կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-18 12:34
Հասարակություն

Թուրքիայի մեջլիսում «Աքդամար» անվան փոխարեն պաշտոնապես «Աղթամար» կիրառելու առաջարկ է հնչել

Թուրքիայի մեջլիսում «Աքդամար» անվան փոխարեն պաշտոնապես «Աղթամար» կիրառելու առաջարկ է հնչել

DEM քրդամետ կուսակցության ներկայացուցիչ, Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայյիղիթը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կայացած քննարկումների ժամանակ մեջլիսի ամբիոնից պահանջել է Վանի Աղթամար կղզու՝ պաշտանապես ընդունված «Աքդամար» անվան փոխարեն կիրառել իր իսկական անվանումը՝ Աղթամար։

Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Վանի այդ կին պատգամավորը մասնավորապես նշել է․ «Անցած օրն ականատես եղանք, թե ինչպես Նուսայբինի ասորական գյուղերից մեկին վերադարձվեց իր իրական՝ «Արբո» անունը։ Մեր կարծիքով՝ դա շատ գեղեցիկ և, ըստ էության, ուշացած դեպք էր, սակայն նմանատիպ դեռ բազմաթիվ օրինակներ ունենք։

Այսպես, ասում ենք «Աքդամար» կղզի, սակայն ինչու՞ ցուցանակի վրա չնշենք նրա բուն անվանումը՝ «Աղթամար»։ Այստեղ տարեկան մեկ անգամ հայկական համայնքին թույլատրվում է պատարագ անել։ Այնինչ, հարկ է, որ հնարավորություն ընձեռնենք մեր քրիստոնյա քաղաքացիներին, որ առանց մուտքավճարի, իրենց ցանկացած ժամանակ պատարագ մատուցեն։

2026 թ․ հռչակել եք Ուրարտուի տարի․ արդ՝ Վանին իր պոտենցիալը բացահայտելու հնարավորություն տվեք»։

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net