|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները պատրաստակամություն են հայտնել Էներգետիկայի միջազգային գործակալության հետ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ՝ զսպելու էներգակիրների գնաճը, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին Էներգետիկայի միջազգային գործակալության տնօրենի հետ G7-ի երկրների վիրտուալ հանդիպումից հետո մարտի 11-ին Մեծ յոթնյակի երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «G7 անդամները ուշադիր կուսումնասիրեն քննարկումների ընթացքում արված առաջարկները»։
«Սկզբունքորեն մենք աջակցում ենք իրավիճակը կարգավորելու համար նախաձեռնողական միջոցառումների իրականացմանը, ներառյալ ռազմավարական պաշարների օգտագործումը», - ասվում է հայտարարության մեջ։
Էներգետիկայի միջազգային գործակալության անդամ երկրները ներկայումս ունեն ավելի քան 1.2 միլիարդ բարել պետական նավթի պաշար, ևս 600 միլիոն բարել նավթի արդյունաբերական պաշարները պահվում են կառավարության մանդատներով։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրն առանձին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «այս փուլում» որևէ վերջնական որոշում չի կայացվել։
«Մենք պետք է շատ հստակ ուղերձ հղենք, այն է՝ եթե չկարողանանք վերաբացել Հորմուզի նեղուցը, մենք այն կփոխարինենք այլ նավթով, որը կգա այլ տեղից և կշրջանառվի ամբողջ աշխարհում», - մարտի 11-ին ասել է նա BFMTV/RMC հեռուստաալիքի եթերում։
Թեմայի վերաբերյալ խոսել է նաև Իսպանիայի էներգետիկայի նախարար Սառա Աագեսենը՝ հայտնելով, որ իր երկիրն աջակցում է Էներգետիկայի միջազգային գործակալության առաջարկին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով առաջացած նավթի գների կտրուկ աճը մեղմելու համար իր պատմության մեջ ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից։