կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 17:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ պահանջեմ էկոնոմիկայի նախարարից, որը «պրոբկան» համարում ա տնտեսական աճ․ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ պայքարող քաղաքացի

Մի ժողովրդական խոսք կա՝ «ձուկը գլխից է նեխում», հիմա այդ վիճակն է։ Այս պահին Կենտրոնական բանկի մոտ ենք հավաքվել՝ բանկի ղեկավարությանը մեր բողոքը հասցնելու, բայց մեր հաջորդ բողոքի վայրը լինելու է ԱՊՊԱ բյուրոն։ Փորձելու ենք չեղարկման հասցնել այս հիմար ու անօրինական որոշումը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝  ասաց ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ պայքարող ակտիվիստ Արտուշ Մաթեւոսյանը։

Քաղաքացին գործող վարչախմբի հետ հույսեր չի կապում, ասում է՝ դառը փորձը ցույց է տալիս, որ մարդկանց ձայնը տեղ չի հասնում։ «Որպես քաղաքացի՝ որքան ուզում է՝ գրես, պահանջես, ականջալուր չեն լինելու ու չեն էլ եղել։ Հիշեցրե՛ք ինձ մի դեպք, երբ քաղաքացիները ինչ-որ մի հարցով կառավարական շենքի առջեւ հավաքվել են, եւ կառավարության անդամներից մեկը իջել ու տրամաբանական, լուրջ պատասխան է տվել։ Ի՞նչ պահանջեմ էկոնոմիկայի նախարարից, որը քաղաքի «պրոբկան» ասում ա՝ տնտեսական աճ։ Ես չեմ տեսնում դրա մեջ տրամաբանություն։ Մեզ մտցրել են 1 լիտրանոց շշի մեջ ու բերանը փակել, որ շնչել չլինի։ Չենք ուզում անկարգության տանել այս ամենը, բայց ոնց տեսնում ենք՝ անում են ամեն ինչ, որ բանը հասնի դրան»,- ասաց նա։

Նշենք, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:

Վարորդները երթով Բրազիլիայի հրապարակից եկան Կենտրոնական բանկի առջեւ՝ նշելով, որ իրենց բողոքն ուղղված է բանկի ղեկավարությանը։ Ակցիային միացած վարորդները պահանջում էին հանդիպում ԿԲ-ի պատկան մարմինների հետ, սակայն ոստիկանությունը հորդորեց պահանջը ձեւակերպել գրավոր։ Ապա, ի նշան բողոքի, վարորդները 5-6 րոպե ազդանշան տվեցին ԿԲ–ի դիմաց եւ երթով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրոյի շենք։

Հիշեցնենք, որ բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Սակայն, վարորդները այս հիմնավորումները անհիմն են համարում։

Լիանա Սարգսյան