կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 19:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պետությունը պարտվել է քաղաքական տհասներին․ Տիգրան Աբրահամյան

Մեր պետությունը պարտվել է քաղաքական տհասներին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։

Նա ելույթում նշեց․

«Հարգելի հայրենակիցներ, ադրբեջանական վերջին ագրեսիան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի եւ Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ Արցախում ծանր իրադրություն է ստեղծել։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած հայելային հետքաշման գաղափարը ոչ այլ ինչ է, քան հայրենիքը սեփական նախաձեռնությամբ հանձնելու քաղաքականություն։

Հիշեք, որ բացի Փառուխ գյուղից, Փաշինյանն առաջարկել է նման քայլի գնալ նաև Սոթք-Խոզնավար հատվածում՝ ասել է թե՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ, նույն գաղափարը նախորդ շաբաթ հնչեց Երասխի մասով։

Ով նման գաղափար է առաջ քաշում նշանակում է, որ կամ չի տիրապետում առաջնագծի, սահմանամերձ բնակավայրերի առանձնահատկություններին կամ նպատակաուղղված գնում են նոր տարածքային զիջումների:

Թե ինչ հետևանքներ կունենա այս գաղափարը Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերի ճակատագրի հարցում արդեն պարզ է, իսկ սա նշանակում է, որ հայրենիքի տարբեր հատվածները զիջելու փաշինյանական գաղափարները պետք է արագ կանխել։

Զինված ուժերի արդիականացումը, երկրի պաշտպանողականության բարձրացումն ու անվտանգության նոր համակարգի կառուցումը Հայաստանում այլընտրանք չունի:

Մենք շարունակում ենք բարձրաձայնել, գոռալ բանակին ուղղվող գումարների կտրուկ բարձրացման, զինծառայողների, սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարձրացման և ժամանակակից զինտեխնիկայի ու նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան իշխանությունը բարձրացնում է ոստիկանական, դատախազական, քննչական համակարգերին հատկացվող գումարները։

Ինչո՞ւ, որովհետև այս իշխանությունն անհամեմատ ավելի շատ ռեսուրս դնում է իշխանության պահպանման և սեփական կոնֆորտի վրա, քան բանակի, պաշտպանական համակարգի ու մեր քաղաքացիների անվտանգության ապահովման վրա։

Ամեն օր պատերազմից խոսող և վերահաս սպառալիքների մասին խոսող երկրի ղեկավարը 1․5 ամիս է ԳՇ պետ չի նշանակում, ռազմաարդյունաբերությունը գերակայություն հայտարարած երկրում 1․5 տարի է այդ համակարգի ղեկավար չկա, զինված ուժերում կադրային շարժերն իրականացվում են ըստ քաղաքական ճաշակի և կուսակցական տրամաբանությամբ։

Անկախ այն հանգամանքից, թե հանրությանը ինչ կփորձեն համոզել իշխանությունները, խաղաղության կարգախոսի ներքո ինչ նոր անվտանգային սպառնալիքներ կբերեն գլխներիս, որևէ բանակցությունում Հայաստանը չի կարող ամուր դիրքեր ու շահած դուրս գալու հնարավորություններ ունենա, եթե չունի Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված միջավայրին համահունչ անվտանգության համակարգ:

Որևէ մեկը մեր կողքին չի կանգնի, որևէ գործընթացում մեր շահերը հաշվի չի առնի, եթե մենք, պարզ ասած, մեզանից որևէ բան չներկայացնենք: Անվտանգության բաղադրիչը հատկապես մեր նման երկրների համար ամուր հիմք ու երաշխիք է ամենաբարդ գործընթացների մեջ մտնելու  և հաղթած դուրս գալու համար:

Այն, ինչ տեսանք 2018 թվականից հետո, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո պարզ ցույց է տալիս, որ այս իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի պետական ինստիտուտները, համակարգերը հետևողականորեն փլուզվում են:

Պետական կառավարման համակարգը և մասնավորապես, անվտանգությունն ապահովող ինստիտուտներն ի վիճակի չեն ապահովելու Հայաստանում և Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, որովհետև դրանք նպատակաուղղված ոչնչացվել են, որպեսզի մեր հանրությանը մատուցվի, թե գիտե՞ք, բանակ չունենք, ստիպված ինչ դեմ են տալիս ստորագրում ենք:

Միայն մարտունակ, ուժեղ, հզոր բանակը կարող է մեր երկրին, քաղաքացիներին խաղաղություն բերել, որովհետև փուչ, ոչինչ չասող, խաղաղաղության կարգախոսները, մեր երկիրն անընդհատ գլորում են փորձությունների հորձանուտ։

Մարտունակ բանակը տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և թշնամիներին զսպման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հակառակորդին ջարդելու գործառույթ ունի, ով սա չի գիտակցում կամ նպատակուղղված խաբում է հասարակությանը կամ երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով։

Որքան անարժանապատիվ իշխանություն պետք է լինես, որ պատերազմից 1,5 տարի անց, ռազմագերիների հարցը մնա չլուծված, իսկ մեր ռազմագերիները դաժան պայմաններում շարունակեն մնալ ադրբեջանական բանտերում: Այս իշխանության համար մարդկային կյանքը արժեք չունի և դա է պատճառը, որ իշխանությունն ամեն ինչ անում է ռազմագերիների հարցը հանրային-քաղաքական օրակարգից դուրս բերելու համար: Դա մենք երբեք թույլ չենք տա:

Մեզ ուզում են համոզել, որ մենք պարտվել ենք և որ ոտքի կանգնելու հնարավորություն այլևս չկա և ինչ էլ դեմներս դնեն պետք է ստորագրենք:

Մենք հաստատ ավելի վատ վիճակում չենք, քան եղել են ցեղասպանությունից հետո, երբ այդ ծանր օրերին, զրոյից պետություն էինք հիմնում:

Վիրավոր համակարգերով, տապալված քաղաքականությամբ և հոգեբանականական ծանր փուլերով հանդերձ, պետականություն դեռ ունենք: Եվ չնայած դրա կորստի հավանականությունն այս իշխանութան ջանքերով խիստ աճել է, սակայն սթափվելու, մեջքներս ուղղելու և առաջ շարժվելու հնարավորություն դեռ ունենք:

Արցախի մասին: Մի քանի օր առաջ եմ վերադարձել Արցախից, հանդիպել եմ քաղաքական, հասարակական դեմքերից մինչեւ զինվորականներ, տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր անձանց:

Վաղն էլ եմ մեկնելու: Արցախում առկա մտահոգությունների, խնդիրների և բազմաթիվ չլուծված հարցերի մասին տարբեր առիթներով ես, իմ շատ ընկերներ խոսել ենք ու խոսում ենք, բայց ես ուզում եմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ:

Չնայած Արցախում առկա անորոշություններին, հիասթափություններին  միանգամից ասեմ, արցախցու տեսակը կոտրել անհնար է, մի կողմից ցավ, տառապանք ու անհանգստություն վաղվա օրվա նկատմամբ, մյուս կողմից՝ կամք, վճռականություն և հաղթանակին հասնելու անսահման ցանկություն:

Արցախում ապրող մեր հայրենակիցներին միայնակ թողնելու իրավունք պարզապես չունենք, նրանք մեզանից շատ բան չեն էլ ակնկալում, իրենք հավերժ պայքարի մեջ են և նրանց ուղղակի պետք է սատարենք, թիկունք լինենք՝ ով ինչով կարող է, մեկը զինվորական ծառայությանը, մյուսը ներդրումներով, երրորդը՝ պարզապես Արցախ այցելելով:

Այսօր էլ այստեղ հավաքված մարդիկ ուղերձ են հղում արցախցիներին առ այն, որ դուք մենակ չեք։ Դիմում եմ Քարագլխի տարբեր հատվածներում թշնամու առաջխաղացումը կանգնեցրած զինծառայողներին, Թաղավարդի, Կարմիր շուկայի, Մարտունու, Նորշենի, Խրամորթի, Մարտակերտի, Եղնիկների, հաթերքի, Շուշի ուղղություններով այս պահին էլ առաջնագծում ծառայություն տանող զինվորականներին, պահեստազորայիններին, կամավորներին, տղերք՝ ինչ էլ լինի, ինչ էլ անեք՝ ձեր հետ ենք:

Արցախում ապրող հայը պետք է իմանա, որ ինչ էլ լինի մինչև վերջ նրանց կողքին ենք՝ անկախ նրանից, թե իշխանության Նիկոլն է, թե Պողոսը:

Ի դեպ, 6 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականին, Ադրբեջանը հրադադար խնդրեց Հայաստանից։ Հայաստանը, Արցախը, հայ մարդն այդ օրը ստիպեցին Ադրբեջանին հետ կանգնել պատերազմական գործողություններից։ Հայ զինվորական, հրամանատարը, պահեստազորայինը, կամավորականը սխրանքի դիմեցին ու հաղթեցին։ Ես դա իմ աչքերով եմ տեսել։

Դրա համար եմ ասում, որ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր բանակը չի պարտվել, հայը չի պարտվել։ Մեր պետությունը պարտվել է քաղաքական տհասներին, պետականությունից կիլոմետրներով հեռու գտնվողներին և հողի ու ջրի արժեքը չիմացողներին։ Մեր բանակը դեռ փառահեղ հաղթանակներ է ունենալու և ունենալու է այն ժամանակ, երբ երկիրը տեր ունենա, բանակը իրական հրամանատարներ, իշխանությունը փորձատու, բանիմաց և ազգային դեմքեր։

Ասում են՝ խոսքը ուժ ունի և դրա համար, ևս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել մեր համար համար առանցքային մոտեցումը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մեր պայքարը հանուն Հայաստանի է, մեր պայքարը հանուն Արցախի է, մեր պայքարը հանուն աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայի համար է, մեր պայքարը հանուն վաղվա օրվա է»:

Մանրամասն՝ տեսանյութում․