կարևոր
4525 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 16:51
Քաղաքական

«Իմնեմնիմիի գործով» դատավորն ինքնաբացարկ հայտնեց

«Իմնեմնիմիի գործով» դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեցին «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները։ Դատալսումը հետաձգվեց՝ նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի պատճառով։ Դատավոր Տիգրան Ոսկանյանը հայտարարեց, որ իր կողմից գործի առնչությամբ տրվել է գնահատական և կայացվել է դատավճիռ։ «Ուստի սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել՝ հայտնել ինքնաբացարկ։ Սույն քրեական գործը սահմանված կարգով կներկայացվի վերաբաշխման, իսկ դատարանի որոշումը կուղարկվի կողմերին»,-ասաց նա։

Նշենք, որ հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին «անպարկեշտ արտահայտություններ» անելու համար։ Նրանք անազատության մեջ են մարտի 22-ից։

Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը եւ Արսեն Բաբայանը տեղեկացրել էին, որ այսօրվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Ռուբեն Մելիքյանը հույս էր հայտնել, որ հաղորդման 100-րդ թողարկումն այսօր կվարեն նրանք։ Սակայն նիստը մեկնարկեց ուշագրավ շրջադարձով․ դատավորը ինքնաբացարկի հայտարարությամբ հանդես եկավ։

«Իր մտահոգությունը եւ իր ինքնաբացարկը հասկանում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Բաբայանը՝ հավելելով․ «Ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ գործում չկա այնպիսի հանգամանք, որն իրեն նախապես կարող էր հայտնի լինել, բայց, մասնագիտական առումով, իհարկե, քննարկելի թեմա է։ Այսինքն, ես չեմ կարող հայտարարել, թե ակնհայտ ապօրինություն արեց։ Չեմ կարող այդպիսի բան ասել»։ Պաշտպանի համոզմամբ, ԲԴԽ-ից եւ քաղաքական բարձր իշխանությունից, բնականաբար, հանձնարարություններ տրվել են․ «Այս դատավորը, չեմ կարող հիմա կանխատեսումներ անել, թե ինչ աստիճանի էր կարողացել դիմակայել դրանց»։