Միասին կարող ենք
կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-11 17:28
Հասարակություն

Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ

Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ

«Ադրբեջանում հայ բանտարկյալներին, ըստ նրանց ընտանիքների,  արգելվում է կրոնական նյութեր, մասնավորապես՝ Աստվածաշունչ ստանալ»,-այս մասին նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF)  2026թ. տարեկան զեկույցում:

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ  փետրվարին USCIRF-ի պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ գնահատելու կրոնի ազատության պայմանները և հանդիպելու կառավարական պաշտոնյաների հետ։

«Թեև ադրբեջանական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել USCIRF-ի հետ երկխոսելու հարցում, այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր այն էական առաջընթաց չի գրանցել կազմակերպության առաջարկությունների իրականացման ուղղությամբ»,-արձանագրվում է զեկույցում։

Փաստաթուղթն անդրադարձել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ու քրիստոնեական հուշարձանների ճակատագրին: «Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական հուշարձանները շարունակում են վտանգի տակ մնալ՝ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին այդ տարածքների վերահսկողությունից հետո։ Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերների վերլուծությունը հայտնաբերել է ութ ոչնչացված և ևս տասը վնասված կրոնական վայր, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ և այլ մշակութային արժեքներ»։

Ներկայացված է նաև հանձնաժողովի  նախագահ Վիքի Հարթզլերի՝ Ադրբեջանի վերաբերյալ հատուկ կարծիքը, ըստ որի  Ադրբեջանը «Հատուկ դիտարկման  երկների»  ցանկից պետք է  տեղափոխվի  կրոնական ազատությունների տեսակետից ավելի վատ վիճակում գտնվող՝  «Հատուկ մտահոգության երկների» շարք, քանի որ երկիրը շարունակաբար, բացահայտ և կոպտորեն խախտում է կրոնական ազատությունը։

«Երկիրը արտաքուստ հայտարարում է, որ աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը։ Այն խոշտանգում է իր քաղաքացիներին, վերահսկում է կրոնական գործունեությունը, վտարում է անկախ լրատվամիջոցներն ու Կարմիր Խաչին, և ոչնչացնում է կրոնական ժառանգության վայրերը։

Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալները, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց բավարար իրավաբանական օգնության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի մատչելիության բացակայության, զրկվել են Աստվածաշնչից, խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել։ Ոստիկանությունը պատասխանատվության չի ենթարկվում այս գործողությունների համար»:

Նա նաև նշում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիարժեք գործընկեր և խթանել ընդհանուր տնտեսական ու ռազմավարական նպատակները, պետք է կատարի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իրականում ընդունելու ուղղությամբ։