Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին տված հարցազրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին.
Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման:
Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, եւ ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաեւ օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Նրանք հայեր են եւ չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որեւէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում եւ էթնիկ զտման մեջ:
Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որեւէ սխալ բան չկա:
Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են եւ ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:
Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում եւ ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, եւ մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի: