կարևոր
1936 դիտում, 6 ամիս առաջ - 2023-11-11 13:59
Քաղաքական

Մենք ու աշխարհը (Համեմատություններ մեր և պաղեստինցիների միջև)

Մենք ու աշխարհը (Համեմատություններ մեր և պաղեստինցիների միջև)

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի ելույթը «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում։

Ս․թ․ հոկտեմբերի 7-ին բռնկվեց հերթական պաղեստինա-իսրայելական զինված հակամարտությունը։ Ելույթիս նպատակը չէ գնահատական տալ հակամարտությանը, որոշելով, թե ով է սխալ, ով ՝ ոչ, ում պատճառով և ով սկսեց հերթական արյունալի դիմակայությունը։ Ցանկանում եմ, իմ պատկերացմամբ. գնահատական տալ զուտ մարդասիրական (հումանիտար) գործոնին այդ բնագավառում, համեմատություններ անցկացնելով հայ-ադրբեջանական և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների միջև։ Մարդասիրական գործոն ասելով` առաջին հերթին նկատի ունեմ խաղաղ բնակչության, հատկապես՝ երեխաների, ծերերի, կանանց, գերիների հանդեպ կատարվող վայրագություններն ու հազարավոր զոհերը, ինչպես նաև այդ ամենին միջազգային արձագանքը։

Առաջին հերթին հիշենք, որ մարդկության հազարամյակների ողջ պատմությունը եղել է արյունարբու պատերազմներով լեցուն և մարդկային կյանքը գրոշի արժեք չի ունեցել։ Այդպես են գործել ոչ միայն անտիկ շրջանի նվաճողներ Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, որը կոտորել է շուրջ 3 մլն․ գաղիացիներ (գալեր), արևելքի բռնապետ-նվաճողներ Չինգիզ խանը և Լենկ Թեմուրը, այլև առավել առաջադեմ համարվող, քրիստոնեության անվան տակ՝ արևմտյան գաղութարարները։

Լենինգրադում ասպիրանտ եղած ժամանակ՝ մի կուբացի ասպիրանտ կար, Ռաֆայել անունով։ Մի անգամ նա ուրախությամբ ասաց, որ բարեբախտաբար Կուբայում հնդկացի-բնիկների խնդիր գոյություն չունի, քանի որ իր պապերը՝ գաղութարար-իսպանացիները նրանց բոլորին կոտորել են։ Այսօրվա «մարդասեր» Եվրոպայի բոլոր գաղութարար երկրները դաժանաբար են վարվել տեղացի բնակչության հետ։ Իսկ ամենադաժանը եղել է այսօրվա Եվրոպական Միության կենտրոն համարվող Բելգիան, իր Կոնգո գաղութում՝ խոշտանգելով, ձեռքերը կտրելով, սպանելով բնիկներին։ Մինչև անցյալ դարի 50-ականները, Բելգիայում գործում էր մի յուրատեսակ գազանանոց, որտեղ ցուցադրվում էին Կոնգոյից բերված բնիկների երեխաներն ու կանայք։

Հիշենք, նաև հայոց մեծ ցեղասպանության մասին, երբ, այսպես կոչված, միջազգային, առաջադեմ մարդկությունը միայն դիտորդի կարգավիճակում էր։ Դաժան էր նաև երկրորդ համաշխարհային պատերազմը, բացի իրենց արիական կոչող գերմանացիներից, որոնք իրականացրեցին հրեաների ցեղասպանությունը, պակաս վայրագություններ չեն գործել նաև անգլո-ամերիկացիները։ Երբ կարդում ես Դրեզդենի եռակի ռմբակոծման պատմությունը՝ սարսափում ես, իսկ Ճապոնիայի Նագասակի և Հիրոսիմա քաղաքների ատոմային ռմբակոծություննե՞րը։ Պատերազմի ավարտին, երբ գերմանական զորքը նահանջում էր, գերմանուհիները մի խոսք ունեին ․ «Ավելի լավ է լինել ռուսների, քան ամերիկյան ռումբերի տակ»։

Առաջադեմ համարվող Կանադայում, մինչև անցյալ դարի 80-ականները, բռնի ձևով ստերջացնում էին հնդկացի բնիկ կանանց։ Նույնպես առաջադեմ Ավստրալիայում, բռնի կերպով բնիկներից առևանգում էին երեխաներին, «ժամանակակից» եվրոպական կրթություն տալու համար։

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, պատերազմները չունեին միջազգային ընդունված նորմեր, նկատի ունեմ, ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին ընդունված տարաբնույթ Ժնևյան կոնվենցիաները։

Մինչ այդ տարբեր միջազգային մարդասիրական կոնվենցիաների, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը (1948թ․), պատերազմներն ընթանում էին առանց որևէ կանոնի, կոտորածներով, մարդկանց տեղահանելով, խոշտանգումներով և այլ վայրագություններով։

Բայց արդյոք այդ բոլոր մարդասիրական կոնվենցիաներն իրականում փոխեցին աշխարհը՝ պատերազմները դարձնելով ավելի մարդկային դեմքով։ Միանշանակ, պնդում եմ՝ ոչ։ Ուղղակի, կախված տվյալ երկրի ռազմական և տնտեսական ուժի, հեղինակության հետ, նաև հզոր տեղեկատվական, քարոզչական միջոցների կիրառմամբ, տվյալ երկիրն իր շահերից ելնելով, իրենց իսկ կողմից, գնահատական է տալիս պատերազմող կողմերի գործողություններին։

Արդեն երկար տարիներ, համաշխարհային տեղեկատվական դաշտում գերիշխող են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք էլ աշխարհի հակամարտություններին գնահատական են տալիս և համապատասխան գործողությունների դիմում՝ կախված իրենց աշխարհաքաղաքական շահերից։ Այս տեսակետից, ամենաբնորոշ խոսքը պատկանում է 1991 ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, հետագայում պետքարտուղար Մադլեն Օլբրայթին։ Ըստ տվյալների,1991թ․ Իրաքի դեմ պատերազմի ժամանակ, զոհվել են շուրջ 500 000 իրաքցի երեխաներ։ 1996թ․ CBS-ի լրագրողի հարցին, թե 500 000 երեխա է զոհվել Իրաքում, ավելի քան Հիրոսիմայում և արժե՞ր արդյոք, այդպիսի գին, Մադլեն Օլբրայթը պատասխանեց․ «Կարծում եմ, որ դա դժվար որոշում էր։ Բայց մենք համարում ենք, որ մեր նպատակին հասնելու համար, արժեր այդ գինը վճարել»։

ԱՄՆ-ը կարող է «հիմնավորված» ռմբակոծել Բելգրադը, կիրառելով, նույն միջազգային կոնվենցիաներով արգելված ուրանով հագեցված ռումբեր, սերբերին մեղադրել ցեղասպանության մեջ, բայց «չնկատել», ավելի քան 200 000 սերբերի տեղահանումը Խորվաթիայից։ Բելգրադում պահպանվել են ռմբակոծությունից ավերված շենքերը, որոնց կողմը ցույց տալով, բելգրադցիները դառը ժպիտով ասում են․ «դեմոկրատական ռումբեր»։ Նույնը Սիրիայում, հատկապես Իրաքում, երբ «քաղաքակիրթ» մարդկության աչքի առաջ ցեղասպանության ենթարկվեցին եզդիները։ Ցավոք, նույնը կրկնվեց Արցախ-Հայաստանում։

Բացի, այս կրկնակի չափանիշները, հավաքական արևմուտքի համար նաև մարդը տարբերվում է մարդուց։ Այլ բան է ԱՄՆ, հատկապես՝ սպիտակամորթ քաղաքացին, ԵՄ անդամ երկրների քաղաքացիները, որոշակի վերապահումով՝ նաև այլ, նախկին գաղութներից եկած քաղաքացի դարձած փախստականները և միանգամայն այլ բան, մյուս բոլոր երկրների, իրենց պատկերացմամբ՝ «երկրորդ կարգի» մարդիկ։ Որքա՞ն ենք լսել, ականատես եղել, երբ որևէ վթարից, կամ ահաբեկչական գործողությունից զոհվում է ԱՄՆ, Ֆրանսիայի,կամ այլ եվրոպական երկրի քաղաքացի՝ ողջ լրատվական դաշտը լցված է այդ լուրերով։ Բոլոր երկրների ղեկավարները ցավակցում են, սգում զոհերի մահը։ Միևնույն ժամանակ, նույն Եվրոպայի ափերի մոտ՝ Իտալիայում, հաճախակի խորտակվում են անորակ, հնամաշ նավեր և խեղդվում հարյուրավոր փախստականներ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, կանայք։ Եվ ի՞նչ․․․ ընդամենը չոր վիճակագրություն։

Այս տեսակետից, եթե փոխենք Ռեմարկի հայտնի խոսքը․ «Մեկ մարդու մահը՝ մահ է, իսկ երկու միլիոն մահերն՝ ընդամենը վիճակագրություն», այսօր այն այսպես կհնչեր ․ «Մեր և մեր դաշնակից երկրներից ցանկացած քաղաքացու մահը ողբերգություն է, այլ երկրների քաղաքացիների՝ վիճակագրություն»։

Պայմանականորեն, հավաքական արևմուտքի համար լիարժեք մարդիկ են համարվում, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» բնակչությունը, որը ներառում է ԱՄՆ, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների քաղաքացիները։ Ա՛յ նրանց իրավունքները պետք է պաշտպանել։

Իսկ, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմում, երկու կողմերի զոհերը, բացարձակապես չեն հետաքրքրում այդ նույն «քաղաքակիրթ» երկրներին։ Իրենց դաշնակից համարվող Ուկրաինային դրդում են անվերջ շարունակել արյունալի պատերազմը, քարոզչական իրենց ողջ ռեսուրսն ուղղելով ընդդեմ Ռուսաստանի, թքած ունենալով դաշնակից համարվող ուկրաինացիների տասնյակ հազարների հասնող զոհերի վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմնադրելով Իսրայել պետությունը և դաշնակցելով ԱՄՆ և ԵՄ-ի հետ, հետևողական աշխատանքի շնորհիվ, հրեաները նույնպես համալրեցին «ոսկե միլիարդը»։

Իհարկե, այդքան դյուրին չէր, դառնալ «ոսկե միլիարդի» անդամ պետություն։ Դրան հասնելու համար հրեաներն ահռելի աշխատանք կատարեցին։ Առաջինը,նրանք զրոյից ստեղծեցին իրենց պատմական հայրենիք Իսրայելը, այն դարձրեցին իրական ազգ-բանակ, պետություն-ամրոց։ Ողջ աշխարհի հրեաները կանգնած են իրենց հայրենիքի թիկունքին։ Նրանք առաջին հերթին հրեա են, ապա նոր, տվյալ երկրի քաղաքացի և տքնաջան աշխատում են հանուն իրենց հայրենիքի։ Տարբեր երկրներում, հրեաները տվյալ երկրների պատգամավորներ են, իրականացնելով Իսրայելի շահերի պաշտպանություն (լոբբինգ), տիրապետում են ազդեցիկ լրատվամիջոցների, որոնց միջոցով իրականացնում են հատուկ, ընդգծված քարոզչություն։ Այդ ամենը համակարգվում և հսկվում է Իսրայելից։

Ահա թե ինչու է «քաղաքակիրթ» մարդկությունը իսրայելա-պաղեստինական պատերազմում աջակցում Իսրայելին, փորձելով աչք փակել պաղեստինցի տասնյակ հազարավոր երեխաների և կանանց ողբերգական մահերի վրա։ Բայց, պետք է նշել, որ փորձում է։ Հօգուտ պաղեստինյան ժողովրդի, ոտքի են կանգնել ոչ միայն արաբական, նաև բոլոր մուսուլմանական երկրները, անկախ սյունի կամ շիա միմյանց հակառակորդ ուղղություններից։ Նույնիսկ, Թուրքիան և Իրանը համատեղ են այս հարցում, էլ չասած ողջ աշխարհում տարածված արաբական և ընդհանրապես մուսուլմանական սփյուռքի դիրքորոշումը։

Այժմ անդրադառնանք մեզ՝ հայերիս և փորձենք քննարկել, թե ինչու ոչ միայն, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհն, այլև ոչ մի երկիր, ժողովուրդ մեր թիկունքին չկանգնեց և բացի հերթապահ հայտարարություններից, ոչինչ չձեռնարկեցին հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար։ Սա ինձ հիշեցրեց նույն 21-րդ դարում տեղի ունեցած, 2014թ․եզդիների ցեղասպանությունը, այն տարբերությամբ, որ եզդիներն անօգնական, պետականազուրկ ժողովուրդ են։

Իսկ մե՞նք․․․ Այստեղ, ներեցեք, պետք է դառնորեն խոսեմ։ Մենք, մեզ ԽՍՀՄ-ում վերագտանք 1988թ․ սկսված արցախյան շարժումով։ Դրա շնորհիվ հասանք Արցախի փաստացի անկախությանը, Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը։ Ժամանակի սղության պատճառով, մանրամասն չեմ խոսի, այս ավելի քան 30 մսխված տարիների մասին։

Հակիրճ նշենք, որ ի տարբերություն հրեաների, մենք չկարողացանք ստեղծել ազգ-բանակ, պետություն-ամրոց, համախմբել և համակարգել ողջ հայկական սփյուռքի ներուժը։ Ինչպես վերը նշեցի, հրեա քաղաքական գործիչներն, օրինակ` ԱՄՆ-ում, ինչպես Մադլեն Օլբրայթն ու Էնթոնի Բլինքենը, պաշտպանում են Իսրայելի շահերը, իսկ օրինակ՝ Ժիրայր Լիպարիտյանը, ոչ թե Հայաստանի, այլ՝ ԱՄՆ դաշնակից Թուրքիայի։ Փոխանակ պետությունն ամրացնելու, մեր բոլոր քաղաքական , պետական գործիչները, սուրբ գրքերի պես, հավատում էին միջազգային տարատեսակ կոնվենցիաներին, աղոթում միջազգային հանրության առջև, անվերապահորեն հավատում նրանց խոստումներին։ Հավատո՞ւմ էին, թե՞ այդպես հարմար էր անգործությունը քողարկելու համար։

Ի՞նչ անուն տաս այն երևույթին, որ արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած գործիչը, հանուն իր իշխանության՝ հրաժարվում է Արցախից, այն համարելով Ադրբեջանի մաս, երբ տասնյակ տարիներ, հենց Հայաստանում բացեիբաց քննարկումներ էին գնում Արցախից հրաժարվելու և «լավ ապրելու» համար։ Եվ վերջապես, 2018թ․, Հայաստանում իշխանության եկավ, օտար երկրների գործակալությունների կողմից հավաքագրված մի իշխանություն, որի համար հայրենիքը անշարժ գույք էր և որի վաճառքով, կյանքը կարելի է վայելել։ Այդ տարուց սկսած, հետևողականորեն տարվեց դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացում, հրահրվեց պայմանավորված պատերազմ, պարտություն և դրանից հետո․․․ նույն թշնամուց ծնկաչոք խաղաղության աղերս։ Արյունալի պատերազմի ավարտից հետո, գեթ մեկ օր սուգ չհայտարարվեց, այլ հակառակը՝ բարձրաստիճան պաշտոնյաները, ուրախ-զվարթ լուսանկարներ էին տարածում Հունաստանի հանգստավայրերից։

Եվ աղետալի պատերազմի և Արցախի շրջափակման, ապա Արցախի հայաթափման ժամանակ, հայ ժողովուրդը և Հայաստանում և Սփյուռքում, իր մեծամասնությամբ համախմբված չէր և բացի մի քանի վախվորած, փոքրաթիվ հանրահավաքներից, ոչ մի վճռական գործողության չդիմեց։

Այդքանից հետո, մի՞թե պարզ չէր, որ և պրագմատիկ, «առաջադեմ» արևմուտքը և մյուս բոլոր երկրները անուշադրության կմատնեին Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունները, այդ թվում գերիների խոշտանգումները, երեխաների ու կանանց սպանությունները, մի խոսքով հայոց հերթական ցեղասպանությունը։

Ի դեպ, արցախյան պատերազմի թեժ օրերին ինձ ուղարկեցին Եվրոպայի ամենաժողովրդավարական համարվող երկիր՝ Նորվեգիայի իրավապաշտպան կազմակերպության, երկար տարիների մեր գործընկեր, «Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի» անդամների հարցազրույցների ձայնագրությունը։ Եվ ի՞նչ եք կարծում․․․ նրանք բոլորը արդարացնում էին Ադրբեջանի ագրեսիան։ Բացատրեմ, Նորվեգիան հսկայական ներդրումներ ունի Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում, բնականաբար նաև հսկայական շահույթ, իսկ «Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն» ֆինանսավորվում է Նորվեգիայի արտգործնախարարության կողմից։

Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։

Խոսքս վերջացնելով, նշեմ, որ իսկապես, առաջին հայացքից, միջազգային հանրության վերաբերմունքը թվում է, թե նման է հայերի և պաղեստինցիների նկատմամբ որպես «երկրորդ կարգի» մարդկանց։ Բայց սա առաջին հայացքից։ Պաղեստինցիները չեն հանձնվի, կկռվեն և հիշեք խոսքերս, կփոխեն իրենց նկատմամբ վերաբերմունքը, քանի որ, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, բոլորը հարգում են ուժեղին և պայքարողին, արհամարհելով թույլ, խաղաղություն աղերսող ազգերին։

Իսկ մեր ճակատագիրը, որքան էլ ցավալի լինի, ավելի նման է եզդիների ճակատագրին, դրանից բխող համապատասխան միջազգային վերաբերմունքով։

Հնարավո՞ր է, արդյոք փոխել այս իրականությունը։ Տեսականորեն՝ այո։ Դրա համար պետք է նոր՝ ազգային գաղափարախոսությամբ նվիրյալ պետական-քաղաքական գործիչներից բաղկացած վերնախավ, որն արագորեն, ցանկացած միջոցով, կվերցնի իշխանությունը և ձեռնամուխ կլինի իրական ազգ-բանակ, պետություն-ամրոց կառուցմանը։

Աղբյուրը՝ Aravot.am