Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինձ Արցախ վերադարձը կգայթակղի միայն այն ժամանակ, երբ այնտեղ սկսվի ազգային-ազատագրական պայքար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Այսպես նա պատասխանեց լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հադրութցիների խնդիրների մասին հարցին ի պատասխան ասում է, որ նրանց համար բնակարանաշինության ծրագիր կա Արցախում․ արդյո՞ք հադրութցիները կարող են վերադառնալ մի վայր, որտեղ օրեր առաջ՝ Մարտակերտում, ադրբեջանցին սպանեց խաղաղ հայ բնակչին։
«Եթե պայքար չկա, եթե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղը վերացրել են, այդպիսի տարածաշրջանային միավոր չկա, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասում է՝ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան, այդպիսին էլ կմնա, ես էլ ասում եմ՝ եթե Արցախին կարգավիճակ չտրվի Հայաստանի կազմում կամ գոնե անկախ, Արցախում հայ չի մնալու»,-ասաց Լևոն Հայրյանը։
Նա վստահեցրեց, որ սոցապնախարարին կամ պաշտպանության նախարարին ևս ինքն ասել է՝ ձեր դեմը մարդ է կանգնած։
«Եթե ուզում եք բնակչություն տանել Արցախ այնտեղ ստեղծեք գրավչություն՝ ինչպես 1992 թ-ին, երբ չնայած էլի պայմաններ չկային, բայց ստեղծեցին պայմաններ, ու 100 տարվա բնիկ երևանցին վեր կացավ՝ գնաց Արցախ, հիմա նորից ձեռնունայն հետ է եկել այս իշխանությունների պատճառով․․․ հիմա մեզ թող բացատրեն՝ ո՞ւր են տանում, ինչո՞ւ են տանում։ Ասում եմ՝ մեզ՝ տեղահանվածներիս, ինչ-որ բան հասնո՞ւմ է, ասում են՝ հասնում է, եթե հասնում է՝ դա իմն է, ինչո՞ւ եք դուք տնօրինում և ասում՝ տունը որտեղ սարքեմ։ Դեմոգրաֆիական հարցերը ամբողջ աշխարհում լուծվում են գրավչություն ստեղծելով»,-ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, թե պայմաններ պետք է ստեղծվեն փախստականների՝ Արցախ վերադարձի համար, Լևոն Հայրյանին մտորելու տեղիք է տվել՝ արդյոք կարո՞ղ են Հադրութում անվտանգություն ապահովել իրենց վերադարձի համար։
«Մինսկի խմբի երեք համանապագահ երկրներն այսօր աշխարհի գերհոզորներն են, եթե նրանք ցանկանան մեզ համար ապահովություն ստեղծել՝ կարող են։ Բայց նրանք չգիտեմ ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով՝ միլիմետր էլ չեն շարժվել այդ ուղղությամբ, արդեն ոչ թե տեղահանվածի հարց են լուծում, այլ տեղում մնացածներն են սպանվում՝ մարդ են սպանել ադրբեջանցիները։ Մեր ժողվոուրդը բոլորն էլ հետ են ուզում գնալ, լացում են մարդիկ հետ գնալու համար, նույնիսկ ասում են՝ եթե տունս վառած էլ լինի, իմ տան դեմը մի օջախ կվառեմ, կապրեմ։ Մինսկի խումբը երաշխիքներ չի տալիս, դա դեռ ոչինչ, բայց որ մեր իշխանությունները, մեր քաղաքական դասը չեն պայքարում․․․ չեմ տեսել՝ որևէ մեկը Ռուսաստանին հարցնի՝ երաշխիք ես տվել, որ տեղահանվածները հետ են գալու, ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»,-ասաց Լևոն Հայրյանը։
Անցյալ անգամ, երբ հադրութցիները ՀՀ կառավարության շենքի առջև էին, նրանց հանդիպել է կառավարության ներկայացուցիչը, նրանք պահանջում են, որ այսօր էլ հանդիպի։
«Նախորդ անգամ ասացին, որ ծրագրում են գոնե սոցիալական օգնություն տրամադրել՝ ֆինանսներ․ որոշել են 25 հազարական դրամ տալ ամսական մեկ շնչին և առաջարկել են մեզ ինչպես պիտի ծախսենք այդ փողը՝ ասում են կոմունալները կմուծեք, տան վարձերը կտաք, ուտել-խմելու հարցերը կլուծեք, մի քիչ էլ հետ կգցեք․․․»,-հեգնեց Լևոն Հայրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․