կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-17 20:30
Տարածաշրջան

Գյոբեքլիթեփե. Ուրֆան հպարտանում է իր 12-հազարամյա հայրենակիցներով

Գյոբեքլիթեփե. Ուրֆան հպարտանում է իր 12-հազարամյա հայրենակիցներով

Գյոբեքլիթեփեն (Պորտասար) մարդաբանության մեջ մի նոր տեսակետ է բերել։ 12 հազար տարի առաջ կառուցված պատմական կառույցներն այս անգամ էլ սպասում են, որ պահպանվեն  երկրագնդի մակերեսին։  Ստորև ներկայացվում է Deutsche Welle լրատվական գործակալության աշխատակից Բաշաք Սեզենի ստացած տպավորությունները Գյոբեքլիթեփեից։

Գյոբեքլիթեփեն Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանից մոտ 15 կմ հյուսիս-արևելք ընկած շրջան է։ Եթե հնարավոր լիներ ժամանակի մեքենայով 12 հազար տարի հետ գնալ, ապա հնարավոր կլիներ հանդիպելու անհայտ մի քաղաքակրթության անդամների, որոնք անհայտ պատճառներով կոթողներ են կառուցում։ Ներկայում կարելի է այցելել վերոնշյալ խորհրդավոր մարդկանց կողմից կառուցված կոթողների գտնվելու վայր, որոնք մասամբ հնարավոր է տեսնել այնպես, ինչպես կառուցման առաջին օրն են եղել։ Ինչքան էլ, որ ժամանակը քայքայել է դրանք…

2019 թ. Թուրքիայում հռչակվեց Գյոբեքլիթեփեի տարի։ Թուրքիայի բոլոր կողմերից տուրեր են կազմակերպվում դեպի Գյոբեքլիթեփե, ժամանակ առ ժամանակ հերթեր են գոյանում։ Այնտեղ կարելի է հասնել դեղին ծաղիկներով ու կափ-կանաչով շրջապատված մի ճանապարհով։ Այն շատ մոտ է Օրենջիք գյուղին, որտեղ ամեն անկյունում Գյոբեքլիթեփեի վերաբերյալ ցուցանակներ ու կոթողի կրկնօրինակներ կան, ինչի շնորհիվ հնարավոր չէ կորցնել ճանապարհը։ Շանլըուրֆացիները հպարտանում են  12 հազար տարեկան իրենց հայրենակիցների կոթողներով։

Հնագիտական պեղումները սկսվել են 1995 թ. գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտի կողմից։  20 տարի շարունակ այստեղ նա անթիվ պեղումներ է կատարել։ Սակայն Շմիդտի մահից հետո նրա կողմից երևան հանված A, B, C, D, E ու F տիպի կառույցներ անվանակոչված տարածքներում հնագիտական պեղումները դադարեցվեցին, ու թիմը ցրվեց։ Այդ շրջանում հնագետները միայն կառույցների մաքրության ու գույքի դուրս բերման գործով են զբաղվում։ Ենթադրվում է, որ Գյոբեքլիթեփեն ամբողջությամբ երևան հանելու համար կպահանջվի 150 տարի։

Այն միայն «տաճար» չէ

Ըստ Շմիդտի, Գյոբեքլիթեփեն մ.թ.ա. 10 հազարից 8 հազար 700 թվականները ներառող նեոլիթյան ժամանակաշրջանի համայնքների ծիսական կենտրոնն է եղել։ Սակայն Գյոբեքլիթեփեն բաղկացած չէ միայն «տաճար» անվանվող կառույցներից։ Շրջակայքում տներ ու բնակության վայրեր էլ կան։  Ստամբուլի համալսարանի հնագիտության բաժնից պրոֆ. Դոկ. Մեհմեթ Ջելալ Օզդողանն ընդգծում է, որ առկա է սխալ տպավորություն առ այն, թե Գյոբեքլիթեփեն միայն տաճարներից բաղկացած մի շրջան է։ Դրա պատճառն այն է, որ պեղումները հիմնականում կատարվել են այն վայրերում, որոնք անվանվել են «տաճարներ»։

Օզդողանն ասում է. «Ավելի վաղ արված պեղումների, անցած տարի ու նախանցած տարի արված հորատումների ժամանակ էլ բնակության վայրերի հետքեր են հայտնաբերվել։ Գյոբեքլիթեփեի շրջակայքում այդպիսի շատ բնակավայրեր գիտենք։ Դա չի նշանակում, թե Գյոբեքլիթեփեն անկարևոր է։ Դա Սթոունհենջի նման մի կառույց չէ, որի կառուցումը սկսվել է այն ժամանակ, երբ մեկը նստած առաջարկել է կառուցել։ Այն մեզ հետևյալ տեղեկությունն է հաղորդում. «Բնակավայր էր, որն ունեցել է պաշտամունքային վայրեր»։

Գյոբեքլիթեփեն, որին ժամանակ առ ժամանակ նմանեցնում են Անգլիայում գտնվող ու զբոսաշրջիկների հոսք ապահովող Սթոունհենջին, 7000 տարով ավելի հին է, քան Սթոունհենջը։ Հարթ ու անջրանցանելի հողը, ռելիեֆն ու 15 տոննա ծանրություն ունեցող T տիպի սեպագիր արձանագրություններով հսկայական մասերով Գյոբեքլիթեփեն Սթոունհենջից հազարավոր տարիներ առաջ է կառուցվել, սակայն նրանում նկատվում է հազարավոր տարիների առաջընթաց։

Գյոբեքլիթեփեն փոխե՞լ է արդյոք մարդաբանների տեսակետները

Գյոբեքլիթեփեում գտնվող կառույցների տարիքը զարմանք է առաջացրել աշխարհում։ Ինչպե՞ս եղավ, որ մինչ այդ որևէ մշակութային միություն կամ զարգացած գործիքներ չունեցող որսորդ և հավաքչությամբ զբաղվողները, կարողացան այսպիսի զարգացած կոթողներ կառուցել։

Օզդողանը շեշտում է, որ վերջին 20 տարում Գյոբեքլիթեփեից մի փոքր վերև ու ներքև գտնվող և նույն ժամանակաշրջանին պատկանող 20 հնավայրերում երևան են եկել տեսակետ փոխող արդյունքներ։ Նա մասնավորապես նշում է. «Երևան եկավ անսպասելի մի համայնք, որն ուներ շատ զարգացած մշակութային կառուցվածք, բաժանված էր դասակարգերի, էլիտար ճաշակի ու հավատալիքների շատ զարգացած համակարգեր ուներ՝ չնայած այն բանին, որ այդ ժամանակ գոյություն ուենցած մյուս համայնքները դեռևս գյուղատնտեսությամբ չէին զբաղվում։ Այդ զարգացած համայնքի գոյության ամենավառ ապացույցն առաջին հերթին Գյոբեքլիթեփեն է, սակայն այդ ամենը միայն Գյոբեքլիթեփեով չի սահմանափակվում։ Այդ ժամանակաշրջանին պատկանող մյուս հնագիտական վայրերում էլ՝ Չանյոնյուում, Նեվալի Չորիում, Հալլան Չեմիում և այլն, մեր առջև է հառնում մի զարգացած հասարակության դիմագիծ»։

Ինչու՞  է Գյոբեքլիթեփեն դիտավորյալ թաղված

Գյոբեքլիթեփեի հետ կապված` ամենաշատ քննարկվող ու ամենախորհրդավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ  ողջ շրջանը դիտմամբ թաղված է հողի տակ։ Այս առանձնահատկությունը նկատվում է ոչ միայն Գյոբեքլիթեփեում, այլև՝ Չայոնյուի նման` այդ ժամանակաշրջանին պատկանած այլ բնակավայրերում։

Դոկ. Պրոֆ. Օզդողանը տեղեկացնում է, որ այդ ժամանակաշրջանին պատկանած վայրերի կոթողները, մարդու նման, թաղվել են, որոշներում անգամ կան նվերներ, դրա պատճառը մեծ հավանականությամբ այն էր, որ կանխվեին սրբությանը ձեռք տալու դեպքերը։  Հայտնի չէ, թե Գյոբեքլիթեփեում երևան հանված հուշարձաններն ինչու են նրանց համար սուրբ համարվել, սակայն այդ հավատալիքների շնորհիվ ներկայում հանարավոր է Գյոբեքլիթեփեն տեսնել գրեթե այնպես, ինչպես այն եղել է կառուցման առաջին օրը։

Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է գրանցվել

Գյոբեքլիթեփեն, ի տարբերություն Հասանքեյֆի, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշտական ցուցակում։ Այդ իրադարձությունը շատ կարևոր համարող դոկ. Պրոֆ. Օզդեմիրն ասում է, որ չնայած դրան, այն լավ չի պահպանվում. «Մի անգամ, դեռ գործը չսկսած, մի շատ մեծ սխալ եղավ։ Փորձեցին դրանք հավաքել ժամանակավոր տանիքի տակ։ Հետո մի «ԱԲ» նախագծով երկու տանիք կառուցվեց։ Չեմ ասի, թե այդ տանիքները շատ լավն էին։ Այնտեղ հիմնական խնդիրը քամու առաջացրած էրոզիան էր, այսինքն՝ քամու հետ եկող ավազե հարձակումն էր, որ նաև քանդում էր այն։ Տանիքների վրա կան տեղեր, որոնք ծածկված չեն։ Պահպանությանն ուղղված խնդիրներ կան, սակայն գոնե այս պահին Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու շնորհիվ գնալով ավելանում են պաշտպանությանն ուղղված միջոցառումները»։

Գյոբեքլիթեփեում հատկապես բույսերի մեջ մնացած F տիպի կառույցի վերին հատվածը բաց է, ու երբեմն էլ, չնայած զգուշացնող ցուցանակներին,  տուրիստները  քարերի վրայից ցատկում են, ինչի պատճառով նկատվում է, որ E տիպի կառույցը անպաշտպան է մնացել։ Աչք է ծակում նաև այն, որ այդ կառույցի հողն անձրևաջրերով է լցվում։ Ըստ դոկ. Պրոֆ. Օզդողանի` այդ խնդրի լուծում կարող է լինել այն, որ այդ կոթողները թանգարան տարվեն, իսկ դրանց տեղում մեկական կրկնօրինակ տեղադրվի։

Ովքե՞ր են կառուցել Գյոբեքլիթեփեն

Հայտնի չէ, թե ովքեր են այդ խորհրդավոր կոթողները կառուցել, քանի որ լավ պահպանված ԴՆԹ օրինակներ դեռևս չեն հայտնաբերվել։ Միայն առկա են ենթադրություններ։ Օզդողանը նշում է, որ մ.թ.ա. 35 հազար տարիների ընթացքում, երբ հոմո սափիենսները, այսինքն՝ մեր նախահայրերն սկսեցին տարածվել, նրանց հավատալիքների համակարգում էլ զարգացումներ եղան։ Նա հատկապես ուշադրություն է հրավիրում Իսպանիայից սկսած մինչև Ուրալյան լեռներ հասնող  մշակութային շրջանին։

Օզդեմիրը տեղեկացնում է, որ Սև ծովի հյուսիսում գտնվել են թե՛ մ.թ.ա. 30000-14000  տարածված քարանձավային արվեստի, թե՛ Կենտրոնական Եվրոպայում գտնված հուշարձանների նմուշներ, տաճարներ. «Գյոբեքլիթեփեն նույն տրամաբանությամբ է ի հայտ եկել, սակայն իր հետ հստակ բնակության հայեցակարգ, մի նոր կենսաձև է բերել։ Երբ այդ մշակույթը տարածվում է դեպի Անատոլիա, իր հետ բերում է սոցիալական մի նոր կենսակերպ։ Այն միայն հավատալիքների համակարգ, հավատալիքների ցուցադրություն չէ, այլ հետագայում ի հայտ եկած քաղաք-պետության, կայսերական համակարգի սոցիալական հիմքերը այստեղ են գցվել։ Ըստ իս, Գյոբեքլիթեփեի մշակութային ամենակարևոր յուրահատկությունը հենց դա է»։

Գյոբեքլիթեփեն հազարավոր տարիներ թաքցվել է հողի տակ։ Կառուցողները, մի օր հետ գնալու հույսով, թաքուն մուտք են թողել այնտեղ։ Սակայն չեն կարողացել վերադառնալ։ Այդ կոթողները հիմա սպասում են, որ թաքնված մնացած հազարավոր տարիներից է՛լ ավելի երկար պահպանվեն երկրագնդի վրա։

Թարգմանեց Անի Մելքոնյանը