կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 14:56
Մշակույթ

«Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը

«Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը

Հունիսի 4-ին` ժամը 16-ին, «The Club»-ում (Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը:

 

Հանդեսը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝ Կարեն Անտաշյան (բանաստեղծ), Հասմիկ Հակոբյան (գրականագետ), Արքմենիկ Նիկողոսյան (գրականագետ), Աշոտ Գաբրիելյան (բանաստեղծ), Զավեն Բոյաջյան (թարգմանիչ, կինոգետ), Լիլիթ Գալստյան (Համազգային ՀԿՄՄ տնօրեն): Մուտքն ազատ է:

 

«Գրանիշ» հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է «Գրանիշ քաղաքացի»: Հանդեսում տեղ են գտել ինչպես հայ ժամանակակից հեղինակների, այնպես էլ արտասահմանյան գրականության թարգմանություններ, հետազոտություններ: Գրողի քաղաքացիական դիրքորոշման թեմային անդրադառնալու` «Գրանիշի» այս ձեռնարկը պայմանավորված է ձևակերպումներ ու վերաձևակերպումներ անելու` հանրային իրական պահանջարկով: Վերջերս ավելի ու ավելի հաճախ է հանրայնորեն հարցադրվում, թե գրողները պարտավոր են գործուն և ուղեցույց քաղաքացիական դիրքորոշում արտահայտել հանրային հնչեղություն ունեցող խնդիրների վերաբերյալ` ոչ միայն իբրև քաղաքացիներ, այլ նաև նոր խոսքի արտադրողներ` թե՛ ակտիվորեն բարձրաձայնվող սեփական կարծիքով, թե՛ ստեղծագործությամբ: Մյուս կողմից` քիչ չեն նաև այն դիրքորոշման կողմնակիցները, որ գրականությունը պետք է զերծ պահել քաղաքականացումից, իսկ գրողին՝ ընթացիկ լրահոսում մշտապես լինելու պարտադրանքից:

 

Խմբագրակազմի խնդիրը, ինչպես միշտ, առկա բոլոր իրացումներն իբրև փաստ և փաստերի համադրություն ներկայացնելն է: Այս թողարկման շրջանակներում փորձ է արվում համակողմանի սահմանել մի կողմից գրողներին՝ իրենց հանրային վարքի և դիրքավորման մոդելի ընտրության ազատությամբ, և մյուս կողմից՝ հասարակությունը` իբրև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում արտիստի հետ փոխհարաբերության պահանջատիրական կամ սպառողական, արժևորող կամ ոչնչացնող մոդելների թելադրող:

 

«Գրանիշ քաղաքացի» հանդեսով սկիզբ է դրվում նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ ակտիվ գործակցության: Այսպիսով` ժամանակակից հայ գրականության և գրողների ներկայացման, ընդհանրապես` Հայաստանում կենդանի մշակութային գործընթացների խթանման գործում գրանիշական համայնքն ընդլայնվում է: