Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզ ամսական 68 հազար դրամ էին տալիս, երկու ամիս է՝ չենք ստանում։ Հադրութի շրջանի բնակիչների 75 տոկոսն այսօր Հայաստանում է՝ հիմնականում անգործ։ Ստեփանակերտում այսօր բացված է հադրութցիների դպրոց, որտեղ հաճախում է մոտ 300 աշակերտ՝ իրենց ուսուցչական կոլեկտիվով։ Ուսուցիչների մեծ մասը գտնվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում, նրանց մեծ մասը չի աշխատում,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ քարտուղար Արթուր Սարգսյանը։
Իշխանությունները, Սարգսյանի խոսքով, համարյա մեկ տարի անօթեւան այս մարդկանց հույս են տալիս՝ վերադառնալու եք Հադրութ, բայց ոչ մի իրատեսական քայլ չեն անում՝ կացության հարցը մեզ մնացած տարածքներում լուծելու համար։
«Ստեփանակերտում ու մոտիկ բնակավայրերում կառուցում են բնակարաններ հադրութցիների համար, բայց Հայաստանում գտնվող մոտ 7000 հոգին դեռ անորոշության մեջ են։ 4500-5000 մարդ Արցախում է։ 700 հոգի թողել է Հայաստանն ու տեղափոխվել արտերկիր։ Մի մասը ժամանակավոր է գնացել, մի մասը՝ ընտանիքով մշտական բնակության։ Նախորդ տարվա էս ժամանակաշրջանում պետական համակարգում հադրութցի մոտ 2000 աշխատող կար, նրանցից 5-6 տոկոսն է, որ աշխատանքով ապահովված է, հիմնականում Ստեփանակերտում են աշխատում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, իսկ նրանցից Հայաստանում գտնվողների 1-2 տոկոսն է աշխատանք գտել, որովհետեւ դժվար է այսօր այստեղ աշխատանք գտնելը։ Հյուրընկալության վարձ են տալիս անձին 30 հազար դրամ, վերջ»,-Yerkir.am-ին ասաց Սարգսյանը։
Այսօր, ասում է հադրութցին, այստեղից-այնտեղից օգնություններով հազիվ կարողանում են գոյատեւել․ հետոն հայտնի չէ։ Արթուր Սարգսյանը նկատում է՝ հադրութցիներն այնքան էլ ակտիվ չեն, փողոց դուրս չեն գալիս, չեն պայքարում իրենց իրավունքների համար։
«Էն աշխատանքը, որ անում էինք Արցախում, պետությունը հնարավորություն պիտի ստեղծի՝ շարունակենք այստեղ։ Աշխատուժը պետք է օգտագործի կառավարությունը։ Մեծ աշխատուժ կա, էդ մարդիկ պետք է աշխատեն։ Այսպես գնալով՝ մենք կհամակերպվենք նրա հետ, որ մեզ միայն գոյություն է պետք, բայց պետք է ստեղծենք։ Այս առաջարկները մենք մի քանի անգամ ներկայացրել ենք իշխանություններին, իրենք ասում են՝ մենք մտածում ենք, աշխատատեղեր լինելու դեպքում կտեղեկացնենք։ Ստեփանակերտում էլ, ասում են, հադրութցի տեղահանվածների համար տներ են սարքում, բայց մինչեւ այժմ սարքած տուն չկա»,-նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ քարտուղարը։
Արթուր Սարգսյանն առաջարկում է Հայաստանի եւ Արցախի կառավարություններին՝ թեկուզ ցածր տոկոսով բիզնես-վարկ տան, որ մարդիկ կարողանան զրոյից գործ սկսել, թե չէ, ասում է, աչքը գցել օգնության վրա՝ իրենց չի սազում։
«Մարդ կա՝ ասում է ես չեմ ուզում գնալ հետ։ Կա՛մ գնում եմ Հադրութ, կա՛մ Ղարաբաղ չեմ գնում։ Ստեփանակերտում մի քանի անգամ ավելի դժվար է տուն գտնելը, վարձելը, քան Հայաստանում»,-նշեց Սարգսյանը։
Վոլոդյա Հովսեփյան
Մանրամասն՝ տեսանյութում