կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 16:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեխովի անվան դպրոցում բոյկոտ է․ տնօրենի ժպ են բերում Ավինյանի ընկերոջ կնոջը

Չեխովի անվան համար 55 դպրոցում այսօր կատարյալ իրարանցում էր: Դպրոցի սաները, ծնողներն ու ուսուցչական անձնակազմը ոտքի են ելել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի ժպ Տաթեւիկ Մելքոնյանի: Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղիղ հրամանով որոշում է կայացվել Մելքոնյանին հեռացնել աշխատանքից, նրա փոխարեն տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանին, որը, ինչպես նշում են դպրոցի ուսուցիչները, ՔՊ-ական Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։ 

Ի դեպ, Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ Երեւանի քաղաքապետ․ ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, իրենց թեկնածուն է։ ՔՊ-ականների ոճն է՝ ՏԻՄ ընտրություններից առաջ դպրոցի տնօրեններ են փոխում, առհասարակ, բոլոր վարչական լծակներում «իրենց» մարդկանց են նշանակում, որ ստրկացնեն ու ծառայեցնեն իրենց շահերին։

Դպրոցի տնօրենի ժպ Տաթեւիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 15-ին, երբ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պայմանագրի ժամկետը լրացավ, եւ նա հեռացավ պաշտոնից, Երեւանի այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը դպրոցի ժպ նշանակեց դպրոցի փոխտնօրենին՝ մինչեւ մրցույթով հաղթող ճանաչված թեկնածուի ընտրվելը:

Տնօրենի ընտրության մեկ մրցույթ արդեն կայացել է, եւ տնօրեն չի ընտրվել, քանի որ 9 հոգանոց խորհրդի կազմից միայն ծնողերի, մանկավարժների եւ ԿԳՄՍ-ի ձայներն են տրվել Տաթեւիկ Մելքոնյանին, քաղաքապետարանը ընտրել է Դիանա Մինասյանին՝ Ավինյանի ընկերոջ կնոջը:

Մելքոնյանը շեշտում է՝ Մինասյանը հանրակրթական դպրոցում որեւէ օր, ժամ չի աշխատել: «Շատ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուրին, ով ստացել է հավաստագիր, որով կարող է դառնալ տնօրեն: Ես արդեն երկրորդն եմ ստանում: 17 տարի է՝ այս դպրոցում եմ աշխատում, փոխտնօրենն եմ։ Վաղը պետք է կայանա խորհրդի նիստը, որի ժամանակ իրենք պետք է քվեարկեն: Այսօր լիազոր մարմնից՝ քաղաքապետարանից, զանգահարում եւ ասում են՝ տիկի՛ն Մելքոնյան, որեւիցե փաստաթուղթ չստորագրեք: Հարցրի՝ պաշտոնակատարի փոփոխությո՞ւն է եղել, ասացին՝ այո»,-պատմեց նա:

Դպրոցի ուսուցիչներից Նարինե Աբրահամյանն ասաց, որ ամբողջ կոլեկտիվը վրոդվված է՝ ուզում են հասկանալ՝ ի՞նչ տրամաբանությամբ եւ ի՞նչ պատճառներով են Մելքոնյանին ազատում, ունե՞ն հիմքեր, թող ասեն։ Բերում են մեկին, որը դպրոցի հետ կապ չունի, փոխարենը կապ ունի իշխանության հետ։

«Նշանակել են մի մարդու, որն ամբողջ կոլեկտիվի կողմից գեթ մեկ ձայն չի ստացել։ Ինչի՞ համար ենք մենք արդեն երրորդ անգամ մասնակցում տնօրենի ընտրություններին, երբ մեր կարծիքը, միեւնույն է, հաշվի չի առնվում։ Դիանա Մինասյանի ամուսինը Տիգրան Ավինյանի դասընկերն է, եւ արդեն տրամաբանական կապը պարզ է։ Երկու քայլ հետո ընտրություններ են, եւ մենք գիտենք, որ Ավինյանը քաղաքապետի պաշտոնին է հավակնում»,- ընդգծեց նա։

Դպրոցում մեկնարկած բողոքի ակցիան տեղափոխվեց քաղաքապետարանի շենքի առջեւ։ Մոտ հարյուր երեխա էր մասնակցում, որոնք վանկարկում էին՝ «Մեքոնյան, Մելքոնյան»։ Մինչ ուսուցիչների 10 հոգանոց խումբը քաղաքապետարանում քննարկում էր տնօրենի ընտրության հարցը, բակում երեխաներին մոտեցավ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Երեխաների եւ փոխքաղաքապետի միջեւ միջադեպ տեղի ունեցավ։

Մանրամասն դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան