կարևոր
9268 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 17:37
Քաղաքական

Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան

Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«- Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Չափար գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Սղնախ գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Լենսեր Աղալովյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Քոլատակ գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Էդուարդ Խաչիյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Առաքյալ գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ալբերտ Ղուլյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ղարաչինար գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ռադիկ Մարտիրոսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մատաղիս գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Սերգեյ Մովսեսյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Մեծ Շեն գյուղում,

- ԳԱԱ ակադեմիկոս - քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Արթուր Իշխանյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Շոշ գյուղում,

- ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արսեն Հախումյա՛ն, Դուք ծնվել եք ԱՐՑԱԽԻ Ստեփանակերտ քաղաքում:

 Հարգարժա՛ն գիտնականներ

2022 թ. հոկտեմբերի 12-ին, երբ դեռ ապրում էր Արցախի վերջին կտորը, և հայրենի շեներում գոյության պայքար էր մղում 120,000 արցախահայությունը, ես ահազանգել էի, որ Գերագույն դավաճանը թշնամուն է վաճառում, հանձնում, փոխանակում, սակարկում, զիջում (անվանեք՝ ինչպես կուզեք) ձեր սրբության սրբոց Հայրենի Արցախը՝ ձեր ծննդավայրը, ձեր մանկության հուզաշխարը, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները, ձեր հպարտությունը, ոսկե հիշողությունը, պատմությունը, էությունը...

Ասել էի՝ , որ սա քաղաքական, կուսակցական, ընդդմություն - իշխանություն առճակատման խնդիր չէ. հայրենիք ու պետություն, պատիվ ու դիմագիծ ունենալ-չունենալու ընտրանքի առջև ենք ազգովի:

Հույս էի հայտնել, որ ձեր բարձր ղեկավարությամբ գործող այդ հեղինակավոր կաճառը՝ ՀՀ ԳԱԱ-ն, այդ ճակատագրական օրերին ազդարարելու է Արցախի, դրանով իսկ՝ ՀՀ-ի փրկության իր տեսլականի, ծրագրի ու գործողությունների մասին:

Ցավոք, մեր վատագույն սպասելիքները իրականություն դարձան. այսօր չկա՛ ձեր ու բոլորիս պաշտելի Արցախը:

Հարգարժա՛ն գիտնականներ

Հայաստանում սկզիբ առած Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր թակում էր ձեր ղեկավարած կաճառի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դուռը: Նա եկել էր ձեր դուռն ու թակում էր այն ո՛չ միայն հանուն Տավուշի, այլև ձեր ծննդավայր-հայրենիքի՝ հանուն մեր Արցախի ու բովանդակ հայրենիքի, հանուն նաև ձե՛ր պատվի ու արժանապատվության:

Դուք չբացեցիք այն. կա՛մ լքեցիք շենքը, կա՛մ չեկաք շենք:

Ի դեմս Սրբազանի, դուք փակեցիք դուռը Արցախ ու Տավուշ, պետականություն ու երկիր, հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև:

Դուք ընտրեցիք այդ ուղին, իրավունքը ձերն է, դատողը՝ պատմությունն ու սերունդները։

Հ.Գ. Լրացում։

Երբ Բագրատ Սրբազանը երկրորդ անգամ (պատմության ինստիտուտում հանդիպումից հետո) մոտեցավ ակադեմիայի նախագահություն և մտավ ներս, ներքև իջել և Սրբազանին դիմավորել է ակադեմիայի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, նույն պահին իջել և Սրբազանի հետ հանդիպել է նաև ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանը: