կարևոր
2485 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-05 13:54
Հասարակություն

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Որ ճանապարհն է ընտրելու մեծամասնությունը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Որ ճանապարհն է ընտրելու մեծամասնությունը

Սույն թվականի հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարեց. «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները անհամաձայնությամբ և անթաքույց դժգոհությամբ հակադարձեցին «ավագ եղբոր» այս հայտարարությանը: Արդյո՞ք սա առիթ չէր, որ Հայաստանի իշխանությունը ևս որոշ գնահատականներ ներկայացներ միջազգային ահաբեկչական կոալիցիայի ցեղասպանական ոճրագործության այս ինքնաբացահայտման վերաբերյալ: Իհարկե համապատասխան առիթը ընձեռվել էր, բայց այն օգտագործելու համար Հայաստանի իշխանությունը պետք է լիներ գոնե Ադրբեջանի իշխանության չափ քաղաքականապես որձ, և ինքնուրույն: Մյուս կողմից ծանոթ գործելակերպ է, երբ Հայաստանի իշխանությունն իրեն խուլի տեղ է դնում երբ անհրաժեշտ է հակադարձել, երբ ոտնձգություններ են թույլ տրվում իր ներկայացրած պետության և ժողովրդի դեմ: Իրականում նման հայտարարությունները, ադրբեջանցիներից ոչ պակաս, անհարմար վիճակում են դնում Հայաստանի իշխանությանը՝ «խաղաղասիրական, եղբայրական» մտայնությունների և մոլորությունների համար:

Հիշենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը ծպտուն չհանեց Թուրքիայի վճռորոշ դերակատարության մասին, թեև տիրապետում էր բազմաթիվ ակնհայտ փաստերի: Ընդհակառակը, երկու շաբաթ չանցած ՔՊ-ականները խանդավառված հայտարարում էին, թե այլևս ոչինչ չի խանգարում Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական ակտիվ գործակցության համար: Ակնհայտորեն այդ քաղաքականության նախագիծը հաստատված էր վաղուց և թերևս միայն Արցախի անկախ գոյության փաստն էր խանգարում հայության թիկունքում կայացված այդ դավադիր գործարքի իրագործմանը: Հարաբերությունների գործնականացման երկրորդ օրինակը վերաբերում է հենց Ադրբեջանին: Համաձայն, իր խոստովանության դեռևս 2018 թվականին Փաշինյանը «իմացել էր», որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Մենք տեսնում ենք ներդաշնակված գործողություններով այս ծրագրի գործարկումը նշյալ շրջանից մինչև 2020 թվականի պատերազմ և դրանից հետո:

Փաշինյանը, օրինակ, մինչև պատերազմը հասարակության «ականջում եփում էր» այն միտքը թե գլխավորը Արցախի ժողովրդի անվտանգությունն ու մարդկային իրավունքներն են, հայտարարում էր, որ պատերազմում պարտությունը դեռևս պարտություն չի նշանակում, այնուհետև մերժեց կեսից պատերազմը դադարեցնելու և ազատագրված տարածքների հանձնման դիմաց Արցախը պահպանելու Ռուսաստանի նախագահի առաջարկը: Նա ավելի շատ տարածքներ հանձնեց ոչ թե պատերազմի ստեղծած ռեալ իրողությունների, այլ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մատը մատին չխփեց սեփական իշխանությամբ և միջազգային հարթակներում պաշտպանելու համար ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անմիջապես հայտարարեց, թե Հայաստանը ոչ մի միջամտություն չի ունենա Արցախի նկատմամբ սկսված ագրեսիային, իսկ այնուհետև արյունալի ագրեսիայի մեջ ներքաշված արցախահայության վերաբերյալ հայտարարեց, թե վերջինիս ֆիզիկական վտանգ չի սպառնում: Այնուհետև, զուգահեռաբար, Ալիևը Ադրբեջանում, իսկ Փաշինյանը Հայաստանում ձեռնարկեցին Արցախի տարբեր մակարդակի քաղաքական-վարչական ղեկավարների, բարձրաստիճան զինվորականների հալածանքն ու ձերբակալությունները: Ալիևը Բաքվից, իսկ Փաշինյանը Երևանից ամեն փորձ գործադրում են փաստելու համար, թե Արցախի հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանը շատ վաղուց մոռացել է Արցախ բառը և փոխարինել այն ադրբեջանի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղ եզրով, ցայսօր նա որևէ հանդիպում չի ունեցել Հայաստանում գտնվող Արցախի որևէ ղեկավարի հետ վախենալով, թե Ադրբեջանին դուր չի գա, նա ձախողում է Արցախի հարցի հետապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում Հայաստանում և դրա վերջին փաստը համապատասխան հրահանգով պետական և այլ կազմակերպությունների մերժումն էր դահլիճ տրամադրել ազգային ուժերին՝ Արցախի անկախության օրը նշելու համար:

Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում կոչված հայկական տարածքների միակողմանի զիջումների գործընթացը և Փաշինյանը իրականացնում է սա, Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար պետք լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվեն Հայաստանի Հռչակագիրն ու Սահմանադրությունը և նույնը կրկնում է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունը ոչ միայն լռում է, երբ Ադրբեջանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես Արևմտյան Ադրբեջան, այլև շտապում է ժխտել հայց ցեղասպանությունը, խեղաթյուրել հայոց պատմության դասագրքերը՝ ի օգուտ Թուրքիայի և Ադրբեջանի: Հայաստանի իշխանությունը պապանձված է, երբ Ադրբեջանն օրը ցերեկով Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն… Թերևս հաստատելու համար իրենց խառնախմբից մեկի խոսքը, թե ավելի լավ է լինել թուրքի շուն:

Ըստ aravot.am կայքէջի նույն օրվա հրապարակման 2024 թվականի հուլիսի 30-ին, Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին. «վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»:

Խամենեին շեշտել է, որ օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերությունների համար և հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով: Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ»: Ինչ է պատասխանել սրան Հայաստանի ղեկավարը հայտնի չէ, իսկ հայտնի չէ, որովհետև նա ընդունակ չէր Հայաստանի ինքնիշխանության և շահերի վերաբերյալ նույն ոգով արձագանքել դիմացինին: Ըստ էության սա ոչ թե երկխոսություն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետության փաստական առաջնորդի զգուշացումը Հայաստանի ղեկավարին՝ հատկապես շեշտելով, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է պաշտպանել իր Երկրի տարածքային ամբողջականությունը, որ իրենք տեղյակ են այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների գաղտնի պայմանավորվածությունների մասին և դեմ են լինելու դրա իրագործմանը, որ օտար տերությունները չպետք է թելադրեն և սահմանափակեն Հայաստանի իշխանություններին՝ վարելու անկախ, ինքնուրույն քաղաքականություն հարևանների հետ: Սրան էլ Իրանի Առաջնորդը հավելել է այն դասը, որից, դժբախտաբար, հեռու է Հայաստանի խամաճիկ ղեկավարը.«Երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով»:

Շատ հայտարարություններ տեսակետներ, որոնք հնչում են Ռուսաստանից նույնպես պետք է ընկալել որպես հիշեցումներ և զգուշացումներ Հայաստանի իշխանությանը: Օրինակ այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում լքել Անդրկովկասը և Հայաստանի իշխանությունը թող չփորձի իրենց փոխարեն այստեղ տեղավորել ՆԱՏՕ-ական ուժերի: Օրինակ այն մասին, որ ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ մակարդակով եղել են մի շարք գրավոր և բանավոր հայտարարություններ ու պայմանավորվածություններ, որ Զանգեզուրով պետք է անցնեն ճանապարհներ և ոչ միջանցքներ և դրանք պետք է գտնվեն Հայաստանի գերիշխանության ներքո, որոնց վրա գտնվող մաքսակետերն էլ կվերահսկվեն Հայաստանի և ապա Ռուսաստանի մաքսատների կողմից: Այս մասին մեկ-երկու տարի առաջ խոսում էր նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն Արևմտյան «հովանավորների» թելադրանքով այս ծրագիրը մերժվում է և դրա փոխարեն, ժողովրդից գաղտնի, Հայաստանի իշխանությունը համաձայնվել է միջանցքի գաղափարի հետ, որը կվերահսկեն ադրբեջանցիները և գուցե թուրքերը: Այս մասին հնչել են վերջինների ներկայացուցիչների հայտարարությունները, և այս դեպքում էլ Հայաստանի իշխանությունը որդեգրել է խուլ ձևանալու քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանի այս իշխանությունը հաստատվել է երկրում որպես Արևմտյան նախագիծ, շարունակում է ծառայել Հայաստանը Ադրբեջանա-թուրքական և Արևմտյան շահերի ֆորպոստի վերածելու քաղաքականությանը: Այդ քաղաքականությունը ներկայումս դարձել է ավելի ագրեսիվ և դինամիկ, կապված Ուկրաինական ճակատում Ռուսական ուժին հակակշռելու նպատակի հետ: Արևմտյան նույն տերերի թելադրանքով Հայաստանի իշխանությունը երկիրը վերածում է երկրորդ Ուկրաինայի, երբ ինքը ոչ այդ հնարավորությունը և ոչ էլ «դուխն» ունի որևէ դիմակայություն կազմակերպելու համար: Իրականում այդ նախագիծը ծառայում է շատ ավելի գլոբալ ծրագրի՝ Միջին միջանցք անվանված հաղորդակցական եղած և նոր ուղիների տնօրինմանը, որոնց կայացմամբ մեկ կողմից պետք է չեզոքացվի Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական և քաղաքական ազդեցությունը, մյուս կողմից Միջին միջանցքով Արևմուտքը իրար կշաղկապի Եվրոպան և Ասիան, կտնօրինի այս տարածաշրջանը քաղաքականապես, ինչպես նաև այստեղ գտնվող բնական հարուստ և հազվագյուտ պաշարները:

Սա իհարկե նոր ծրագիր չէ, այլ նախագծվել է դեռևս խորհրդային տարիներին, սակայն այժմ գործնականացման փուլ է մտել, հատկապես վերջին տասնամյակների ու տարիների աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին վերաբերող հատվածին, ապա մեջբերենք մեկ միտք Եգոր Լիսովենկոյի հոդվածից, որը հրապարակվել է «Ритм Евразии» (Ռիթմ Եվրազիի) կայքէջում, սույն թվականի օգոստոսի 7-ին. «Վաշինգտոնը ակտիվորեն ձգտում է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, այդ թվում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցման հարցի լուծումը։ Դ. Օ ‘ Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական) (Դրօշակ) նշել է՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելը և տրանսպորտային նոր հաղորդակցությունների բացումը, որոնք թույլ կտային ստեղծել առևտրային երթուղի՝ շրջանցելով Ռուսաստանը, կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլև տարածաշրջանի այլ պետությունների համար: Ակնհայտ դարձավ՝ Վաշինգտոնն ամեն ինչ անելու է, որպեսզի այն երթուղին, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով, այնուհետև Թուրքիայի հետ, չհայտնվի ՌԴ ազդեցության տակ»:

Գերուժերի մրցակցության այս դաշտում օգտագործվող գործիքի դեր է հատկացվել Հայաստանին, նրա իշխանությունների քաղաքական կախումների և նույնչափ քաղաքական տգիտության պատճառով: Նախորդող իշխանություններին գրեթե 30 տարի հաջողվեց Հայաստանը զերծ պահել մեծ քաղաքականության մեջ ոտատակ ընկնելուց և գործակցել բոլոր գործընկերների հետ, խուսափելով որևէ մեկի կողմից ընդդեմ մեկ ուրիշի գործելուց: Երիտասարդ դուրսպրծուկները անհայրենիք, ու ընչաքաղց առաջնորդի հետ փորձեցին մտնել հակառակ խաղի մեջ և իրենց թանկ ծախել: Փոխարենը նրանք կործանեցին Արցախն ու սպառնալիքների հողմապտույտի մեջ նետեցին Հայաստանը, իսկ իրենք հայտնվել են մի իրավիճակում, երբ խաղի դաշտը գնալով նեղանում է, մրցակից բևեռներից յուրաքանչյուրը պահանջում է կոնկրետ կողմնորոշում դա փաստող իրական քայլերով: Միաժամանակ կողմերից յուրաքանչյուրը նրանց պես էժան ապրանքի դիմաց չի ցանկանում վտանգել իր շահերը և զսպել Հայաստանի կոկորդից բռնած թուրքադրբեջանական տանդեմին:

Ինչ է անում այս դառը ճաշը եփած Հայաստանի ղեկավարը՝ հեծանիվ է քշում, և զվարճանում է: Սրանով նա ի՞նչ է ցանկանում ասել, որ ինքը անհոգ է, հատկապես իրեն հուզող միակ հարցի՝ իշխանությանը սպառնացող մարտահրավերների դիմաց: Իրականում նա փաստում է, որ անելիք չունի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, որոնցում Հայաստանը վերածվել է առևտրի էժան առարկայի, իսկ Հայաստանը ներկայացնողը անարժեք խամաճիկի, որին պարզապես տեղյակ են պահում իր իշխանությանը պատկանող երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին:

Հեծանիվ քշելը, թերևս, իրեն գժի տեղ դնելու երկրի ղեկավարի հարազատ հնարքի մի դրսևորումն է, երբ չի իմանում, թե ինչ անել: Նա իհարկե փորձում է իրեն կարևորել տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի խաղաղությունը կերտելով է զբաղված կամ թե երկիրը տանում է դեպի Եվրոմիություն: Նա փորձելու է տպավորություն ստեղծել, թե ինքը մեծ քաղաքականության մեջ դերակատար է, եթե հաջողվի Հայաստան բերել Ֆրանսիայի նախագահին կամ, հյուր գնալ, օրինակ, Կանադայի վարչապետին և հույս ունի, թե իր փչած փուչիկներով դեռ հիացողներ կլինեն Հայաստանի սուտ ինտելիգենտների և ազգային արժանապատվությունը կորցրած ամբոխի շարքերում: Հայաստանի իշխանությունը առևտրի է հանել երկիրը դիմացը մուրալով քաղաքական հովանավորություն և իշխանությունը պահպանելու երաշխիք: Երկրի համար ճակատագրական մարտահրավերների հանդիման այս իշխանությունը իրեն հակառակորդ է տեսնում սեփական ժողովրդին քանի որ իր իշխանության նկատմամբ եղած հիմնական խնդիրը հենց նա է: Մեր ապրած պատմական ժամանակը հնարավորությունների և կորուստների ժամանակահատված է: Այնուամենայնիվ որևէ անհատ կամ ուժ չի կարող որոշել մի երկրի ճակատագիր, եթե իր աթոռը հենված չէ որոշակի զանգվածի ուսերի վրա: Հայ ժողովուրդի այսօրվա պայքարը գլխավորաբար ինքն իր հետ է՝ ինքնակործանում թե ինքնափրկություն որ ճանապարհն է ընտրելու մեծամասնությունը:

«Դրօշակ» թիվ 8, 2024թ.