Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 18:21
Հասարակություն

«Ամենաանխիղճ ձեւով կպնում են մեր գրպանին». ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ակցիաները շարունակվում են

«Ամենաանխիղճ ձեւով կպնում են մեր գրպանին». ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ակցիաները շարունակվում են

Վաղն ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս կգան փողոց։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում: Այս անգամ ակցիային մասնակցելու են ավելի մեծ թվով վարորդներ․ Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ պայքարող ակտիվիստ Արտուշ Մաթեւոսյանը։

«Նախորդ բողոքի ակցիային միացել էր 100-ից ավելի քաղաքացի, այս ակցիային ավելի շատ կլինեն: Բոլորն էլ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել՝ արդյունք ունենալու համար: Մեզ քննադատում են, թե՝ լույսը, գազը, ջուրը թանկանում է, ինչո՞ւ չեք բողոքում: Այս պահին մեր ռեսուրսները ներում են, որ պայքարենք կոնկրետ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ: Մեր պայքարը ապաքաղաքական է, մի կողմ եմ դրել իմ քաղաքական հայացքները, որքան էլ, որ դժվար է: Սա սոցիալական խնդրի մասին բոյկոտ է, բոլորիս կենսական հարցն է, կպնում են մեր գրպանին ամենաանխիղճ ձեւով, տրամաբանությունից դուրս է»,- ասաց նա:

Բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացման ձգտում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Մաթեւոսյանը ԱՊՊԱ-ի թանկացման այս հիմնավորումներն անհիմն է համարում:

«Այսօր բյուրոն հայտարարում է, որ բոլոր ԱՊՊԱ կազմակերպությունները աշխատում են վնասով։ Խոսում են լուրջ վնասի մասին, զուգահեռաբար՝ զեղչ են առաջարկում: Տրամաբանությունից դուրս է, ո՞նց կարելի է՝ վնասով աշխատող կառույցը մի բան էլ զեղչ տրամադրի։ Իմ բակում կանգնած եւ չշահագործվող մեքենան պարտավոր եմ ապահովագրել, այստեղ էլ չկա տրամաբանություն, նախկինում այդպես չի եղել: Իմ հարազատներից մեկի մեքենան արդեն երկու ամիս է՝ բակում կայանված է, կայանված վիճակում խփել են, վթարվել է, ու մինչեւ օրս փոխհատուցում չի տրվել: Մինչեւ ԱՊՊԱ-ն որոշում չի կայացնում՝ սեփականատերն իրավունք չունի թեկուզ եւ իր ուժերով վերանորոգելու․ այդ դեպքում ԱՊՊԱ-ն լիարժեք մերժում կտա: Մարդը հիմա զրկվել է ապրուստը վաստակելու միջոցից՝ մեքենայից: Այնքան բարձիթողի վիճակ է: Այդքանով հանդերձ՝ ասում են՝ գինը բարձրացնենք, սկսենք լավ աշխատել։ Ո՛չ, եղբա՛յր, դու փորձի լավ աշխատել, արդյունք ցույց տալ, որ հասարակությունը հասկանա՝ սայլը տեղից շարժվում է»,- նշեց նա:

Զրուցակիցս շեշտում է՝ թանկացում է բոլոր ոլորտներում, անդրադառնում է բենզինի թանկացման պատճառահետեւանքային խնդրին։ «Գիտենք, որ Սյունիքի մարզի՝ թշնամու կողմից օկուպացված տարածքում ադրբեջանական կողմը բենզալցակայան է կառուցել: Իմ կարծիքով՝ բենզինի թանկացումն ավելի խորն է, քան պատկերացնում ենք, եւ գալիս է հենց այս իրողությունից: Ես կարծում եմ, որ ադրբեջանական բենզալցակայանից հայերը բենզին են առնում, նույնիսկ չեմ զարմանա, որ այդ ճամփով անցնելիս այնտեղ կանգնած հայկական մեքենա տեսնեմ՝ բենզին լիցքավորելիս»,- նշեց նա:

Մաթեւոսյանն ասաց, որ ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ բողոքի հասցեատերը տնտեսվարողներն են, քանի որ իշխանությունից առանձնապես ակնկալիքներ չունեն։ «Ես եւ իմ ընկերները մեծ ակնկալիքներ ունենք տնտեսավարողներից, դառը փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկի»,- ընդգծեց նա:

Վաղը կայանալիք ակցիան, ըստ Մաթեւոսյանի, ոստիկանության կողմից վերահսկվելու է, ակնկալում է, որ այն ավելի մասշտաբային է լինելու։ «Եթե վաղվա միջոցառումից հետո էլ շոշափելի, որոշիչ արդյունք չունեցանք, թող բոլորը վստահ լինեն, որ շարունակական է լինելու, այս անգամ արդեն գնալու ենք ԱՊՊԱ բյուրոյի շենքի մոտ»,- ասաց նա։

Լիանա Սարգսյան