կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 14:07
Իրավական

Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը. գլխավոր դատախազ

Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը. գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել Դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա հանդիսավոր նիստի ընթացքում:

Նա մասնավորապես նշեց, որ իր գնահատմամբ` որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ առանձնացնել պետք է միասնական դատախազական համակարգի կայունությունը, իր սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած լինելու իրողությունը: Այդ կայունության հիմքում ժառանգված ինստիտուցիոնալ հիշողությունն է, ահռելի պատմական փորձը, պարտականությունների կատարման նկատմամբ պատվախնդիր և պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը:

Անդրադառնալով ՀՀ-ում վերջին շրջանում կոռուպցիայի դեմ պայքարին, Դավթյանը նշեց, որ նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով:

«Թվային ցուցանիշներով ձեզ չեմ ծանրաբեռնի: Միայն նշեմ, որ նշածս բոլոր ուղղություններով մենք ունենք նախորդ տարիների համեմատ անգամներով ավելի արդյունքներ:

Դրանք պայմանավորված են երեք հիմնական գործոններով: Առաջինը, ինչպես նշեցի, հանրային լայնամասշտաբ շարունակվող աջակցությունն է, երկրորդը՝ իրավապահ մարմինների կողմից դրսևորվող վճռականությունն ու հետևողականությունը: Եվ երրորդը, որը անկյունաքարային նշանակություն ունի, քաղաքական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթություն հռչակելն է: Վերջինս առարկայորեն դրսևորվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության արդյունքում տարատեսակ չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ դատախազությանը, մյուս իրավապահ մարմիններին տեղեկացնելու միջոցով: Այս առումով հարկ եմ համարում մեկ կարևոր շեշտադրում կատարել: Առավելաբար նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման հանգամանքը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես որևէ տեսակի խտրականության դրսևորում: Այն ունի մեկ թիրախ՝ հանցագործություն կատարած յուրաքանչյուր սուբյեկտ՝ անկախ այն բանից՝ նրանք նախկի՞ն, թե՞ ներկա պաշտոնատար անձինք են: Այս տարվա ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններ կատարած գործող, այդ թվում բարձրաստիճան, պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, կարծում եմ, կասկածի տեղիք չեն տալիս, որ այս պայքարը իրավականից բացի որևէ այլ ենթատեքստ չունի: Հավաստիացնում եմ՝ Դատախազությունն ունի բավարար ներուժ՝ առանց որևէ կաշկանդվածության իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ այս պայքարը նույնպիսի հետևողականությամբ շարունակելու համար»,- մանրամասնեց նա` հավելելով, որ միայն 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացրած հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ:

Գլխավոր դատախազն ընգդծեց նաև, որ գերատեսչությունը հետևողական է քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման գործում և իբրև մինչդատական վարույթում օրինականության ապահովման, քրեական քաղաքականության մշակման պատասխանատու՝ դատախազությունը ձգտում է միջազգային լավագույն փորձի, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, առհասարակ իրավունքի զարգացման ժամանակակից տենդենցներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները, առաջնահերթ ուղղություններով փոխել պրակտիկան, ձերբազատվել նախկին տենդենցիոզ ավանդույթներից: Այս տեսակետից մեր ակնդետ ուշադրության կենտրոնում են նախնական կալանքի, ձերբակալության ոլորտները, արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդեմ հարցման, դատավարության ողջամիտ ժամկետների և քննության որակի ապահովման, այդ  համատեքստում նաև փորձաքննությունների նշանակման, կատարման պրակտիկան և այլն: Գուցե դանդաղ, բայց համատեղ ուժերով հիմնավորապես բարեփոխելու ենք այս ոլորտները՝ շահագրգիռ ու մասնագիտական բոլոր շրջանակների ներգրավմամբ:

Արթուր Դավթյանն եզրափակեց իր խոսքը` շնորհակալություն հայտնելով դատախազական համակարգի բոլոր աշխատողներին` իբրև անհատ և իբրև հավաքականություն ՀՀ պետականության կայացվածության, շարունակականության և դատախազական համակարգի՝ դրա անքակտելի մասը լինելու համոզմունքը ամրապնդելու համար: