Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս որոշումով քաղաքապետարանը ոչ այնքան թենիսի ակումբին ու այս մարզաձեւի սիրահարներին է կպնում, ինչքան ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարություններին։ Ամբողջ աշխարհում դա ստանդարդ է, դրական ցուցանիշ, որ քաղաքի այգիներում թենիս կորտեր լինեն եւ ամենավառ օրինակը՝ Նյու Յորքի Սենթրալ Պարկն է, որում 36 կորտ կա եւ այն աշխարհի թոփ 10 այգիներրի ցանկում է։ Իսկ մեզ մոտ փոխանակ ավելացնեն կորտերի թիվը, զարգացնեն այդ մարզաձեւը ու տարածեն առողջ ապրեկակերպը, որոշել են քանդել թենիսի կորտերը։ Չեն էլ խոսում, թե որտեղ են պատրաստվում նորը կառուցել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց թենիսի սպորտի վարպետ, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Միրո Սարգսյանը։
«Այդ ակումբը 1956 թվականից է աշխատում։ Բազում տեղական ու միջազգային մրցումներ են այդտեղ տեղի ունեցել։ Թենիսի միջազգային ֆեդերացիան եթե իմանա նման որոշման մասին, ուղղակի խայտառակություն կլինի Հայաստանի համար։ Այս քայլը բացասական հետեւանքներ կարող է ունենալ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների համար։ Կենտրոնի բնակիչներն օգտվում են այդ հնարավորությունից եւ այդտեղ թենիս են խաղում։ Եթե ասում են՝ գերակա շահ է, ուրեմն պետք է ուրիշ հարմար տեղ գտնեն Կենտրոնում, որն հասանելի կլինի հանրությանը եւ նոր կորտ կառուցեն» ,-ասաց Սարգսյանը։
Երիտասարդ մարզիկը նաեւ ուշադրություն հրավիրեց այգիներում սրճարանների ու ռեստորանների հանրագումարին՝ մակերեսով, որն ահռելի մեծ թիվ է կազմում։ «Ինձ չի թվում, որ թենիսի կորտի 8-10 հազար քմ-ը խանգարում է եւ գերակա շահ է հանդիսանում հանրությանը»։
Նա ընդգծեց, որ Կովիդ-19-ից հետո գիտականորեն ապացուցվեց, որ թենիսը ամենաանվտանգ մարզաձեւն է։ «Կողմերի միջեւ բավական մեծ ֆիզիկական հեռավորություն կա։ Բացօթյա է։ Եվ եթե նորից պանդեմիա սկսվի ու մարզադահլիճները փակվեն, ապա թենիսն այն սպորտներից է, որ մարդիկ կարող են հանգիստ զբաղվել դրանով»։
Հիշեցնենք՝ օրերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածը կվերակառուցվի։ «Այդ տարածքը կառուցապատված է խառը եւ նախագծով առաջարկվում է այգին վերականգնել։ Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք, օղակաձեւ այգու տրամաբանությամբ՝ թենիսի կորտեր չպետք է լինեին ու այգին պետք է լիներ այգի։ Հետեւաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երեւանցիներին»,- ասել է նա՝ հանձնարարելով ավելի արագացնել կառավարության որոշման նախագծի պատրաստումը։
Մեղրի Ղուկասյան