կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-19 15:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն

2020թ. սեպտեմբերի 19-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն:

Օրակարգում երկրի ներքին և արտաքին մարտահրավերներն էին, քաղաքական իշխանության գործունեության գնահատականը և Դաշնակցության առաջիկա անելիքները:

Քննարկումների արդյունքում կատարվեցին հետևյալ հաստատումները.

  • Տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներին զուգընթաց, երկիրը կանգնած է արտաքին քաղաքական մեկուսացման վտանգի առջև: Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև մարտավարական ձախողումները, ներազգային համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը:
  • Հասարակական հարաբերություններում խորանում է անհանդուրժողականության,  ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Նսեմացվում են ազգային և ավանդական արժեքներն ու ինստիտուտները:
  •  Կասեցվել է երկրի զարգացման ընթացքը: Տնտեսությունն անկում է ապրում, չկան նոր ներդրումներ, ավելանում են գործազրկությունն ու աղքատությունը:
  • Սոցիալական, առողջապահական, կրթական և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությունը լիովին ձախողված է:
  • Ձևախեղվում է խորհրդարանական կառավարման համակարգը, հաստատվում է անձնիշխանություն: Մերժված արատներն ու բարքեր նոր դրսևորումներ են ստանում։ Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը։
  • Կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային կառավարման ձախողումն առավել ակնառու դարձրեց պետության կառավարման հարցում  վարչախմբի անկարողությունը։
  • Ներկայիս Ազգային ժողովը, որպես առաջնային պատասխանատու քաղաքական մարմին, այլևս չի արտահայտում ժողովրդային լայն զանգվածների  տրամադրություններն ու  քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, կորցրել է ներկայացուցչական մարմնին հատուկ դերակատարությունը և ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները:

Ելնելով խորհրդակցության արդյունքներից` ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը վերահաստատեց.

  1. Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումն այլընտրանք չունի:
  2. Նոր իշխանության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն ներազգային համերաշխության հաստատումը, առկա ճգնաժամի հաղթահարումը և ազգային ուղեգծով երկրի զարգացման ապահովումը:
  3. Հանրության լայն շրջանակների ընդգրկմամբ` անհրաժեշտ է նոր թափ հաղորդել այս նպատակն ապահովող քաղաքական աշխատանքներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

19.09.2020 թ.