կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 14:50
Իրավական

Նորից անցանք հին, «պապենական» մեթոդին․ միջազգային մարմինները դա գնահատելու են որպես դատական համակարգի անկախության հետընթացի գործոն․ Արա Ղազարյան

Պետք է կենտրոնանալ ոչ թե այն հանգամանքի վրա՝ շա՞տ է կիրառվում կալանքը, թե՞ ոչ, այլ թե ինչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն կալանքը սպառել է իր նպատակները, անձը շարունակում է պահվել կալանքի տակ։ Այս մասին ԱԺ-ում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը հայտարարեց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

 
 

«Բացի այդ՝ կալանքը հրատապ միջոց է, և եթե անձը 3-4 ամիս եղել է ազատության մեջ, հետո այդ ինչ հրատապ դեպք է տեղի ունեցել, որ կալանավորվել է, հետևաբար, պետք է այստեղ քաղաքական պատվեր տեսնել»,-նշեց նա։

Ղազարյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ, երբ անձն ազատության մեջ է, և կալանքը վերականգնվում է, երբ որևէ նորություն չկա գործում, այսինքն՝ արտաքին ազդակ է, իսկ արտաքին ազդակը միջազգայնորեն ընդունված գործոն է՝ գնահատելու համար, որ դատարաններն անկախ չեն։

 

«Ուստի, մենք պետք է կենտրոնանանք ոչ թե թվի, այլ բովանդակության վրա, թե ինչն է պատճառը, երբ որոշ դեպքերում, հատկապես՝ քաղաքական կոնտեքստ ունեցող դեպքերում կալանքը երկարաձգվում է, երբ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը վերացել է»,-նշեց Ղազարյանը։

Վերջինս ընդգծեց՝ մոտավորապես 30 գործոններ կան, որոնցով միջազգային մարմինները գնահատում են տվյալ երկրի դատարանների անկախությունը։

«Գործոններից մեկն էլ դատական գործերի բաշխման համակարգն է։ 2005-ից ՀՀ-ին անընդհատ խորհուրդ են տվել, որ օբյեկտիվ համակարգը թվային տեխնոլոգիան է, վերջապես այդ տեխնոլոգիան կիրառվեց, բայց նորից անցանք հին, «պապենական» մեթոդին։ Միջազգային մարմինները դա գնահատելու են որպես դատական համակարգի անկախության հետընթացի գործոն, որովհետև դա միջազգայնորեն ճանաչված սկզբունք է»,-ասաց նա ՝ նշելով, թե պետք է մտածել օրենսդրական ինչ-որ բարեփոխում իրականացնելու մասին: