Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը քաղաքական որոշում է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ թե' ՀԾԿՀ-ն, թե' ոստիկանները կրակն են ընկել այն քաղաքական որոշումների ձեռքը, որն իրականացնում է քաղաքական ղեկավարությունը: Նրա խոսքով` ցանկացած հարցադրման ժամանակ` լինի գազի, կուտակային օրենքի, արագաչափերի, թե էլեկտրաէներգիայի հետ կապված, քառյակը երբեք չի գնացել կատեգորիկ մերժման, այլ գնացել է այլընտրանքով` առաջարկելով լուծումներ:
«Մենք տեսնում ենք, որ իսկապես մութ գործարքներ կան, որովհետև եթե կարողանանք իսկապես թափանցիկ աուդիտ անցկացնել, ապա հաստատ կկարողանանք խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` մասնագետների հաշվարկում այդ թանկացումը պետք է կազմեր 3-4 տոկոս, պարզապես տարածքը փակ է թափանցիկ աուդիտի համար:
«Քաղաքական ղեկավարությունը ավանդույթ է դարձրել, որ ժամանակ առ ժամանակ փաստի առաջ է կանգնեցնում` ասելով, որ երկիրը պարտքի տակ է` գազի դեպքում հայտարարվեց 300 միլիոն պարտքի մասին, հետո սկսում է վիճարկվել` արդյո՞ք դա պետության պարտքն է, թե՞ դա ինչ-որ մեկի պարտքն է, բայց պետությունը պետք է փակի այդ պարտքը ժողովրդի հաշվին, այսինքն` օրենքներով` հակաօրինական գործարքներ են կատարվում»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ քառյակը չափազանց ուշադիր է այդ հարցերի նկատմամբ, էլեկտրաէներգիայի թանկացումը համակարգաստեղծ է, այսինքն` էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումը 10 տոկոսով թանկացնելու է մեր կյանքը:
«Ցավոք, պետք է արձանագրել, որ այն 3-4 ամիսը, որը պետք է տրվեր իշխանությանը, որպեսզի համարժեք քայլեր ձեռնարկի ու իրավիճակ փոխի, իսկ մենք առաջարկել էինք 12 կետ, իշխանությունները փորձում են օգտվել շոգից ու քաղաքական պաուզայից` պարտադրելով ժողովրդին կուտակային նոր օրենքը և էլեկտրաէներգիայի թանկացումը: Կարծում եմ` քառյակը աշնանը համարժեք պատասխան պետք է տա նման իշխանությանը»,- ասաց պատգամավորը: