Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում, նույնիսկ Ստեփանակերտում երեկոյան զբոսնողները չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել, ինչ վիճակում ենք եւ չեն ուզում պայքարել սրա մեջից դուրս գալու համար։ Շնորհավորում եմ Արցախի անկախության օրը, բայց, ցավոք, մենք երբեք էլ չպատկերացրեցինք՝ ինչ է անկախությունը,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց հադրութցի, «Հանուն Հադրութի» կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ անտարբերությունն է երկիրը հասցրել այս վիճակին։ Այս ամենը, Հայրյանի խոսքով, մեր ուղեղում տիրող անորոշությունից է գալիս։
«Մենք չգիտենք ինչ ենք անում։ Երբ երկրի ղեկավարն ասում է՝ Հայաստանում կան անկլավներ, այդ տարածքները մերը չեն, հայ ազգի մեջ քանի՞ մարդ է ասում, որ էդպես չի։ Երկրի ղեկավարն ասում է՝ ինձ մանդատ են տվել։ Այսինքն երկրի ղեկավարն ասում է, որ իրեն թույլ են տվել այդպես ասել։ Արդյո՞ք մեր հասարակությունը պարսավում է մեր ղեկավարին, որ ասում է Սյունիքը մերը չի։ Մենք 92 թվին քարտեզով ավելի փոքր Արցախ ենք ունեցել, բայց մի տարի հետո ունեցել ենք Մռավից մինչեւ Արաքս, մեր հայրենիքն ենք ունեցել»,-շեշտեց Հայրյանը։
Թե՛ Հադրութի, թե՛ Արցախի, թե՛, ընդհանրապես, Հայաստանի կարգավիճակը, ասում է Հայրյանը, մնալու է անորոշ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարող չկա։
«Մենք ուղիղ ճանապարհով գնում ենք կործանման, եւ Հադրութը պետք է հետ բերվի՝ Երեւանը պահելու համար։ Երասխում, Գեղարքունիքում, Սյունիքում կրակում են, Երեւանում նստած՝ ասում են էստեղ չի հասնի թշնամին։ Եթե պարտվելուց հետո գնաս խաղաղություն խնդրես, մի քիչ-մի քիչ տաս, վաղը էլ տալու բան չի լինելու։ Էսպիսին է վիճակը։ Եթե թշնամին Ղարաբաղը հեշտ կուլ տվեց, ինչո՞ւ պիտի Սյունիքին կամ Երեւանին դեմ լինի։ Մեղավորը Փաշինյանը չէ, որ հայկական տեղանուններն ադրբեջաներեն է ասում, այլ՝ մենք, որ նա դեռ վարչապետ է»,-Yerkir.am-ին ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահը։
Մենք, ասում է Լեւոն Հայրյանը, ոչ թե դժվարությունների դեմն առնում ենք, այլ, հակառակը, փախչում դրանցից։
«Այսպիսի դեպքեր շատ կան․ Ալեքսանդրապոլում անցած դարում թուրքերին աղուհացով դիմավորելը, Կարսը առանց կրակոցի տալը, Արցախի հանձնումը․․․։ Ուզում են ստեղծել խաղաղություն ոչ թե բազկի ուժով, այլ՝ մուրալով։ Ամեն հայ պիտի իր մեջ ամրագրի անկախության երազանքը, պիտի միայն մտածի Հայաստանի եւ հայ ազգի մասին։ Ասեմ ծույլ ենք, ամոթ էլ է։ 90-ականներին հաղթեցինք ու սկսեցինք պահել՝ առանց պետություն կառուցելու մասին մտածելու։ Հիմա պարտվել ենք ու լացում ենք։ Էլի չենք մտածում պետություն կառուցելու մասին։ Պարտությունը չի կարելի ընդունել որպես դատավճիռ։ Պարտվե՞լ ես, պատրաստվիր, որ հաջորդ պատերազմին հաղթես»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Հայրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում