Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը նոր ելք է գտել՝ տնտեսվարողների գործը ավելի բարդացնելու համար։ Գնումների մասին օրենքում որոշել է փոփոխություններ անել ֆինանսների նախարարության գլխավորությամբ, որը, փաստաբանի խոսքով, կբերի տենդերների ոլորտի հիմնահատակ տապալմանը՝ չհաշված այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք բխում են օրենքի փոփոխությունից։
«Փոխվում է գնման համակարգը հիմնահատակ․ այժմ գործող կարգավորմամբ՝ բողոքարկումն արվում է այսպես․ եթե ընկերությունները դժգոհ են գնման ընթացակարգից, պատվիրատուի որոշումներից, գտնում են, որ հրավերը խտրական է, հնարավորություն ունեն իրականացնելու իրենց խախտված իրավունքի պաշտպանություն 2 եղանակով՝ արտադատական եւ դատական։ Ինչպես նաեւ, սկզբից դիմել արտադատական պաշտպանության, որոշումից դժգոհ մնալու դեպքում՝ դիմել դատարան։ Բավականին լուրջ այլընտրանք է։ Արտադատական մարմինը կոչվում է բողոքներ քննող անձ, գնումների օրենքով սա անկախ մարմին է, որի նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է ֆինանսների նախարարությունը։ Ընկերությունները դիմում են այս մարմնին՝ բողոքի քննություն ստանալու համար։ Բողոքը քննվում է 20 օրացուցային օրվա ընթացքում, պետտուրքը հավասար է 30 հազար դրամի։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ բողոքարկման ընթացքը շատ պարզ եւ մատչելի է, որ ընկերությունների մեծ մասը այս բողոքարկումից օգտվում է առանց իրավաբանների, առավել եւս՝ փաստաբանների։ Իսկ ներկայիս փոփոխություններով առաջարկվում է արտադատական համակարգը ընդհանրապես վերացնել․ այսինքն անձը, որպեսզի կարողանա իր խախտված իրավունքները պետական գնումների ոլորտում վիճարկել, ստիպված է լինելու գնալ դատարան։ Այստեղ մի քանի վտանգ կա․ ոչ մի տնտեսվարող իր սեփական միջոցներով, ուժերով ի վիճակի չէ հայց գրել, հայցի փաթեթ նախապատրաստել եւ ներկայացնել դատարան։ Դրանով կարող է զբաղվել միայն պրոֆեսիոնալ փաստաբանը, որը մասնագիտացել է գնումների գործընթացում։ Սրանով ընկերություններին դնում են ծանր ֆինանսական բեռի տակ, քանի որ ստիպված են լինելու կրել դատական ծախսեր եւ վարձել փաստաբան»,-Yerkir.am-ին ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, «Գնումների աջակցման կենտրոնի» հիմնադիր Հասմիկ Ենգոյանը։
Փաստաբանի խոսքով՝ քաղաքացին հիմա երկու հնարավորություն ունի․ առաջինը՝ դատական քաշքշուկի մեջ եւ ձգձգվող դատական պրոցեսներում չի հայտնում շնորհիվ արտադատական մարմնի, չի կրում ֆինանսական ծախսեր, մինչդեռ այս իշխանությունը օրենքի փոփոխություններով ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնեցնում տնտեսվարողներին։
«Նախագծով նախատեսված են նաեւ սարսափելի բարձր պետական տուրքեր։ Մենք կունենանք բողոքարկման թվի լուրջ անկում։ Գործող կարգավորմամբ դատարան դիմելու դեպքում, երբ ոչ գույքային պահանջ ես ներկայացնում, վճարել ենք պետական տուրք ընդամենը 4000 դրամ։ Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն է արվել, հոկտեմբերի 19-ից 4 000-ը դառնում է 20 000։ Նախագծով նախատեսվում է գնման՝ տենդերի գնի 1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամ։ Հիմա, պատկերացրեք, մենք ունենք 1-միլիարդանոց մրցույթ, որի շրջանակում վիճարկում ենք մեր հայտը մերժելը․ ասենք երրորդ տեղում ենք։ Ստացվում է՝ իմ խախտումը վերականգնելու եւ պատվիրատուին պատժելու համար, քանի որ ոչ իրավաչափ է իմ հայտը մերժել, ես պետական տուրք պիտի մուծեմ 10 միլիոն դրամ։ Հարց է առաջանում՝ ընկերությունն արդյո՞ք նման պետական տուրքի պարագայում կդիմի դատարան։ Իմ համոզմամբ՝ չի դիմելու, որովհետեւ մի կողմից՝ փաստաբանի ծախս, մյուս կողմից՝ բավականին լուրջ պետական տուրք, կա նաեւ կոռուպցիոն ռիսկ․ արդյո՞ք մենք կկարողանանք ապահովել դատարանի անկաշկանդությունը եւ անաչառությունը էն գործում, որտեղ հայցվորը մուծել է 10 միլիոն պետտուրք։ Արդյո՞ք դատարանն այս պարագայում այլ ակնկալիք չի ունենալու հայցվորից։ Չեմ խոսում ընդհանուր դատական համակարգի մասին, բայց գայթակղությունը շատ մեծ է»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նկատեց Հասմիկ Ենգոյանը։
Բացի դրանից, կարծում է փաստաբանը, խնամի-ծանոթ-բարեկամի գործոնն էլ կա․ պետությունը կարող է իշխանավորի մերձավորից գնում կատարել, մրցույթի մյուս մասնակիցներին թողնել հետին պլանում, իսկ, այսպես ասած, պարտվածը գործը վիճարկի դատարանում՝ ծախսելով ահռելի փողեր։
Մանրամասն՝ տեսանյութում