կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 11:01
Քաղաքական

Այլատյացությունն ու ցեղասպանությունը որպես թուրքական քաղաքական համակարգի հիմնաքարեր

Այլատյացությունն ու ցեղասպանությունը որպես թուրքական քաղաքական համակարգի հիմնաքարեր

Ամիսներ առաջ, երբ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ. Թ. Էրդողանը իր ելույթներից մեկում հայերի հասցեին օգտագործեց «սրի մնացուկներ» արտահայտությունը, հայկական տիրույթում տարբեր արձագանքներ եղան դրա վերաբերյալ: Ոմանք այն համարեցին Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորում, ոմանք էլ այն որակեցին որպես Էրդողանի հիվանդագին վարքագծին բնորոշ երևույթ (ինչը, եթե անկեղծ լինենք, ամենևին էլ հիվանդագին չէ): Ծայր առան մեղադրող, դատապարտող ելույթներ, կամ էլ ոմանց կողմից չտեսնելու տրվեց կատարվածը, սակայն այս արտահայտության ակունքներին, ծագմանն ու պատճառներին կա՛մ անդրադարձ չկատարվեց, կա՛մ էլ այդպիսիք մեզ հայտնի չեն: Մինչդեռ այն բացատրության է կարոտ:

Էրդողանի «Սրի մնացուկներ»-ը առերևույթ ներքին լսարանին ուղղված, այդ լսարանին գրգռող և լսելիքը բավարարող արտահայտություն էր: Նման արտահայտություններ և դարձվածքներ նախկինում էլ հնչեցվել են Թուրքիայի Հանրապետության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ուղղված տարբեր թիրախների և տարբեր լսարաններ գրգռող, և թվում է, թե սրան ուշադրություն դարձնել պետք չէ, անգամ ողջամիտ չէ: Միգուցե այս խոսքերը, ի թիվս հույների, ասորիների և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդների, նաև մեզ էր ուղղված, և դրա համար մեր հանրության շրջանում այն այսչափ հույզերի տեղիք տվեց…

Եվ հետո, շատ «գլոբալիստ-ռեալիստներ» կպնդեն, հո չեկա՞վ կոտորեց, 21-րդ դարն է ի վերջո…

Բանն այն է, որ ցեղասպանական գործողությունները՝ իրենց դրսևորման բոլոր ձևերով, նախքան ցեղասպանության՝ միջազգային տերմինաբանության ու միջազգային քաղաքականության բաղադրիչ դառնալը արդի թուրքական քաղաքական մտքի հիմնաքարն էին, դրա հիմնային հասկացությունը՝ դրանից բխող գործողություններով և ներքին ու արտաքին քաղաքականությամբ հանդերձ:

Արցախյան երկրորդ պատերազմի արյունոտ դրվագները դեռևս չեն խամրել մեր հիշողություններում (ու դժվար էլ խամրեն, անգամ մեր Արցախ հայրենիքի ազատագրումից հետո), սակայն միայն սա բավարար չէ ներկայացնելու, որ ցեղասպանությունը Թուրքիայի Հանրապետության քաղաքականության հիմքն է:

Եթե տեղի չունենային Մեծ եղեռնը և օսմանահպատակ մյուս քրիստոնյա կամ ոչ իսլամադավան ժողովուրդների ցեղասպանությունները Օսմանյան կայսրության մայրամուտին, ապա շատ վիճելի է` այսօր Անատոլիայի ու Հայկական բարձրավանդակի մի հատվածի վրա թուրքական հանրապետություն գոյություն կունենա՞ր, թե՞ ոչ: Միաժամանակ իրականացված ցեղասպանությունները, որոնք Բալկաններում կրած պարտությունից ու տարածքային կորուստներից քաղած դասի գործնականացումն էին, առնվազն ժողովրդագրական հիմք ստեղծեցին այսօրվա Թուրքիայի Հանրապետության գոյության համար, իսկ ընդհանրապես դրանց հետևանքով հետագայում նաև տնտեսական, մշակութային և այլ հնարավորություններ բացվեցին մինչ այդ, որպես կանոն, շահագործող ու պարազիտ էությամբ օսմանաթուրք բնակչության համար: Հետևաբար վստահ կարող ենք ասել, որ այսօր գոյություն ունեցող Թուրքիայի Հանրապետություն անվամբ կազմակերպությունը ցեղասպանությունների շարքի հետևանք է: Կարող ենք նաև ցույց տալ փաստերով, որ ցեղասպանությունը այդ պետության հետագա գոյության ողջ ընթացքում նրան ուղեկցող ամենակիրառված քաղաքական գաղափարախոսությունն է եղել: Ուստի թուրք քաղաքական գործիչները ոչ միայն այն չմերժեցին, առավելևս չդատապարտեցին, այլ ընդհակառակը՝ լիովին որդեգրեցին այն որպես քաղաքական ուղի, փայփայեցին ու սնուցեցին այն, սնուցեցին հանրակրթական ինստիտուտների, պետական գաղափարախոսական քարոզչության միջոցով, ծնեցին, սնեցին ու դաստիարակեցին ցեղասպան քաղաքացի և ամեն մի պատշաճ առիթով օգտագործեցին այդ քաղաքացուն թե՛ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական ծիրում:

Թուրքական քաղաքական միտքը երբեք աչքի չի ընկել հումանիստական էությամբ. այնտեղ, որտեղ հնարավորություն է ընձեռվել որևէ հարց լուծելու բռնության միջոցով, կողմնակի տարբերակներ չեն քննարկվել. չեն խորշել ո՛չ բնակավայրեր բնաջինջ անելուց, ո՛չ հազարամյա պատմամշակութային կոթողներ ոչնչացնելուց, ո՛չ էլ բռնի կրոնափոխությունից ու թրքացումից: Երբ 1922 թ. սեպտեմբերին քեմալական բաշիբոզուկները սկսեցին Զմյուռնիա քաղաքի հայ և հույն բնակչության կոտորածը, ականատեսների վկայությամբ՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, մեծ գորովանքով դիտելով քաղաքի հունական ու հայկական թաղամասերը կլանող հրդեհը, ասել է. «Ուշադի՛ր նայեք այս կրակին.։ Սա է, որ պիտի մաքրագործի հինն ու ստեղծի նոր Թուրքիան»: Թե որքանով են այս խոսքերը համապատասխանում իրականությանը, ասել չենք կարող։ Միգուցե բանահյուսության դրսևորում են, սակայն դրանք լիովին համապատասխանում են թե՛ թուրքական քաղաքական ոգուն և թե՛ այն արտաբերող Քեմալի գործին:

Թուրքիայի Հանրապետության առաջին իսկ տարիները լի են ցեղասպանություններով ու զտումներով: Քրդերին շողոքորթելով ու լայն ինքնավարության սին խոստումներ տալով՝ հանրապետության հիմնադիր Քեմալը հասավ նրան, որ Լոզանում մեկընդմիշտ փակվեց քրդական անկախ պետության միջազգային հարցը: Տեսնելով, որ չարաչար խաբվել են, քրդական որոշ աշիրեթներ խռովություն բարձրացրին թուրքական պետության դեմ, մի մասն էլ, փոխշահավետ համաձայնության գալով պետության հետ, իր զենքն ուղղեց իր իսկ արյունակիցների դեմ՝ ձախողման մատնելով ապստամբությունն ու արագացնելով իր ազգակիցների կործանումը: Այդ ապստամբությունները բնական արձագանքն էին թուրքական կառավարության կողմից իրականացվող ուծացման ու թրքացման քաղաքականության, որոնք տարբեր ուժգնությամբ շարունակվեցին 1920-1930-ականների ընթացքում: Դրանցից ամենակազմակերպվածն ու հուժկուն 1925 թ. փետրվարին բռնկված շեյխ Սայիդի ապստամբությունն էր, որն ընդգրկում էր գրեթե բոլոր քրդաբնակ շրջանները՝ 14 վիլայեթ: Մոտ երկու ամիս պահանջվեց ապստամբությունը ճնշելու համար: Ապստամբության ճնշմանը հաջորդեց զանգվածային կոտորածների, արտաքսումների ու զտումների մի տևական շրջան, որի ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրհազարավոր քրդեր ոչնչացվեցին, աքսորվեցին իրենց բնակության վայրերից, զրկվեցին բազում իրավունքներից: Ցեղասպանվեցին…

Հաջորդ ջարդը Դերսիմում էր, թիրախը՝ ալևիները…

Ցեղասպանականությունը թուրքական քաղաքական մտքի շրջանակներում ունի բազում դրսևորումներ. բացի ազգի ֆիզիկական ոչնչացումից՝ այն դրսևորվել է նաև տնտեսական, մշակութային ցեղասպանության տեսքով, ուծացմամբ, ուրացմամբ, այլ ազգերի ու ժողովուրդների մշակութային արժեքների յուրացմամբ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչպես որ Առաջինը, հրաշալի հնարավորություն դիտվեց թուրքական կառավարության համար՝ լուծելու մինչ այդ պահը վերապրած ազգային փոքրամասնությունների հարցերը: Շտապ գործի անցավ թուրքական ցեղասպան քաղաքական միտքը, և նախաձեռնվեցին ու կյանքի կոչվեցին, այսպես կոչված, «20 դասակարգի զորակոչը» և «Ունեցվածքի հարկը»: «20 դասակարգի զորակոչը» 16-60 տարեկան ոչ մուսուլման քաղաքացիների (որոշ փաստերով՝ նաև իսլամացած հայերի) «զորակոչն» էր աշխատանքային գումարտակներ: Դրա բուն նպատակը հասարակության անվստահելի տարր համարվող հայ, հույն և հրեա քաղաքացիներին մեկուսացնելն ու հսկողության տակ պահելն էր: Առավել ցեղասպանական գործողություն էր «Ունեցվածքի հարկ» կոչված պետական թալանը, որի հետևանքով Թուրքիայի ոչ մուսուլման քաղաքացիները փաստացի ունեզրկվեցին, իսկ նրանց մի մասն էլ աքսորվեց՝ պետության կողմից սահմանված անտրամաբանական հարկերի չմարած մասը տաժանակիր աշխատանքով հատուցելու: Նրանց հիմնական մասը, չդիմանալով անմարդկային պայմաններին, այդպես էլ Աշքալեից՝ «թուրքական Սիբիրից», աքսորավայր չվերադարձավ:

Սակայն քանի որ ցեղասպանականությունը թուրքական պետության հիմնաքարն ու գլխավոր ուղին է, այսքանով թուրքական վայրագությունները չավարտվեցին: Հետաքրքիր է, որ թուրքական իշխանություններին հաջողվել է կրոնամոլությունը թոթափող ու արդիականացող երկրում կրոնական ատելություն սերմանել ոչ թուրք և ոչ մուսուլման ազգային փոքրամասնությունների հանդեպ: 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ հատուկ գործակալները մոլեգնած ամբոխին ուղղորդում էին ոչ այնքան ոչ թուրքերի, որքան ոչ մուսուլմանների դեմ: Դրա հետևանքն այն եղավ, որ Թուրքիայում բնակվող հույների, հայերի և հրեաների վերջին բեկորներին ցեղասպանական ևս մեկ հարված հասցվեց, այն է՝ թուրքական հատուկ ծառայությունների շինծու սադրանքով վերջիններս ֆիզիկապես, տնտեսապես և բարոյապես ոչնչացվեցին:

Թուրքիայի «երկրորդ դեմք» (Աթաթուրքից հետո), «ազգային շեֆ» Իսմեթ Ինյոնյուն, 1930 թ. օգոստոսի 30-ին մասնակցելով Սեբաստիայում երկաթուղու բացման արարողությանը, իր ելույթում նշեց.«….այս երկրում միայն թուրք ազգը կարող է ներկայացնել էթնիկական և ռասայական իրավունքների վերաբերյալ պահանջներ: Ոչ մի այլ տարր նման իրավունքներ չունի»:

Եթե թարգմանենք այս տողերը քաղաքագիտական լեզվով, կստացվի հետևյալը՝ յուրաքանչյուր ոչ թուրք քաղաքականապես զուրկ է թուրքական պետության տարածքում որևէ իրավունք ունենալուց, նրանց նկատմամբ ցեղասպանական բոլոր գործողություններն արդարացված են:
Ավելացնելու այլ բան ո՛չ կա, ո՛չ էլ անհրաժեշտ է…

Տիգրան Չանդոյան

«Դրօշակ» թիվ 4 (1665), 2022թ․