Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ապրիլի 23-ին` օրվա երկրորդ կեսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ:
«Գիտեք, որ սրբադասումը բացառիկ երևույթ է: Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի սրբադասման կարգ, բայց երկար տարիների ընթացքում չի կատարվել սրբադասման կարգ: Այս սրբադասումը չափազանց կարևոր նշանակություն ունի նաև 100-րդ տարելիցի հոգևոր և բարոյական հենքը ձևավորելու, հիշողության հենքը ուժեղացնելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, Երևանի քաղաքապետարանը կազմակերպելու է հանրային տրանսպորտ Երևանից դեպի Էջմիածին և վերադարձ Երևան:
«Մասնավոր մեքենաներով մենք հորդորում ենք չգնալ Էջմիածին, որովհետև դրանցով երթևեկելն ու կայանելը լինելու է խիստ սահմանափակ, որովհետև մեր համաքաղաքացիները, եթե անգամ մասնավոր մեքենաներով հասնեն Էջմիածին, շատ երկար ոտքով քայլելու խնդիր են ունենալու, հետևաբար, առաջարկում ենք ավելի շատ օգտվել այն տրանսպորտից, որը տրամադրելու է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այն քաղաքացիները, ովքեր կցանկանան այդ օրը Էջմիածնից վերադառնալ ու մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք` Sisitem of down խմբի համերգին, ապա չեն հասցնի մասնակցել այդ համերգին, քանի որ Էջմիածնում սրբադասման կարգի միջոցառումը կավարտվի 19:30-ին, իսկ Հանրապետության հրապարակում համերգը կսկսվի 20:30-ին: Բայց մուտքը հրապարակ թեև լինելու է անվճար, բայց` խիստ սահմանափակ` միայն Շահումյան հրապարակում տեղադրված հատուկ դարպասներով, և 50 հազար մարդ հանրապետության հրապարակում հավաքվելուց հետո այդ մուտքը փակվելու է` անվտանգության խնդիրներից ելնելով:
«Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանալու են մասնակցել Հանրապետության հրապարակի միջոցառմանը, պետք է հնարավորինս շուտ գան: Հասկանալով, որ կա Էջմիածնում սրբադասման արարողությանը հետեւելու ցանկություն, մենք Հանրապետության հրապարակում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու ենք սրբադասման կարգը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: