Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը հանձնելու պայմանագրից հետո առաջին օրը պիտի Հայաստանի սաղ կառավարությունը, սաղ դեպուտատները մեզ նման փախստական դառնային՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հադրութում տունուտեղը կորցրած մի ցուցարար, որը, բարեկամներից երթուղայինի գումար վերցնելով, եկել էր Հանրապետության հրապարակ՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Մեկ է՝ իրենք հեռանալու են, բայց ամեն րոպեն է մեզ համար թանկ։ Ես ժողովրդի կողմից եմ խոսում, ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ժողովուրդը՝ ինքը, պետք է արդեն ջոկի, որ իրենք մենակ իշխանություն են ուզում, թող մեզնից հարցնեն՝ մե՞նք ինչ ենք ուզում։ Ասում են՝ նախկինները թալանել են, բա մե՞զ ով ա թալանել, ոչ մի բան չունենք»,-ասաց ցուցարարը։
Նա Հադրութի առաջին գյուղից է՝ Այգեստանից․ պատերազմի առաջին օրվա առավոտյան ժամը 7-ին հրթիռը խփել է իրենց գյուղին, մտածել են՝ վարժանք է, մերոնք են, բայց հետո երբ շարունակվել է, հասկացել են, որ պատերազմ է։
«Այնքան ցավ եմ ապրում, չի արտահայտվում խոսքով»,-ասաց նա։
Նա վստահ է, որ Հադրութը մնաց անպաշտպան, քանի որ, փաստացիորեն, ոչ մեկը չկազմակերպեց պաշտպանությունը։ Իսկ թուրքերը, որ ճեղքել են Ջաբրայիլն ու Դաշքեսանը, արդեն ճանապարհը բաց է եղել։
«Ես հուսով եմ, որ այն մարդիկ, որ այդ ոճրագործությունը կատարել են, պիտի պատասխան տան մեր ժողովրդի առջև։ Ես ազատամարտիկ տղա եմ, հայրս էլ է զոհվել։ Թուրքին քշել եմ, 30 կմ հայրենիքից հեռացրել ու վստահ եմ եղել, որ մշտական հայրենիք կունենամ։ Տունս առաջին անգամ վառվեց պատերազմում, ուսով կրեցի, բերեցի նորից սարքեցի հայրենի օջախս։ Հիմա առանց ոչ մի բանի մնացի, նույնիսկ բարեկամներիցս փող եմ վերցնում, որ երթուղայինով գամ ցույցի, ա՛յ այսպիսի կացության մեջ ենք մենք»,-ասաց ցուցարարը։
Նա առաջարկեց՝ եթե իրենք պետք չենք այստեղ, իրենց փախստականի թուղթ տան։
«Ես ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս, ես այն տղան եմ, որ Մոսկվայում եմ ելույթներ ունեցել Ելցինի, Սախարովի, Ստարովոյտովայի հետ, եկել եմ այստեղ, հետո գնացել եմ հայրենիքս պաշտպանեմ։ Ուսանող էի այն ժամանակ և 90 թվին ինձ ուղարկեցին Բաքվի բանտը, 11 ամիս ես մնացի Բաքվում։ Դրանից հետո վերադարձա հայրենի հողս մինչև վերջը մնացինք, հիմա ինչի՞ տեր եմ ես, մեկը թող ինձ հարցնի։ Սա ոչ միայն ինձ է վերաբերում, առաջին հերթին վերաբերում է մեր բոլոր արցախցիներին»,-ասաց նա։
Հադրութցի ցուցարարը նշեց, որ մարդիկ կռվել են, չեն հեռացել հայրենի գյուղից, բայց եկան և վստահելով՝ այս հրապարակից մի ավազակախումբը փոխարինեցին մյուսով։
«94 թ-ին հաղթանակած ազգ եք եղել, հազարավորներով հրապարակում գոռացել եք «միացում», մենք տվել ենք այդ հնարավորությունը, որ միանաք, ինչո՞ւ չեք միացրել՝ ինձ համար հարց է առաջանում։ Ինչո՞ւ մեր անկախությունը չեն ճանաչել, ես ամեն ինչը նվիրել եմ իմ հայրենիքին և մահանալու եմ՝ չտեսնելով անկախությունը։ Այլևս այս խայտառակությունը չեմ ուզում տեսնել»,-ասաց հադրութցի ցուցարարը Հանրապետության հրապարակում։
Նա կոչ արեց ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում թուրքերը կգան՝ մեզ ուշքի կբերեն։
Մանրամասն՝ տեսանյութում․