Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Երբ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա, սա նշանակում է՝ Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն՝ իր գյուղերով»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը և շարունակում՝ փաշինյանական նախաձեռնությունների աղետն ու դրանց հնարավոր հետևանքների մոտալուտ վտանգը մենք օրեր առաջ տեսանք՝ Տեղ, Հանդ համայնքներում և խնդիրների շարքը միայն այս բնակավայրերով չեն ավարտվելու։
«Սա նշանակում է նաև Ադրբեջանին տալ Տավուշի մարզից զգալի հատված,
Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի 70 բնակավայր դնել գոյաբանական վտանգի տակ, մասնավորապես,
մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու (նետրալկայի) վերածվել կամ ամբողջությամբ թշնամուն տալ ներկայումս առաջնագծից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 34 բնակավայր՝ Սյունիքում՝ Ներքին Հանդը, Ճակատենը, Գեղանուշը, Գոմարանը, Կապանը, Սյունիքը, Դիցմայրին, Դավիթ Բեկը, Ձորակը, Վանանդը, Շուռնուխը,
Որոտանը, Այգեձորը, Ներքին Խնձորեսկը, Կոռնիձորը, Արավուսը, Խնացախը, Խոզնավարը, Վայոց Ձորում՝ Բարձրունին, Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը,
Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին
Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը բնակավայրերը»։
Անվտանգային հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը շարունակում է՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերի հետ քաշումը մասամբ չեզոք գոտու է վերածելու կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ է դնելու ներկայումս առաջնագծից մինչև 1-2․5 կմ հեռավորության վրա գտնվող 36 բնակավայր՝ Սյունիքում՝ Սրաշենը, Շիկահողը, Ագարակը, Խդրանցը, Եղվարդը, Ուժանիսը, Նոր Առաջաձորը, Կաղնուտը, Կարմրաքարը, Տեղը, Վաղատուրը, Վայոց Ձորում՝ Նոր Ազնաբերդը, Խնձորուտը, Խաչիկը, Ամաղուն, Արենին, Չիվան, Ելփին, Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը, Գեղարքունիքում՝ Վահանը, Ճամբարակը։ Հաշվի առնելով որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու 2021-2022 թթ․ ՀՀ, այդ թվում՝ Գեղարքունիքից օկուպացված հատվածներից, նշված երկու բնակավայրերին կարելի է ավելացնել նաև Կութը, Ներքին Շորժան և Վերին Շորժան։ Տավուշում վտանգվելու է՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։
Այն, որ թուրք – ադրբեջանական տանդեմը Հայաստանի վերջնական կործանման է ձգտում, նորություն չէ, ասում է Ալվինա Աղաբաբյանը և հավելում՝այս նպատակին ուղղված գործողությունները, ըստ ժամանակի, կարողության ու հնարավորությունների իրականացվում են։ Շարունակելով թվարկել 1991 թվականի սահմանային գծի երկայնքով զորքերի հետ քաշման՝ Փաշինյանի հայտարարության աղետալի հետևանքների թեման, բանախոսը նշում է. «Սա նշանակում է նաև Ադրբեջանին տալ կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո, հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարել մեր առաջնագիծը և ստեղծել հսկայական անվտանգային նոր խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2020-2023 թթ․-ին։ Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ կամ Ադրբեջանի կողմից ռազմակալմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Երևան և Արարատյան դաշտ, ինչպես նաև նրանց հարակից տասնյակ գյուղերը մատնել աստիճանական և ամբողջական հայաթափման ու կորստի»։
Խոսելով սահմանին ծառայություն իրականացնող բանակայիններին սահմանապահներով փոխարինելու իշխանությունների հերթական նախաձեռնության վտանգների մասին, Ալվինա Աղաբաբյանը նշում է՝ անկասկած վտանգներն ակնհայտ և մեծ են. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սահմանապահներն օժտված չեն այն լիզորություններով և հնարավորություններով, ինչն ունի բանակը։ Հետևաբար, երբ դու բանակդ հետ ես քաշում և փոխարինում նրանց սահմանապահներով, ըստ էության, որոշակիորեն, թուլացնում ես քո իսկ առաջնագիծը։ Եվ, եթե հաշվի ես առնում, որ դիմացդ քո թշնամին է, այլ ոչ թե քեզ հետ խաղաղ համակեցության պատրաստ հարևան, ապա հետևանքներն, արդեն իսկ, պարզ են դառնում»։
Անվտանգության հարցերով փորձագետը նշում է՝ մեզ մոտ, կարծես, սահմանազատման և սահմանագծման իմիտացիա է ստեղծվել՝ ինչ – որ հանձնաժողովներ կան, հանդիպում, քննարկումներ են տեղի ունենում, բայց, փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ մեր հողի վրա թշնամու Զինված ուժերը հստակ կերպով դելիմիտացա, դեմարկացա են իրականացնում, գալով և անարգելք հաստատվելով իրենց ցանկացած հատվածներում։ Դրա վառ օրինակը մենք տեսանք օրեր առաջ՝ Տեղ գյուղում, բայց սա միայն Սյունքիով չի սահմանափակվում։
Ալվինա Աղաբաբյանը նկատում է՝ հնարավոր է, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին պաշտոնապես, այդպես էլ որևէ կերպ չհայտարարվի, այսինքն, պրոցեսը տեղի ունենա այնպես, ինչպես որ տեսնում եք՝ սահմանային միջադեպերով, սադրանքներով և այլն։ Վտանգն այստեղ, ըստ մասնագետի, հետևյալն է. «Չի բացառվում մի գեղեցիկ օր իշխանությունը մեզ մի թղթի կտոր ցույց տա և հայտարարի, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան արդեն կատարված է, և մեզ փաստի առաջ կանգնացնի, իսկ երբ, արդեն, փաստի առաջ ես, այլևս ոչինչ հնարավոր չի լինի անելու։ Թե ի՞նչ սահմաններ կունենա Հայաստանն՝ անհասկանալի այս գործարքի արդյունքում, արդեն նշվեց»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթն, արդեն իսկ, ստորագրված է, պարզապես, այդ մասին քաղաքացիները տեղյակ չեն, ինչի հիման վրա էլ՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անարգելք և անխոչընդոտ գալիս և տեղավորվում է այնտեղ, որտեղ ցանկանում է, Ալվինա Աղաբաբյանը նշում է՝ այդ մասին ինքը տեղյակ չէ, սակայն ոչինչ չի բացառում։
Ամփոփելով զրույցը, բանախոսը նկատում է՝ ռազմական գործողություններ ՀՀ սահմաններին ցանկացած պահին կարող են տեղի ունենալ, ոչինչ բացառել պետք չէ. «Թշնամու կուտակումները, նրա ռազմաքաղաքական հռետորաբանությունը հենց այդ մասին է վկայում։ Պարզապես, սրան պետք է պատրաստ լինել, սակայն, նման ցանկություն, անգամ, հայկական կողմից չի նկատվում։ Հայկական բանակն, անգամ, այն վիճակում, որում հայտնվել է, դեռևս ի վիճակի է շատ ռազմական խնդիրներ կատարելու, սակայն, հարցը հետևյալում է՝ արդյո՞ք այդ խնդիրներն իր առջև կդրվեն, թե՞ ոչ։ Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում, ցավալիորեն, տանում են երկրորդ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման, այս անգամ, արդեն, Հայաստանի կապիտուլացիան, ինչն, անխուսափելիորեն, երկիրը կկանգնեցնեցնի անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետների առաջ»,-ասում է անվտանգային հարցերով փորձագետը։