կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 15:43
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է, ինչպե՞ս թողնենք թշնամու ձեռքին․ հադրութցի կանայք ՄԱԿ-ի գրասենյակի առջև էին

Մենք ուզում ենք, որ մեր Հադրութը մեզ տան, որովհետեւ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. ասում են Հադրութը վերադարձնելու հարցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև  հավաքված հադրութցի կանայք, որոնց ամուսինները, եղբայրներն ու որդիները մինչև այս պահն էլ դեռ Արցախում են։  

«15 հազար բնակիչ որտե՞ղ պիտի ապրի, Հայաստանում հնարավորություն չկա մնալու, անգամ վարձով տուն չենք կարողանում գտնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասում են հադրութցի կանայք՝ շեշտելով, որ ավերակների, վառված տների դեպքում էլ անգամ համաձայն են վերադառնալ. «Թուրքի ոտքը որտեղ մտավ, արդեն հասկանալի է, որ այնտեղ մնալու տեղ չէ, բայց մենք մեր սուրբ հողն ենք ուզում, մեր նախնիների գերեզմանները, մեր տունը, թեկուզ վառված ու մոխրացած»։

Մեզ հետ զրույցում հադրութցի ուսանողուհի Արմինե Ավանյանը, որ նոր էր ընդունվել Շուշիի համալսարան, նշում է, որ այս պահին անորոշ սպասում է հանգուցալուծմանը, քանի որ, Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի համաձայն, ոչ միայն Հադրութն իրենց տունը, այլև իր ուսումն է մնացել այդ որոշումից անորոշ. «Թեկուզ այդ սևացած մոխրի մեջ կվերակառուցենք մեր տունը։ Չենք ուզում, որ այն հողը, որի վրա մեր քաջերի արյունն է թափվել, այդպես հեշտ ու հանգիստ տանք թուրքին»։

Հադրութցի Արմինե Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջում են իրենց իրավունքների պաշտպանություն, քանի որ այն ամենախոշոր կազմակերպությունն է, որը զբաղվում է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: «Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմի մեջ, բայց այս պատերազմում ամենաշատը տուժել է Հադրութը։ Հադրութի խաղաղ բնակչության մեծ մասը, հատկապես՝ տարեց մարդիկ, մնացել են Հադրութում։ Նրանք ասել են՝ մենք մեր գերեզմանները չենք թողնելու, Հադրութից դուրս չենք գալու ու մինչև հիմա նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա։ Օրինակ՝ տեսանյութեր կան, թե ինչպես են խոշտանգում հադրութցիներին, տեսանյութերով տեսել եմ, թե ինչպես են իմ դասարանցի Յուրային  խոշտանգելով սպանում, ինչպե՞ս կարող ենք լռել»,- ասում է Արմինեն։

Հադրութցի կանայք բնորոշում են Հադրութի կարևորությունը. «Եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է, մենք չենք կարող մեր ադամանդե ակը թողնել մեր թշնամու ձեռքին»։

Մանրամասները՝ տեսանյութում: