կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 16:35
Քաղաքական

Ավելի մեծ ակցիաներ են լինելու․ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողները խոստանում են հանգիստ չտալ չինովնիկներին

«Լավ նորություն» տաքսու վարորդներին, որոնց ասել են, թե ԱՊՊԱ-ն էժանանում է, սակայն հակառակն է տեղի ունենում․ Ապահովագրական բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը։

«Տաքսիստներին կրկնակի են խաբել։ ԱԺ-ում պարզեցինք։ Մարդիկ նախորդ տարի սեզոնային տաքսի են վարել, պայմանագրի ժամկետը լրացել է, նոր սովորական, ոչ տաքսիի պայմանագիր կնքել չի ստացվում, ասում են՝ ինչ-որ անցումային փուլում են։ Ստիպված են էլի տաքսու ԱՊՊԱ կնքել, ինչը թանկ է։ Ու այս մարդկանց թիվը մեծ է։ Բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում, որ ոչ թե էժանացել է, այլ թանկացել»,- ասաց Խաչատուրովը։

Նա նշեց, որ այս ակցիայից հետո բյուրոյին հանգիստ են թողնելու, արդեն անցնելու են ավելի մեծ ակցիաների:

«Էն մարդկանց ու չինովնիկներին, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ Ապահովագրական բյուրոյի ու, հատկապես, Կենտրոնական բանկի վրա, բայց իրենց տաքուկ կաբինետներում նստած են, սկսելու ենք անհանգստացնել»,- նշեց նա:

Խաչատուրովի խոսքով՝ ԱՊՊԱ կազմակերպություններն այս քայլին ստիպված են գնում, որովհետև մեծ վճարներ են վճարում բյուրոյի ծախսերի համար: «Մենք կողմնակից ենք, որ ԱՊՊԱ-ները նորմալ շահույթով աշխատեն՝ ո՛չ մինիմալ, ո՛չ էլ գերշահույթով, բայց մենք մատնացույց ենք անում, ասում ենք՝ գնացեք, ձեր ծախսային կրճատումները արեք, որից հետո ինչ կմնա, բերեք՝ վարորդների վզին փաթաթեք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։