Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը գրում է․
««Եղիր խոհեմ, լռությամբ փակիր չարախոսների բերանները: Մի նեղացիր, երբ որևէ մեկը չարախոսի քեզ, դա չար ոգիների ներգործությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջընթացին»,- ասել է Հովհան Ոսկեբերանը։ Առավելապես առաջնորդվել ենք այս սկզբունքով, որպեսզի հայ ժողովրդի համար դժնդակ այս ժամանակներում է՛լ ավելի չծանրացնենք հաճախ մոլորությունների, պառակտումների, խառնակչության, հիասթափությունների ու հուսահատության զոհ դարձած և շարունակական կորուստների ծանրության տակ կքած մեր հայրենակիցների հոգևոր բեռը։
Մինչդեռ իմաստնության ձայնը, ինչպես հայտնի է, երբեմն ցածր լսելի է մոլորեցնողների բարձրացրած շինծու աղմուկի մեջ, և փորձն ապացուցում է, որ միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր անգիտակցաբար շարժվում են չարը սերմանող աղմուկի և ոչ թե ճշմարտության հորդորի ուղղությամբ։ Հետևաբար, լռությունն էլ իր սահմաններն ունի, որոնցից այն կողմ արդեն բարձր հնչում է սթափեցնող Խոսքը։
Սահմանագծերն արդեն իսկ հատված են, եթե խոսքը վերաբերում է հայոց ինքնության դարավոր հիմնասյունը հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և Եկեղեցի կառույցի գմբեթը հանդիսացող կաթողիկոսին։ Մի՞թե շինությունը կարող է անսասան ու լիարժեք լինել, եթե խարխլում ու ձգտում եք փլուզել գմբեթը, այն էլ՝ ամուր և այս դեպքում տասնամյակների վստահելի փորձություն անցած գմբեթը։ Եվ արդյո՞ք ձեր մոլորյալ էությանն ու ձեր խաբուսիկ ուժին կամ առհասարակ ձեզ առնչվող խնդիրն է՝ գմբեթ քանդելն ու մեկ այլ գմբեթով փոխարինելը։ Իսկ միգուցե ձեր իրական նպատակը դարավոր քարերն ու դրանց շուրջ խմբված հազարավոր մարդկանց անգմբեթ ու խոնարհված մի շինություն թողնե՞լն է, որպեսզի վերջնականապես մոլորվեն ու կորցնեն փրկության ուղին։
Եթե դեռևս ի զորու եք տեսնել, ապա տեսեք ձեր առաջնորդությամբ կործանումներն ու ավերները մեր ազգի կյանքում, տեսեք հայրենիքի ուրացումը ձեր մեջ և տեսեք, թե ինչ դերակատարում ունեք այս ամենում։ Լինելով այն, ինչ կաք՝ դուք համարձակվում եք դատել ազգիս Հայրապետին, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքին և նույնն է անում նաև հիմա՝ հանուն մեր ինքնության հարատևման, հանուն մեր պետականության, հանուն մեր սրբավայրերի, հանուն իր խնամատարությանը հանձնված հարյուրավոր կարիքավորների․․․ ի վերջո՝ հանուն ազգապահպանության թե՛ հայրենիքի ներսում և թե՛ հայրենիքից դուրս։ Եթե կարող եք, փորձեք գիտակցել այս լուռ ու անձնվեր ծառայության մեծագույն խորհուրդը։
Սակայն հույսը երբեք չի մեռնում, որովհետև մեր տերը Հիսուս Քրիստոսն է, այլ ոչ թե տերությունների նախագահներն ու իշխանները։ Մենք դեռևս հույս ունենք, որ նույնիսկ այս իրավիճակում, երբ կորսված են տարածք ու հաղթանակ, երբ զոհերի պայծառ հիշատակը մթագնված է չարի արարքներով, երբ ազատազարկված են հոգևորականներ և այլ հայրենասերներ, երբ պետությունը փոթորկոտ ծովում կիսավեր նավի պես թողնված է բախտի քմահաճույքին, երբ Եկեղեցին ու Իր գմբեթը վտանգված են, Լույսի ճանապարհից շեղվածները կբացեն ականջները Ճշմարիտ խոսքի առաջ և հենց վիհի եզրին կկանգնեցնեն այս աղետաբեր ու կործանարար ընթացքը։
Տիրոջ կողմից լսելի մեր աղոթքները թող լսելի դառնան նաև չարին ծառայողների համար։ Քանզի, քանի դեռ քրիստոնեական մեր հավատքով սնուցված հայոց հողի վրա ենք ապրում, այս պատերազմում, միևնույն է, հաղթելու են Ճշմարտությունն ու Սերը, որ հաստատվեցին Քրիստոսով։
Վաղը Մայր Եկեղեցին նշում է Պայծառակերպության տոնը։ Այս կարևորագույն տոնի խորհրդով, սիրելինե՛ր, պայծառակերպվե՛ք և վեր բարձրացեք այն կեղծիքից և աղտից, որ ամեն ժամ հրամցվում են ձեզ չարի ձեռքով։ Վեր ելեք Տիրոջով, վեր հառնեք Քրիստոսի լույսով, քանզի սա է փրկության միակ ճանապարհը՝ վերջնականապես չկործանվելու համար։ Պայծառակերպվեք, քանի դեռ ուշ չէ․ մնանք աղոթքով, սիրով ու հաստատակամ մեր Սուրբ Եկեղեցում և մեր ազգանվեր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ իբրև խոնարհ ու սիրելի զավակներ»։