։ Լուծում կլինի նաև Հայկական խորհրդի ընդլայնումը, որը կօգնի մեզ վերականգնել մեր ժողովրդին Ռոջավայի յուրաքանչյուր անկյունում, այն հողում, որտեղից մեզ աքսորել են:

Շնորհակալություն և մաղթում ենք ձեզ հաջողություններ:

https://ozgurgelecek55.net/soylesi-ermeni-soykiriminin-105-yildonumunde-rojavadaki-ermeniler-anlatiyor/

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net