կարևոր
2173 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 17:44
Հասարակություն

Վանա լճի Աղթամար կղզին իր այցելուներին կընդունի նորացված տեսքով

Վանա լճի Աղթամար կղզին իր այցելուներին կընդունի նորացված տեսքով

Վանա լճի Աղթամար կղզին նահանգապետարանի ղեկավարությամբ նախաձեռնված քայլուղով, լուսավորությամբ, արևային մարտկոցների թարմացմամբ, փաթեթային աղբահանության հարմարությունների ստեղծմամբ և կանաչապատման աշխատանքներով պատրաստվում է զբոսաշրջության սեզոնին։

Մեսութ Վարոլ

Գեւաշ գավառի Աղթամար կղզին, որն իր այցելուներին գարնանը գրավում է ծաղկած նուշի, ամռանը՝ երկնքի կապույտի ու Վանա լճի, իսկ ձմռանը՝ ձյան սպիտակ ծածկույթի տեսարաններով՝ քաղաքի ամենաայցելվող հնավայրերից է։

Վանի նահանգապետարանը նախագիծ է պատրաստել, որպեսզի այցելուները կարողանան հարմար տեղաշարժվել և լավ ժամանակ անցկացնել կղզում, որը Վասպուրականի թագավոր Գագիկ Ա-ի կողմից 915-921 թթ․ կառուցված եկեղեցու հետ միասին կրոնական զբոսաշրջության նշանավոր կենտրոններից է:

Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ Վանի նահանգապետարանի ներդրումների մոնիտորինգի և համակարգման վարչության անցկացրած մրցույթի ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել կանաչապատման և քայլուղիների կառուցման, արևային մարտկոցների թարմացման, լուսավորության թարմացման և փաթեթային աղբահանության հարմարությունների ուժեղացման ուղղությամբ:

Նախագծի իրականացմամբ նպատակ է դրվել ավելի գեղեցիկ տեսք հաղորդել կղզուն, ուր կարելի է հասնել նավով զբոսանքից հետո, որը Գեւաշ և Արտամետ գավառների նավամատույցներից տևում է մոտ կես ժամ:

«Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել»

Վանի թանգարանի տնօրեն Էրդալ Աքարը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց, որ այս տարվա ինն ամսում կղզի է այցելել մոտ 150 հազար տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկ։

Ներկայացնելով, որ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Աղթամար կղզի և այնտեղ գտնվող եկեղեցի, Աջարն ասաց. «Կղզին այցելուների՝ ամենահաճախելի վայրերից մեկն է։ Այն 2015 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում։ 2010 թ․ սկսած՝ մեր նախարարության թույլտվությամբ ամեն տարի սեպտեմբերին պատարագ է անցկացվում։ Այս համատեքստում այն ​​շատ կարեւոր տեղ է թե՛ տարածաշրջանային զբոսաշրջության, թե՛ հնագիտական ​​առումով»։

Նշելով, որ սկսել են աշխատել, որպեսզի կղզու շքեղությունն ավելի աչքի ընկնի, Աջարը նշեց, որ նման մեծ թվով այցելուներ ունեցող վայրում միջավայրի բարեկարգման կարիք կա։

Հայտնելով, որ աշխատանքները նախաձեռնվել են Վանի նահանգապետարանի ղեկավարությամբ, Աջարն ասաց. «2024 թ․ զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու համար նախաձեռնված աշխատանքների շրջանակում թարմացվում են լուսավորությունը, եկեղեցու և ամրոցի շուրջ լուսավորությունը և տեսախցիկները։ Փաթեթային աղբահանման համակարգը, որը անհրաժեշտությունը մեծ է, վերանայվում և ամրապնդվում է։ Արևային էներգիայի վահանակների տարողունակությունը, որոնք բավարարում են կղզու էլեկտրաէներգիայի կարիքները, կավելացվեն հինգ անգամ։ Կատարվում են նաև քայլուղիների, փայտյա ճաղերի, երկու կառամատույցների հիմքերի ձևավորման և ամրացման աշխատանքներ։ Այցելուների կողմից օգտագործվող ճաշարաններն ու զուգարանները կվերանորոգվեն։ Այս բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Ծրագրի ավարտով Աղթամար կղզին պատրաստ կլինի հաջորդ զբոսաշրջային սեզոնին»։

Նշելով, որ սեզոնային պայմաններից կախված բազմաթիվ կետերում համաժամանակյա աշխատանք է իրականացվում, Աջարն ավելացրեց. «Զբոսաշրջության կարևորագույն գործոններից է դիտման և տեղեկացվածության բարձրացումը: Այս աշխատանքը կբարձրացնի կղզու դիտվածությունը։ Այն ավելի կբարձրացնի իր գրավչության կենտրոնի առանձնահատկությունը: Աշխատանքներն իրականացվում են այնպես, որ բացասաբար չանդրադառնան կղզու պատմական կառուցվածքի ու ցանցի վրա»։

«Նոր ճանապարհներ ու պատեր են կառուցվում»

Ստամբուլից եկած Էմրեջան Իփեքն ասաց. «Երկու օր է, ինչ շրջում ենք Վանա լճով։ Չէի սպասում, որ այսքան գեղեցիկ կլինի: Ժամանակ ենք անցկացնում կղզում: Լանդշաֆտը շատ գեղեցիկ է։ Կատարվում է նաև կանաչապատում։ Այս վայրն էլ ավելի գեղեցիկ կլինի։ Կշարունակեմ գալ, երբ դարձյալ առիթ լինի»:

Յաքուփ Քիյաթը նշեց. «Առաջին անգամ եմ գալիս Աղթամար: Չէի սպասում, որ այսքան գեղեցիկ կլինի: Ես ցնցված եմ։  Շրջակա տարածքը կանոնակարգվում է, կառուցվում են նոր ճանապարհներ, պատեր։ Տեռասը վերանորոգվում է։ Շատ լավն է դառնում»։

https://www.aa.com.tr/tr/yasam/van-golundeki-akdamar-adasi-yenilenen-yuzuyle-ziyaretcilerini-agirlayacak/3018037

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net