Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 27-ին անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կդառնա 80 տարեկան: Այսօր Մանսուրյանը հանդիպեց լրագրողների հետ` խոսելով իր ծրագրերի, անցած տարիների ձեռքբերումների ու անկատար մնացած երազանքների մասին:
Հոբելյանական համերգները
Հունվարի 27-ին Լոս Անջելեսի «Զիփփեր հոլլ» համերգասրահում կլինի առաջին հոբելյանական համերգը, որի ժամանակ կհնչեն տարբեր տարիների մի շարք գործեր, այդ թվում` Չարենցի բանաստեղծություններով «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը: Համերգին կմասնակցի աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը: Հաջորդ համերգը կլինի հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որի ընթացքում կամերային գործեր կհնչեն: Մարտին նախատեսված է երկու համերգ Ռոբերտ Մլքեյանի հետ` երգչախումբ-մեներգիչներ և դաշնամուր համադրությամբ. համերգներից մեկի ընթացքում Չարենցի, մյուսի ընթացքում` Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա իմ գրած գործերը կհնչեն: Բացի այդ` երիտասարդական նվագախումբը ցանկություն հայտնեց երեք համերգներով փառատոն անցկացնել, իև ֆիլհարմոնիկը նույնպես ուզում է համերգով հանդես գալ:
Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ
Ամենօրյա, ամենժամյա պարտականություններս շատ են: Հարազատներս են ծննդյանս օրվա առթիվ արտերկրից եկել` երկու քույրերս, աղջիկս… Մի տեսակ խառը ժամանակ է, և ինքս ինձ հետևելու, հանգիստ տալու ժամանակը չի գոյացել: Մեծ թվով աշխատանքներ կան առաջիկա համերգների հետ կապված: Ծննդյանս օրն ընտանեկան հավաք կլինի. կլինենք մենք ու մենք` իմ տարիների ընկերներն ու ընտանիքի անդամները: Ցերեկը կտոնենք, որ հետո ամեն մեկն իր երեկոն կարողանա տնօրինել: Երեկոյան ես էլ սովորականի պես կաշխատեմ: Ես կարևորություն չեմ տալիս տոնական օրերին և երբեք թույլ չեմ տալիս, որ ինձ վրա իշխող դեր ունենան: Սթափ եմ. աշխատանքի հանդեպ երբեք իմ սթափությունը չեմ կորցնում: Ծայրահեղ հագեցած էր կյանքս` դեռ երաժշտության ճանապարհ մտնելու ամենասկզբից, երբ կրթություն էլ չունեի, բայց որոշել էի երաժշտական աշխարհ մտնել: Այն ժամանակվանից մինչ այսօր կայացման մի մեծ կռիվ է: Պահը, որ պետք է վերջապես ինձ ազատ թողնեմ, դեռ չկա, թեև 80 տարին ահագին տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ: Պետք է հոգնել էլ իմանաս:
Մենք հրաժարվեցինք արգելող ձեռնափայտից բոլոր բնագավառներում
Սովետի տարիներին ռադիոն հսկում էր, որ ռադիոյով ռաբիս չհնչի կամ որևէ օտարամուտ բան չմտնի եթեր: Հիմա այդպես չէ: Այս խառնակությունը չափազանց մեծ է: Բնական է` եթե լիներ արգելելու փայտը, այո, չէր լինի խառնակություն, բայց չէ՞ որ մենք հրաժարվեցինք արգելող ձեռնափայտից բոլոր բնագավառներում: Ես հոգևոր երաժշտության ոլորտ մի քանի անգամ մտել եմ, Ներսես Շնորհալու աղոթքների երկու շարք ունեմ գրած: Ըստ երևույթին` այստեղ անելու լուրջ գործ կա, և իմ պարտքն է հաջորդ սերնդին նման մի ծրագիր փոխանցել: Երբ բացում ես մեր հոգևոր երգերը` շարականները, այնքան հարուստ նյութ կա, որոնք բացարձակ չեն օգտագործվել: Այդ գործերը եկել են երաժշտություն այն կարողություններով, որոնք ստեղծել են մեր միջնադարյան հայրերը` Շնորհալի, Նարեկացի… մինչև Կոմիտաս: Կոմիտասի արածը նույն մեղեդիների` կոմպոզիտորական արվեստ բերելն էր, բայց հիմա մեղեդիներ պետք է գոյացնել, կոմպոզիցիոն աշխատանքներ անել բոլորովին ինքնուրույն:
Ումի՞ց կցանկանար շնորհավորանք ստանալ
Աստված իմ… Պիտի երևակայությունս աշխատեցնեմ հիմա: Ներողություն պետք է խնդրեմ, քանի որ սենտիմենտալ կարող է հնչել: Կուզեի ծննդյանս շնորհավորանք ստանալ իմ կնոջից, որը չկա:
Ինչի համար է ափսոսում և ինչի համար երբեք չի ափսոսա
Ափսոսելու մասին խոսեմ` ավելի լավ է: Երիտասարդ տարիներիս աշխատել եմ, բայց շատ ավելի եռանդով պետք է աշխատեի և շատ ավելի մեծ արդյունք ունենայի: Ճիշտն ասեմ` այն տարիներին ես չէի հավատում, որ կարող եմ լիովին կայանալ, քանի որ սովետական համակարգում ես ինձ չէի զգում: Չնայած չեմ էլ կարող ասել, որ ինձ նեղացրել են, ուղղակի տեսել եմ, որ այդ տարածքը զբաղված է: Այսինքն` սովետի տարիներին ես չեմ աշխատել այնքան ինտենսիվ, որքան սովետի փլուզումից հետո. այդ տարիների համար ես ափսոսում եմ: Կարծում էի, թե այդ համակարգն անվերջ է: Սրանք լավ նյութեր չեն, հիվանդագին ու ցավոտ թեմա է, քանի որ մեծ կորուստների գնով ունեցանք անկախությունը: Չնայած ունեցանք Արցախ, ինչը մեծագույն երևույթ էր, որ մեր ժողովրդի ու պատմության մեջ տեղի ունեցավ:
Երբ կոմպոզիցիայի ուսուցիչ պետք է ընտրեի ինձ համար, որոշեցի սովորել Ղազարոս Սարյանի` Մարտիրոս Սարյանի որդու մոտ: 5 տարի սովորեցի նրա մոտ և նրա շնորհիվ Սարյանի տուն էի հաճախակի այցելում, գրեթե «տան տղայի» կարգավիճակ ունեի: Ճիշտ որոշում եմ կայացրել, քննարկման էլ չեմ դրել ու սրա համար երբեք չեմ ափսոսա: Առհասարակ, իմ նկարագրի մեջ կարևոր տեղ ունի հավատարմությունը: Շոստակովիչը, երբ երաժշտություն էր գրում, մի մենակատար էր ընտրում իր համար, սակայն հետո կարող էր հայտնվել մի երաժիշտ, որը երաժշտական ավելի մեծ կարողություններ ուներ: Բայց քանի որ Շոստակովիչը նախապես պայմանավորված էր «նվազ» մեկի հետ, նա երբեք չէր փոխում իր որոշումը: Այս կերպարը շատ թանկ է ինձ համար:
Երազանքներ ունեմ, որոնք մնացին անկատար
Վերջին տարիներին այնքան բաներ եմ հայտնաբերել, որ ես պետք է իմացած ու սովորած լինեի: Երազանքներ ունեմ, որոնք մնացին անկատար: Եթե մարդը լատիներեն գիտի, նա ուրիշ մարդ է, ուրիշ հիմքեր ունի, դա լեզու է, որին եթե տիրապետում ես, նա քեզ միանգամից կապում է մշակութային մի տարածքի հետ, որը հիմքերի հիմքն է: Ես անգլերեն այդպես էլ չսովորեցի, ինչի համար շատ եմ ցավում: Այն ժամանակ ով կհավատար, որ քեզ պետք է օտար լեզու սովորեցնեին: Ավելի լավ է չխոսենք այն մասին, թե ինչ է նշանակում օտար լեզու իմանալ սովետի տարիներին:
Գիտե՞ք ինչ` պարտվել իմանալ է պետք
Մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ: Այնքան վատ էի ինձ զգում: Անգլիացի մի չեխովագետի գիրքը ձեռքս ընկավ, որի գործը կարդացի ու հասկացա, որ Չեխովի մասին այնքան էլ շատ բան չգիտեմ: Չեխովը պիեսներ է թողել, որոնք Շեքսպիրից հետո ամենաշատ բեմադրվածներն են: Գիտե՞ք ինչ` պարտվել իմանալ է պետք. ես 10 տարի տվել եմ Ֆոլքներին, և այնպես, ինչպես նա` գավառից դուրս եկած ու Նոբելյան մրցանակի հասած այդ հսկան է ինձ սովորեցրել պարտվել իմանալ, ուրիշ ոչ ոք չի սովորեցրել: Պետք է կարողանալ պարտվել` հանուն հիմնականի, որ չկորցնես քո եռանդը և, ամենակարևորը, հավատքը: Երբեմն մտնում եմ մեր վիրտուալ իրականության խնդիրների մեջ` ինչ է նշանակում ինտերնետի հետ կապվել, ինչ վտանգներ կան, ինչ է սպասվում մարդկությանն այս ամենի հետևանքով. արտակարգ հետաքրքիր պրոցեսներ են: Մարդկությունը շատ լարված ու դինամիկ պրոցեսում է: Հետաքրքրություններս շատ են, և ես սրանցով զբաղվում եմ գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում:
Հոգևոր Հայաստանի մասին
Հոգևոր Հայաստան ասելով, եթե նկատի ունենք այն, ինչ Տերյանն էր ասում, իհարկե, այդ օրվանից փոփոխություններ կան իրականության մեջ: Բայց նաև այնպես չէ, որ մենք վերջնական հրաժեշտ ենք տվել տերյանական հոգևոր Հայաստանի տիրացուական մտածողությանը: Մեր հասարակության մեջ տարիներով ու դարերով շերտավորումներ չեն եղել, և ամեն ինչի մասին բոլորս հավասարաչափ իմացել ենք: Սովետի տարիներին էլ շերտավորում չկար, ինչը մեզ միշտ մատնացույց են անում: Իսկ հիմա սոցիալական շերտավորում կա, կյանքն է ստիպում: Մտքի, գեղագիտության, գեղեցիկի նկատմամբ ընկալման շերտավորում նույնպես կլինի, գործողությունը սկսված է:
Մանսուրյանի ուսուցիչն ու իրենից հետո եկողները
Էն աշխարհում ապրող մարդիկ են մեծ մասամբ ինձ փոխել, ազդել աշխարհայացքիս վրա: Օրինակ` 1954-ին, երբ առաջին անգամ Չարենց տպագրվեց, ձեռքիս հայտնվեց ու մինչև այսօր ինձ հետ է: Երբ մտնում էի Հրանտ Մաթևոսյանի աշխատասենյակ, տեսա, որ այնտեղ Չարենցի այդ գիրքը կա, այնտեղ մի ձևակերպում կար, որը Հրանտին շատ էր պետք եկել: Ես իմ ամենամեծ ուսուցչին Չարենցին եմ համարում: Նա երկու սահմաններով, երկու թևեր բացելու կարողություն ուներ` Գյոթեին, Պուշկինին ներս բերելը: Չարենցի գործերը շատ տարողունակ են:
Ես շատ եմ սիրում Արթուր Ավանեսովին` տաղանդավոր, զարգացած, որը, ցավոք, մեր միջավայրին այնքան էլ ծանոթ չէ: Իմ` մեր միջավայրին ծանոթ լինելն էլ այսչափ չէր լինի, եթե չլիներ իմ ֆիլմերի երաժշտությունը, ու ես էլ կլինեի Արթուրի պես: Ինձ ճանաչելը ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի` 1984-1984թթ.: Հարյուրից ավելի գործեր գրեցի:
Կնճռոտ հարցերը, կեցության լուրջ խնդիրները, որոնցով զբաղվել է դասական երաժշտությունը, մարդիկ ուզում են շրջանցել, ուզում են հեշտ ապրել
Դասական երաժշտության լսարանը 1 տոկոս է կազմում գոյություն ունեցող երաժշտական ուղղությունների կազմում, իսկ մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին ու զվարճանքին: Դա է գերադասում մարդկությունը. կնճռոտ հարցերը, կեցության լուրջ խնդիրները, որոնցով զբաղվել է դասական երաժշտությունը` Բախը, Բեթհովենը, մարդիկ ուզում են շրջանցել, ուզում են հեշտ ապրել: Իսկ երաժշտությունը, որը տարածված էր, մի ժամանակ այնքան արհամարհված էր դասականի վարպետների կողմից, որ այն երաժշտություն չէր էլ համարվում: Պետք է ուղղակի հասկանալ` ով ինչն է իր համար հաճույք համարում` մտքի աշխատանքը, Բեթհովենի գործերով ապրելը… Իսկ էստրադային երաժշտության սիմետրիկ բախումը` մեկ-երկու, մեկ-երկու, միշտ նույնն է, բայց լսողը նարկոտիկի պես դրա կարիքն ունի, նա իրեն այնտեղ ապահով է զգում: Մարդը սովորել է այդ ռեգուլյար ռիթմին, բայց դասական երաժշտության մեջ միայն ռեգուլյար ռիթմը չէ միայն: