կարևոր
3283 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-28 16:59
Հասարակություն

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին նախապատրաստվում է 11-րդ պատարագին

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին նախապատրաստվում է 11-րդ պատարագին

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մեկնարկել են վերականգնումից հետո 11-րդ անգամ մատուցվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Դեմիրեորեն» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վան նահանգի Գեւաշ (պատմական՝ Ոստան) գավառի գավառապետ Մուրադ Սեզերը հիշյալ լրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ակնկալվում է հարյուրավոր մարդկանց մասնակցությունը պատարագին։

Թուրքական աղբյուրը նաև հիշեցնում է, որ սույն եկեղեցին կառուցել է տվել Վասպուրականի թագավոր Գագիկ Առաջինը, 915-921 թթ․, սակայն չի նշում, որ խոսքն իրականում հայոց արքայի մասին է, և միայն ընդգծում է, որ Աղթամարի եկեղեցին «մեծ նշանակություն ունի հայերի համար»։

Հրապարակման մեջ նաև շեշտվում է, որ եկեղեցու վերականգնումն սկսվել է 2005 թ․, իսկ  2007 թ․այն վերաբացվել է որպես թանգարան։ Վերանորոգվելուց հետո առաջին պատարագը մատուցվել է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին։

Գեւաշի գավառապետ Մուրադ Սեզերը թուրքական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, որ Վան նահանգում ամեն տարի կազմակերպվող պատարագի արարողության շնորհիվ այստեղ զարգանում է զբոսաշրջությունը, և որ տարեցտարի ավելանում է եկեղեցու և կղզու հանդեպ հետաքրքրությունը։

https://www.dha.com.tr/foto-galeri/tarihi-akdamar-kilisesi-11inci-ayine-hazirlaniyor-2301509/6

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net