Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերա Ցուրու
Թամարն այսօր հայերի և վրացիների շրջանում տարածված կանացի անուն է։ Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանից», որը բարձրարժեք գիտական ստեղծագործություն է, տեղեկանում ենք, որ հայերի մեջ առաջինն այս անունը կրել է Թամար թագուհին՝ Գագիկի կինը։ Թամարը սպարապետ Շապուհի՝ Աշոտ Ա Բագրատունի թագավորի (884–890 թթ.) որդու դուստրն է։
«Աղթամար» անվան մասին ամենավաղ հիշատակությունը գտնում ենք Փավստոս Բուզանդի Պատմության երրորդ գրքի 8-րդ գլխում, որը գրվել է 5-րդ դարի առաջին քառորդում։
«[Բիզնունյաց իշխան Դատաբենի] կինն ու երեխաները Ռուշտունյաց Աղթամար կոչվող ամրոցի կղզում էին։ Սպարապետ Վաչեն նավով անցավ կղզի ու ոչ մի տղամարդ ու կին ողջ չթողեց։ Այդպիսով ավարտվեց այդ իշխանապետության տոհմը, և նրա ունեցվածքը բռնագրավվեց թագի անունով»։
Բզնունյաց իշխանության տակ Խլաթն ու Ադիլջեւազն էր։ Ռշտունիները Գևաշի (Ոստան-Ակունքի խմբ․) տերերն էին։ Դատաբենը պարտություն կրեց և մահապատժի ենթարկվեց Խոսրով թագավորի կողմից Արեսդի (այժմ՝ Մուրադիե-Ունսելի) ճակատամարտում մոտ 337 թ․՝ Իրանի աջակցությամբ քրիստոնյաների դեմ պատերազմ մղելու համար։ Մենք չենք կարող վստահ լինել վերը նշված մեջբերման «որ կոչվում է Աղթամար» արտահայտության իսկության մեջ։ «Փավստոսի պատմության» բոլոր ժամանակակից հրատարակությունները և թարգմանությունները հետևում են 1832 թ․ վենետիկյան հրատարակությանը: Այս հրատարակությունը հիմնված է այն ժամանակ հայտնի մոտ տասը ձեռագրերի վրա, որոնցից ամենահինը 1622 թվի է։ Լուրջ տարբերություններ կան 12-րդ դարի երկու ձեռագրերի, որոնք հետագայում ուսումնասիրել է Գալուստ Տեր-Մկրտչյանը, և հրատարակված տեքստի միջև։ (Տե՛ս «Փավստոսի ձեռագրերը», Zeitschrift fur Armenische Philologie, Bd. II, 1904, էջ 267–86): Քանի որ այս ձեռագրերը չեն տպագրվել, մենք չգիտենք, թե արդյոք նշել են կղզու անունը։ Սակայն մեծ հավանականություն կա, որ «որը կոչվում է Աղթամար» արտահայտությունը որպես բացատրություն ավելացվել է հետագա արտագրողների կողմից։
***
Նույն կասկածը վերաբերում է Թովմա Արծրունու «Ժամանակագրությանը», որը ենթադրաբար գրվել է 904 կամ 905 թ.։ Այս աշխատության երրորդ գրքի 20-րդ գլխում կարդում ենք հետևյալը.
«[Իրենց հոր և մոր մահից հետո՝ մեկ տարվա ընթացքում] որդիները՝ Գագիկը, Աշոտը և Գուրգենը Սուրբ Խաչի տոնին կարգավորեցին իրենց ժառանգական իրավունքները և սուրբ եկեղեցուն նվիրեցին չորս ագարակներ՝ Փշոց կոչվող վանքին, կղզու և եկեղեցու հարևանությամբ Ահավանքի ագարակը և Մանակերտի ժայռի դիմացից դեպի արևելք և շատ այլ վայրեր, որոնք փոխանցեցին դրանք հոր և մոր մահից հետո՝ ի նպաստ Աղթամար կղզու Սուրբ Խաչի»։
Քանի որ հայր Գրիգոր-Դերանիկը՝ Վասպուրականի տերը, մահացել է 887 թ․, իսկ նրա կինը վախճանվել է նրանից մեկ տարի անց, այս իրադարձությունը պետք է տեղի ունենար 888 թ․։ Ըստ մատենագրի՝ որդիների տարիքը հոր մահվան ժամանակ եղել է 9, 7 և 5։ Ահավանք կոչվող վայրը ներկայիս Կարմիր մահիկի հանգստյան ճամբարն է, որը գտնվում է հենց Աղթամար կղզու դիմաց: Մանակերտի ժայռը ատամնավոր բլուր է, որն այժմ կոչվում է Քերեթաշ, և գտնվում է դրանից անմիջապես արևելք: Փշոց վանքի մասին ոչինչ չգիտենք։
Մեջբերման վերջին կետը ավելի ուշ ավելացված բացատրության (մեկնաբանության) տպավորություն է թողնում։ Այսինքն՝ դեռ չենք կարող վստահ լինել, որ 888 թ․ կղզու անունը եղել է Աղթամար։ Սակայն հաստատ է, որ կղզին «Աղթամար» է կոչվել ամենաուշը 921 թ․՝ ներկայիս մոնումենտալ եկեղեցու կառուցման տարում։ Տարեգրության առաջին հավելվածի անանուն հեղինակը նշում է, որ կղզին բնակեցված է եղել նաև Դավիթ Սահառունու (635–638) և Ռաշամ Ռշտունու ժամանակներում, սակայն կղզում մշտական շենք չի կառուցվել, և նա չի հիշատակում Փավստոսի հիշատակած ամրոցը։ (Քանի որ այս հավելվածը հանվել է Գագիկ Ա-ի մահից առաջ, այն պետք է գրված լինի մինչև 943 թ․)։
Ռազմավարական նշանակությունը
Երեք եղբայրներից Գագիկը 908 թ․ Ատրպատականի էմիր Յուսուֆ բ. Էբիլ-Սաջի կողմից Հայոց թագավոր հռչակվելուց որոշ ժամանակ անց գիտակցելով Աղթամար կղզու ռազմավարական նշանակությունը, որոշեց իր մայրաքաղաքը տեղափոխել այստեղ։ Տարեգրության հավելվածի հեղինակը շատ մանրամասն նկարագրել է քաղաքի և քաղաքում գտնվող Սուրբ Խաչ վանքի շինարարության ընթացքը, այդ թվում՝ քանի հոգի է աշխատել շինարարության մեջ, որտեղից են եկել բանվորները, որտեղից է բերվել քարը և ինչպես է տեղափոխվել։ Աղթամար կղզու մեծ մասը և կղզու վրա գտնվող քաղաքը ջրի տակ են անցել Վանա լճի բարձրացման պատճառով մոտ 1760 թ.։ Հասկանալի է, որ թագավորը, որի հարթաքանդակը պատկերված է եկեղեցու դռան վրա, այդ ժամանակ 35 տարեկան էր։
«Աղթամար» անվան ծագումը լայնորեն քննարկված և հստակ լուծված հարց է։ Անունը հայերեն իմաստ չունի։ «Ախ, Թամար»-ի ժողովրդական լեգենդը, որի հիմնական աղբյուրը ռոմանտիկ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 1891 թ․ լույս տեսած համանուն ստեղծագործությունն է, չի կարելի լուրջ ընդունել։ Որպես ընդհանուր կանոն, ոչ մի մշակույթում տեղանունները չեն բխում անեկդոտից, բայց յուրաքանչյուր մշակույթում անգրագետ մարդիկ սովորաբար հակված են անեկդոտով բացատրել տեղանունները, որոնց նշանակությունն ու ծագումն անհայտ են:
Այստեղ պետք է նշենք երկու հիմնական հնչյունական օրենք։ Նախ՝ օտար լեզուներից վերցված անուններում /լ/ հնչյունը հայերենում միշտ վերածվում է /ղ/-ի։ Երկրորդ՝ հայերեն թ հնչյունը համապատասխանում է հունարեն th (θ) եւ արաբերեն թը (ط) հնչյուններին։ Ուստի հարկավոր է մտածել, որ անվան սկզբնական ձևը հունարենում կարող է լինել «Ալթհամար» կամ արաբերենում՝ «ալ-թամար»։ Քանի որ 10-րդ դարի շեմին այս տարածաշրջանում հունական անուն չկար, պետք է կենտրոնանալ երկրորդ հավանականության վրա։
9-րդ և 10-րդ դարերում արքայական դինաստիայի բարձր մշակութային լեզուն արաբերենն էր։ Գագիկի հոր տիտղոսը և նրա սեփական տիտղոսը մինչև իր թագավորությունը հռչակելը «ամիր» էր (էմիր): Նրա պապը և նրա մեծ հորեղբայրներից մեկը կոչվում են Աշոտ Աբղաբաս (Էբուլ-Աբբաս, մահ. 852) և Աբուջաֆար (Էբու Ջաֆեր): Հայր Գրիգոր Դերանիկը իր պատանեկության մի մասը որպես պատանդ անցկացրել էր Բաղդադի պալատում։ Գագիկի երկրորդ որդու անունը Համազասպ Աբուսահլ էր (Աբու Սեհլ): Նրա ազգականը, ով հոր մահից հետո յուրացրել է իշխանությունը, հայտնի է Գագիկ Աբումրվան (Աբու Մերվան) կրկնակի անունով։ Արաբական անուններն ու տիտղոսները տարածված են նաև Կարսի Բագրատունյաց տոհմում, որից սերում էին և՛ Գագիկի մայրը, և՛ կինը։
Թամարը այսօր հայերի և վրացիների շրջանում տարածված կանացի անուն է։ Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանից», որը բարձրարժեք գիտական ստեղծագործություն է, տեղեկանում ենք, որ հայերի մեջ առաջինն այս անունը կրել է Թամար թագուհին՝ Գագիկի կինը։ Թամարը սպարապետ Շապուհի՝ Աշոտ Ա Բագրատունի թագավորի (884–890 թթ.) որդու դուստրն էր։ Նրա քույրը, որի անունը անհայտ է, թագավորությունը զավթած Աբումրվանի կինն էր։ Քանի որ նրա հայրն այցելել է դինաստիա նախքան իշխանության յուրացումը, մեծ հավանականություն կա, որ կրկնակի ամուսնությունը որոշվել է մոտ 896 թ․։ Երբ 908 թ․ Գագիկն իրեն թագավոր հռչակեց, ամուսնացավ Թամարի հետ։ Այս ամսաթվից հետո Թամարը միշտ հիշատակվում էր «մլքե» տիտղոսով։ «Մլքե Աստվածաշունչը», որը նրան տրվել է հարսանիքի կամ թագուհի դառնալու առիթով, համարվում է հայկական գեղագրության և մանրանկարչության գլուխգործոցներից մեկը։ Աղթամար (Սուրբ Խաչ) եկեղեցու հետևի արտաքին մասում նրա հարթաքանդակ դիմանկարն է։ Նա մահացել է 937 թ.։
Այս տվյալների լույսի ներքո Թամար թագուհու պատվին տրված «Աղթամար» անունը խիստ հավանական վարկած է թվում։ Սկզբին ավելացված «աղ» վանկը հուշում է արաբերեն «ալ-Թամար» ձևը: «Al-ṭamar» (الطمر) արաբերեն նշանակում է խուրմա: Նույն բառը եբրայերենում օգտագործվում է նույն իմաստով։ Թորայում Դավիթ մարգարեի դուստրը և նաև Սողոմոն մարգարեի որդի Ռոբովամի կինը՝ Թամար (תָּמָר) անունն են կրում։ Կարծես թե իշխանուհու՝ Գագիկի կնոջ համար տեղին է կրել մի անուն, որն ունի և՛ արաբերեն իմաստ, և՛ համարժեք հրեական/քրիստոնեական՝ Աստվածաշնչում։
«Աքդամար»-ը, որն առաջացել է 1940-ականներին և պաշտոնական է դարձել 1980-ականների ռազմական վարչակարգի ժամանակ, Թուրքիայի Հանրապետության դրած անվանումն է։ Դա պետք է դիտարկել որպես իշխանության կողմից հորինված ապատեղեկատվություն։
https://www.agos.com.tr/tr/yazi/31054/akdamar-degil-agtamar
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net