|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ Է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Փետրվարի 13-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ, որն էլ իր հերթին իբրև թե առնչվում է բարձրաստիճան հոգևորականներին և նրանց հետ փոխկապակցված ընկերություններին։
«Ռշտունին, քննության առնելով պաշտպանական կողմի` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը, բավարարել է այն և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, ըստ որի` դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում։ Ըստ էության, վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,– գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ քրեական վարույթը, որի շրջանակում բեւժկենտրոնում խուզարկություններ արվեցին, նախաձեռնվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին։ Ըստ նյութերի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով` չնայած տվյալ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել։ Այդ կերպ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունները ոչ միայն մեծ շահույթներ են ունեցել՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, այլև որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։