Միասին կարող ենք
կարևոր
1132 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-10 18:45
Աշխարհ

Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք

Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք

Մերձավոր Արևելքում ծավալվող լայնածավալ պատերազմի ֆոնին Լիբանանում մարդասիրական ճգնաժամը խորացել է. 84 երեխա է զոհվել, իսկ ավելի քան 667 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, հաղորդել է ՄԱԿ-ի երկու գործակալություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 486 մարդ զոհվել է, իսկ 1313-ը՝ վիրավորվել, որոնց թվում՝ 259 երեխա։

«Սա ընդամենը յոթնօրյա հակամարտություն է, և մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է մոտ 100 երեխա զրկվել կյանքից»,- ասել է Լիբանանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը:

Նա նշել է, որ զոհերի մեջ երեխաների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հարձակումների մեծ մասը թիրախավորում է Բեյրութի նման քաղաքային կենտրոնները։ Նա հավելել է, որ Իսրայելի ավիահարվածները վտանգի են ենթարկում քաղաքացիական բնակչության կյանքը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը երեքշաբթի հաղորդել է, որ Լիբանանում ներքին տեղահանությունների ներկա մակարդակը գերազանցում է «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2023-2024 թվականների պատերազմի մակարդակը։ Այդ ժամանակ Լիբանանում 886 հազար մարդ ներքին տեղահանված էր, մինչդեռ տասնյակ հազարավոր իսրայելցիներ տարհանվել էին Լիբանանի սահմանին մոտ հյուսիսային քաղաքներից։

Այս շաբաթ տեղահանվածների կտրուկ աճը կապված է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հարավային Լիբանանից և Բեյրութի խիտ բնակեցված հարավային արվարձաններից տարհանման լայնածավալ հրամանների հետ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը ուրբաթ հայտարարել է, որ այս միջոցառումները լուրջ մտահոգություններ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ Լիբանանի հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունները «ծայրահեղ լարվածության» տակ են, քանի որ պայքարում են հիվանդների աճող թվի հետ։

Հինգ հիվանդանոց ամբողջությամբ փակ է։

Չորսը մասամբ վնասված է։

43 առաջնային առողջապահական կենտրոններ փակ են, հիմնականում հարավում, որը գրեթե ամբողջությամբ տարհանվել է։

 «Շատ մարդիկ, որոնք փախչում են, արդեն լքել են իրենց տները 2024 թվականին։ Մենք հանդիպեցինք շատերի, որոնց տները լիովին ավերվել էին, ընտանիքի անդամները սպանվել էին և այլն։ Մարդիկ չեն սպասում տեսնելու, թե ինչ կլինի հետո։ Նրանք անմիջապես հեռանում են»,- ասել է Լիբանանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քերոլայն Լինդհոլմ Բիլինգը։

Մոտ 120 հազար մարդ մնում է կառավարական ապաստարաններում, մինչդեռ մյուսները դեռ մնալու տեղ են փնտրում, հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ վկայակոչելով կառավարության տվյալները: «Շատերը մնում են հարազատների կամ ընկերների մոտ կամ դեռ փնտրում են բնակարան: Փողոցներում մենք տեսնում ենք մեքենաներ, որտեղ մարդիկ քնած են, ինչպես նաև մարդկանց՝ մայթերին»,- հավելել է Բիլինգը: